17:48 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81

«ՍԴ–ի շուրջ ողջ գործընթացը պետության և հասարակության հանդեպ անգրագետ փորձ է». Այվազյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
23701

Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված հանրաքվեն չեղարկելու մասին նախագծին։

Այվազյան. «Ներկայումս չկա ԱԺ–ի կողմից սահմանադրական հանրաքվեն թույլատրող կամ էլ արգելող նորմ»

Սահմանադրագետ Վարդան Այվազյանի դիտարկմամբ` ԱԺ–ի լիազորությունների մեջ մտնում էր սահմանադրական փոփոխությունների նկատառումով հանրաքվեի նախաձեռնումը, թեև այդ հանրաքվեն, ըստ նրա, սահմանադրական խախտումով էր, քանի որ շրջանցվել էր ՍԴ որոշման ընթացակարգը։ 

«Սակայն որևէ տեղ գրված չէ, որ հանրաքվեի նշանակումից հետո ԱԺ–ն իրավունք ունի հետ կանչել իր նախագիծը, բայց միևնույն ժամանակ նման արգելք նույնպես չկա։ Հետևաբար, ենթադրվում է, որ եթե ԱԺ–ն կայացրել է հանրաքվե նախաձեռնելու որոշում, կարող է նաև չեղարկել այդ որոշումը։ Չկա ո՛չ թույլատրող, ո՛չ արգելող նորմ»,– նշում է իրավագետը։  

Վարդան Այվազյանի համոզմամբ` սա օրենսդրական բաց չէ և նույնիսկ այն լրացնելու անհրաժեշտություն չկա, որովհետև նման ցանկացած խնդիր, եթե դիտարկվի որպես օրենսդրական բաց, և գնանք դա լրացնելու ուղղությամբ, ապա մեր երևակայությունը չի բավարարի, որ այդ բացերը փակենք։ Իրավագետը ևս մեկ անգամ շեշտում է այն հանգամանքը, որ Սահմանադրությունն ու օրենքները գրվում են ոչ թե խելագարության, այլ խելամտության կանխավարկածով, և եթե կա հանրաքվեի նշանակման ընթացակարգ, չպետք է առաջանա հետկանչի խնդիր։ 

«Տվյալ պարագայում ունենք արտակարգ դրության վիճակ, որը մեխանիկորեն կասեցնում է հանրաքվեի գործընթացը, բայց դա պետք է այնքան ժամանակ մնար կասեցված, մինչև վերանար արտակարգ դրությունը, և հանրաքվեն կայանար։ Ենթադրում եմ, որ ԱԺ–ն հիմա շտապում է և ցանկանում իր առջև դրված խնդիրը լուծել մեկ օր, մեկ ժամ շուտ։ Այդ նպատակով էլ չեղարկվում է հանրաքվեի գործընթացը, որից հետո հաջորդ քայլը կլինի խնդրի լուծումը ԱԺ պատգամավորների ձայների  ընդհանուր թվի 2/3-ով»,– նշում է ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը։

Պետական արդյունավետ կառավարման թիվ մեկ նախադրյալն, ըստ Այվազյանի, պետք է համարել կառավարողների գրագիտության և իրավագիտության բարձր մակարդակը։ Ըստ նրա` եթե կա իրավագիտության և պետականագիտության մեծ պակաս, ապա տվյալ պարագայում կունենանք հազարավոր օրենսդրական բացեր, նույնն  է, թե անգրագետ կառավարիչների մտքով մի հիմարություն անցնի, և մենք կանգնենք փաստի առջև ու ասենք` հիմարությունն օրենսդրական ամրագրում չունի ու համարենք օրենսդրական բաց։

Այվազյան. «Դրվագային փոփոխություններով Սահմանադրությունը երկար կյանք չի ունենա»

Անդրադառնալով ԱԺ–ում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի դիտարկմանը, ըստ որի` ՍԴ–ի գործունեությունը պետք է համապատասխանեցվի 2015թ.–ի Սահմանադրությանը, Վարդան Այվազյանը շեշտում է, որ ՍԴ–ի շուրջ ողջ գործընթացը պետության և հասարակության հանդեպ անգրագետ փորձարարություն է, իսկ դա ամենամեծ հանցագործությունն է, քանի որ պետության ու հանրության նկատմամբ կատարել են անպատասխանատու փորձարկումներ, մինչդեռ տվյալ հարցը երբեք չպետք է լինի փորձարկման առարկա։  

Հիշեցնենք` հունիսի 1–ին Ազգային ժողովը 83 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու մասին օրենքը:
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն չկայացավ արտակարգ դրության հայտարարման պատճառով:

թեգերը:
հանրաքվե, Հայաստան, ԱԺ, Վարդան Այվազյան (սահմանադրագետ), Սահմանադրական դատարան, Սահմանադրական փոփոխությունների նախագիծ

Գլխավոր թեմաներ