Ավելի լավ է, որ Արևմտյան Եվրոպայի երկրները Ռուսաստանի հետ համագործակցեն, բարեկամություն և առևտուր անեն, համատեղ ծրագրեր զարգացնեն, քան հակառակորդի դերում լինեն: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 2–ից 15–ն անցկացված Sputnik. կարծիք հարցման արդյունքները ցույց են տվել, որ գերմանացիների 84%–ը, իտալացիների 78%–ը, ֆրանսիացիների 75%–ն ու բրիտանացիների 68%–ը դրական են պատասխանել «Արդյոք կուզեի՞ք, որ Եվրամիության ու Ռուսաստանի հարաբերությունները մոտ ապագայում բարելավվեին» հարցին։ Բացասական են պատասխանել Գերմանիայում հարցվածների 10%–ը, Իտալիայում և Ֆրանսիայում հարցվածների 13%–ը և Մեծ Բրիտանիայում անցկացված հարցման մասնակիցների 16%–ը։
«Սա խոսում է այն մասին, որ Արևմտյան Եվրոպայի երկրներում կարող է երբևէ ակտուալ դառնալ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայեցակարգը, ըստ որի՝ ապագան ինքը տեսնում է Եվրոպական Միության և Եվրասիական մեծ ինտեգրացիայի և մեծ տնտեսական տարածքի տեսքով՝ Պորտուգալիայից մինչև Վլադիվոստոկ»,- նշեց Սաֆարյանը:
Նա շեշտեց այն հանգամանքը, որ նույնիսկ 2014թ.-ին սկսված սանկցիաների պատերազմի ժամանակ, որից մեծապես տուժել են ոչ միայն ՌԴ տնտեսությունը, այլև արևմտյան շատ տնտեսվարողներ, կար տեսակետ, որ պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելու տարբերակներ գտնել։
«Ես չեմ տեսնում մոտակա 2-3 տարում այնպիսի քաղաքական կուրսի իրականացում, որը հանգեցնի 2014թ.-ից սկսված այդ պատժամիջոցների պատերազմի ավարտին, բայց կարծում եմ, որ ապագայում արևմտյան երկրների և ՌԴ միջև հարաբերությունները կջերմանան և բարյացակամ վերաբերմունքը կհաղթի»,- ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգողը:
Հայաստանը պետք է գազի դիմաց վճարի դրամով. փորձագետ
Նրա դիտարկմամբ՝ կոնկրետ 2020-21թթ–ին այդ հարաբերությունների լավացման նախանշանները չեն նշմարվում, բայց այն հանգամանքը, որ հասարակական կարծիքը հին դեմոկրատիայի երկրներում, ինչը ԵՄ–ի առանցքն է, այնուամենայնիվ հակված է Ռուսաստանին տեսնել ավելի շուտ բարեկամի դերում, քան մրցակցի կամ հակառակորդի, խոսում է այն մասին, որ հարաբերությունները բարելավելու համար տեղ կա, և դա կլիներ միանգամայն բնական և հասկանալի միջազգային հարաբերությունների տեսության տեսանկյունից:
Սաֆարյան. ԵԱՏՄ-ն իդեալական հարթակ է Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար
Ըստ Սաֆարյանի՝ նույնիսկ եթե տվյալ քաղաքականության շուտափույթ փոփոխման համար նախանշաններ չկան, ապա միտում կա, որ ԵՄ-ն ՌԴ-ի գլխավոր առևտրատնտեսական գործընկերն է, հետևաբար, գլխավոր տնտեսական գործընկերը, իսկ դա կհանգեցնի ավելի շուտ բարեկամական, բարիդրացիական, գործընկերային հարաբերությունների զարգացմանը, քան հակամարտության կամ թշնամության խորացմանը: