22:46 14 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Արման Պողոսյան
Asatur Yesayants

Պողոսյան. Գազավորված ըմպելիքի ակցիզային հարկի բարձրացումը սոցիալական վատ հետևանք չի ունենա

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
126 0 0

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է գազավորված ըմպելիքի ակցիզային հարկի բարձրացման մասին և վստահեցրել, որ այդ փոփոխության հետևանքով ըմպելիքի գները չեն բարձրանա։

 

Արման Պողոսյանը կարծում է, որ գազավորված ըմպելիքի ակցիզային հարկի բարձրացումը սոցիալական վատ հետևանք չի ունենա։ Նա երկու հիմնական պատճառ է նշում։

«Առաջին` նախ միանշանակ չէ այն պնդումը, որ ակցիզային հարկի գումարի չափով ավելանալու է այդ ապրանքների գները։ Որովհետև երբ անուղղակի հարկային բեռ է բարձրացվում, առաջին փուլում արտադրողները կամ ներմուծողները փորձում են այդ հարկը տեղափոխել գնի մեջ, այնուհետև` սպառողի վրա։ Բայց հաշվի առնելով, որ շուկան մրցակցային է, և հնարավոր է պահանջարկի կրճատում լինի, արտադրողներն ու ներմուծողները մրցակցելու են իրենց մասնաբաժինը պահելու համար։,– ասում է փոխնախարարը:

Նրա խոսքով` ապրանքի գներն այս առումով ամենայն հավանականությամբ չեն բարձրանա այնքան, որքան կբարձրանա ակցիզային հարկը։

«Երկրորդ պատճառն էլ այն է, որ մենք խոսում ենք ոչ առաջնային անհրաժեշտության ապրանքի մասին։ Գազավորված զովացուցիչ ըմպելիքները գուցե օգտագործվում են մեր կենցաղում, բայց սա առաջին անհրաժեշտության ապրանք չէ, որ մտածենք` եթե դրա գները բարձրանան, կհանգեցնի սոցիալական ծանր հետևանքների»,– նշեց Պողոսյանը։

Գազավորված ըմպելիքի ակցիզային հարկի բարձրացման արդյունքում, Ֆինանսների նախարարության հաշվարկների համաձայն, ակնկալվում է, որ տարեկան կտրվածքով պետական բյուջեն կստանա շուրջ 3 միլիարդ դրամ լրացուցիչ ակցիզային հարկ։

Ըստ փոխնախարարի` սկզբում նախագծում նախատեսված է եղել, որ ակցիզային հարկով հարկման օբյեկտ պետք է լինեն այն գազավորված ըմպելիքները, որոնց հարյուր գրամ ծավալում հինգ և ավելի գրամ շաքար կա։ Հետո հաշվի առնելով տարբեր կողմերի հետ քննարկումների արդյունքները, ինչպես նաև այն, որ ոչ բոլոր դեպքերում է հյութերի մակնշման մեջ նշվում շաքարի պարունակությունը, որոշվել է, որ ակցիզային հարկվող օբյեկտ պետք է լինեն բոլոր գազավորված ըմպելիքները, բացառությամբ հանքային ջրերի և ալկոհոլային խմիչքների։ Այս դեպքում էլ հաշվի են առել այն հանգամանքը, որ բոլոր տեսակի գազավորված ըմպելիքները, անկախ շաքարի պարունակությունից, վնասակար են։

Գլխավոր թեմաներ