14:39 13 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.71
  • GBP629.96
  • EUR531.55
  • RUB7.56
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ձնահավաք նոր մեքենայի ղեկին (2019 թ., հունվարի, Երևան)
© Photo : official site of Yerevan municipality

Միգուցե ընդօրինակենք Իսլանդիայի՞ փորձը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (42)
17810

Եկեք անկեղծ լինենք։ Եթե իշխանությունները ցանկանում են պահպանել հանրության վստահությունը, առաջին հերթին պետք է այնպես անեն, որ ամեն ինչ թափանցիկ լինի և քաղաքացին զգա, որ իրենից ոչինչ չեն թաքցնում։

Իսկ մենք հանկարծ իմանում ենք, որ կառավարության անդամները ավելացրել են սեփական աշխատավարձները, ընդ որում ահագին են ավելացրել։ Հետո հանկարծ տեղեկանում ենք, որ Երևանի աղբահանության համար նախատեսված մեքենաների մի զգալի մասը ինչ-որ մարդիկ են նվիրել։ Լավ է, որ նվիրել են, բայց երբ այդ փաստը ինձնից թաքցնում են, ինձ մոտ միանգամից կասկած է առաջանում՝ ինչի՞ դիմաց են նվիրել և ինչու են այդ մարդկանց անունները գաղտնի պահվում։ Չէ՞ որ բարի գործ են արել։

Ինչպես անել, որ քաղաքացին համոզված լինի՝ ինձանից ոչինչ չեն թաքցնում, ավելին՝ բոլոր որոշումներն ընդունելիս խորհրդակցում են ինձ հետ և հաշվի են առնում իմ կարծիքը։

Էդպիսի շատ լավ փորձ ունի հյուսիսային փոքրիկ ու գեղեցիկ մի պետություն՝ Իսլանդիան։ Հիմա կասեք՝ բայց ինչպես կարելի է համեմատել։ Այո, տարբերությունն, իհարկե, ակնհայտ է։

Միջին ամսական աշխատավարձը այնտեղ կազմում է մոտ 3500 դոլար. մի զրոն հանեք՝ կստանաք մեր միջին աշխատավարձը։ Մյուս էական տարբերությունն այն է, որ իսլանդացին ազգանուն չունի, իր ազգանունը՝ հայրանունն է։ Այո, այո. եթե ձեր անունն է, օրինակ, Նելսոն, իսկ ձեր հոր անունը՝ Համլետ, ձեր անձնագրում կգրեն՝ Նելսոն Համլետսոն։ 
Սակայն մեր ու Իսլանդիայի ամենամեծ տարբերությունը, երևի, այն է, որ իրենք բանակ չունեն։ Ընդհանրապես։

Մյուս կողմից՝ իսլանդացիները մեզ նման գրասեր են։ Այսօր զարմանքով կարդացի, որ իսլանդացիների տասը տոկոսը իր կյանքի ընթացքում առնվազն մի գիրք է հրատարակում։

Ինձ թվում է՝ մենք այս առումով չենք զիջում, համենայնդեպս տեսնելով, թե ինչպես են իմ ֆեյսբուքյան ընկերներն ամեն օր տեղադրում իրենց բանաստեղծություններն ու պատմվածքները, գալիս եմ այն համոզման, որ մեզ մոտ էլ տասից առնվազն մեկը՝ գրող է։
Եվ վերջապես՝ ոչ պակաս զարմանքով իմացա, որ իսլանդացիների ազգային կերակուրներից մեկը գիտե՞ք որն է։ Չեք հավատա՝ գառան գլուխը: Այո, այո, գյումրեցիների սիրած քյալլան։ Գիտեք՝ կարող եմ էլի զուգահեռներ անցկացնել՝ օրինակ, Իսլանդիան աշխարհի այն եզակի երկրներից է, որտեղ չկա Մաքդոնալդս։ Համաձայնեք, մենք էլ ենք այդ առումով եզակի։ Բայց ախր շեղվեցինք գլխավոր թեմայից՝ ինչպես ապահովել կապը հասարակ քաղաքացու և իշխանության միջև։

2010 թվականի մայրաքաղաքային ընտրություններից առաջ ստեղծվեց «Ավելի լավ Ռեյկյավիկ» համացանցային կայքէջը։ Ծանոթ անուն է, չէ՞։ Բոլորս հիշում ենք հանրապետականների կարգախոսը՝ «Ավելի լավ Երևան»՝ 2013 թվականի մեր ընտրություններում։ Չխորանանք՝ թե ով ումից է ընդօրինակել։

Փաստն այն է, որ մեզ մոտ դա մնաց որպես զուտ կարգախոս, իսկ Ռեյկյավիկի քաղաքապետ Յոն Գնարը դիմեց բնակիչներին շատ կոնկրետ կոչով՝ դուք ինձ առաջարկներ տվեք, ես ամեն ամիս դրանցից կընտրեմ 10 ամենակարևորը և քաղաքապետարանը կֆինանսավորի ձեր գաղափարների կենսագործումը։ Վերջին տարիների ընթացքում այս մոտեցման շնորհիվ կյանքի է կոչվել քաղաքացիների ավելի քան 700 առաջարկ։

Այսինքն, մի կողմից՝ իշխանություններն իրենք են նախաձեռնություն ցուցաբերել՝ հորդորել են քաղաքացիներին ակտիվորեն ներգրավվել քաղաքապետարանի աշխատանքներում, մյուս կողմից՝ մարդիկ շատ կոնկրետ զգում են, որ իրենց ասածն անցնում է, իրենց առաջարկները ոչ միայն հաճույքով ընդունվում են, այլև իրականություն են դառնում։
Հենց ռեյկյավիկցիներից ստացված առաջարկների հիման վրա է քաղաքապետարանը պատկառելի գումար հատկացրել անօթևաններին օգնելու համար, նախկին ջերմաէլեկտրակայանի շենքը վերածվել է Երիտասարդական կենտրոնի։ Բայց ամենահետաքրքիրը։

Ուշադրություն, էսպիսի բան դժվար թե լսած լինեք։ Քաղաքապետարանը առանձնացրել է իր բյուջեի 6 տոկոսը և ասել է մայրաքաղաքի բնակիչներին՝ բյուջեի 94 տոկոսը մենք ենք տնօրինելու մեր հայեցողությամբ, բայց այս 6 տոկոսը դնում ենք ձեր տրամադրության տակ՝ ինչպես կասեք, այնպես էլ կվարվենք այդ գումարի հետ։ Չէ, դուք գոնե պատկերացնո՞ւմ եք՝ մեզ, երևանցիներիս, նման բան ասեին։

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (42)
թեգերը:
բեռնատար, երևանցիներ, Երևան

Գլխավոր թեմաներ