14:54 13 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.71
  • GBP629.96
  • EUR531.55
  • RUB7.56
Գլաստոնբերի երաժշտության և կատարողական արվեստի փառատոնում (2017թ., Հարավ-Արևմտյան Անգլիա)

Շնորհավորեք տղամարդկանց՝ այսօր նրանց օրն է

© AFP 2018 / OLI SCARFF
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (43)
24220

Եկեք անկեղծ լինենք: Հայաստանցի տղամարդկանց հետ կապված մի շատ մեծ անարդարություն կա։ Տեսեք, կանանց տոնը մենք նշում ենք երկու անգամ, ավելին՝ կանանց միամսյակ ենք սահմանել։ Իսկ ով է հիշում, որ այսօր Տղամարդկանց միջազգային օրն է:

Այո, այո, աշխարհի մոտ 70 երկրներում նոյեմբերի 19-ին նշում են Տղամարդկանց օրը: Իսկ Հայաստանում չեն նշում: Անարդարացի է, բայց մենք այդ անարդարությանը վաղուց արդեն սովոր ենք: Որովհետև կյանքն ընդհանրապես անարդարացի է վարվում տղամարդկանց նկատմամբ:

Սկսենք հենց դպրոցից։

Ըստ վիճակագրության՝ տղաներին դպրոցից 4 անգամ ավելի հաճախ են հեռացնում, քան աղջիկներին:

Մի անգամ Կատալոնիայի մասին նյութ էի անում և հայտնաբերեցի, որ անջատողական այդ երկրամասում շատ գեղեցիկ սովորույթ գոյություն ունի: Դե մենք մարտի 8-ին կանանց սովորաբար ծաղիկներ ենք նվիրում, իսկ Կատալոնիայում շատ ավելի օգտակար ավանդույթ կա՝ ապրիլի 23-ին այնտեղ նույնպես տղամարդիկ կանանց ծաղիկ են նվիրում, իսկ կանայք ի պատասխան՝ տղամարդկանց գիրք են նվիրում: Հասկացա՞ք, թե իմաստն ինչ է՝ քանի որ մեզ դպրոցից 4 անգամ ավելի հաճախ են հեռացնում, կանայք էլ հոգ են տանում, որ գոնե անգրագետ չմնանք:

Ճիշտ է, մենք էլ մեր հերթին ենք կանանց մասին հոգ տանում, այնպես ենք անում, որ քաղաքականությունում և իշխանությունում կանայք հնարավորինս քիչ լինեն:

Հասկանո՞ւմ եք չէ, թե ինչու: Դե բոլորին հայտնի է, որ քաղաքականությունը անդուր բնագավառ է, իսկ իշխանությունը փչացնում է մարդուն: Հենց դրա համար էլ սիրելի կանանց հեռու ենք պահում վատ բաներից, այդ ծանր բեռը մեր ուսերին ենք տանում: Ու լավ է, որ մենք այդպես էլ կին նախագահ չունեցանք։ Վրաստանում կինը նախագահ դարձավ և տեսեք, թե ինչ է կատարվում հիմա այնտեղ։ Բայց այնպես էլ չէ, որ կանանց ընդհանրապես զրկում ենք քաղաքական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից: Ժամանակին՝ 90-ականների կեսերին Հայաստանում նույնիսկ Կանանց կուսակցություն կար՝ Շամիրամ, որը իր պատկառելի խմբակցությունն ուներ խորհրդարանում: Եվ, ի դեպ, այդ հանճարեղ գաղափարի հեղինակը, որքանով գիտեմ, տղամարդ է եղել:

Այո, մենք, իհարկե, տարբեր ենք:

Կինը ապագայի մասին մտածում է, քանի դեռ չի ամուսնացել, տղամարդը՝ ընդհակառակը, սկսում է ապագայի մասին մտածել ամուսնանալուց հետո: Տղամարդը կրկնակի թանկ կվճարի մի բանի համար, որն իրեն շատ պետք է: Կինը կրկնակի էժան կգնի մի բան, որը իրեն բոլորովին պետք չէ: Կգնի միայն այն պատճառով, որ 50 տոկոս զեղչ է: Հաջողության մասին մեր պատկերացումներն էլ են շատ տարբեր:

Տղամարդը իրեն հաջողակ է համարում, եթե կարողանում է ավելի շատ վաստակել, քան կինը ծախսում է: Կինը իրեն հաջողակ է համարում, եթե նման ամուսին է գտնում:

Տղամարդը կարող է ընդհանրապես չհիշել իր թերությունների և սխալների մասին: Եվ դա ճիշտ է՝ ինչու պիտի մի ընտանիքում երկու հոգի հիշեն նույն բանի մասին: Բավական է, որ մեկը հիշի և անընդհատ, պարբերաբար հիշեցնի դրա մասին տղամարդուն:
Վերջապես, երբ տղամարդը և կինը բաժանվում են, նրանց պահվածքն էլ է խիստ տարբեր: Կինը բոլորս գիտենք, թե ինչ է անում՝ մի բոլ արցունքներ, հետո երկար քննարկումներ ընկերուհիների հետ և վերջապես մի բանաստեղծություն է գրում՝ «Բոլոր տղամարդիկ սրիկաներ են» թեմայով ու հանգստանում է: Տղամարդը վեց ամիս շարունակ ձայն չի հանում, հետո մի օր զանգահարում է կնոջն ու ասում.

«Գիտե՞ս չէ, որ ողջ կյանքս կոտրեցիր ու խորտակեցիր… Բայց արի կրկին փորձենք միասին ապրել»:

Ավարտեմ։ Հարգելի տղամարդիկ, համոզված եմ, որ նույնիսկ Տղամարդկանց միջազգային օրվանը նվիրված այս հաղորդումից հետո էլ ոչ ոք մեզ չի շնորհավորելու։ Առաջարկում եմ՝ պարզապես մի տեղ հավաքվենք, նստենք մեզ համար, մի բաժակ սառը գարեջուր խմենք ու շնորհավորենք միմյանց։

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (43)
թեգերը:
Տղամարդկանց միջազգային օր

Գլխավոր թեմաներ