22:14 04 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81

ԱԺ նախաձեռնությունը չի համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի եզրահանգմանը. Հարությունյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
123 0 0

ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է սահմանադրական փոփոխություններին առնչվող Վենետիկի հանձնաժողովի կարծիքին և նշված փոփոխությունների նախագծի վերաբերյալ ՀՀ Ազգային Ժողովի քննարկմանը։ 

Հարությունյան. «ԱԺ նախաձեռնությունը չի համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի եզրահանգումներին»

ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի դիտարկմամբ` Վենետիկի հանձնաժողովն իրականում իրավունքի գերակայության ապահովմանը կոչված մասնագիտացված և միջազգային հեղինակություն վայելող հանձնաժողով է, և նրա եզրակացությունները, որպես կանոն, շատ կշռադատված են։ 

«Թե՛ վաղ կենսաթոշակի հարցում, թե՛ այս հարցում տեսնում եմ, որ կան ակնհայտ շեղումներ Վենետիկի հանձնաժողովի դասական դիրքորոշումից։ Պատահական չէ, որ այստեղ հանդիպում ենք դրույթների, որոնց համաձայն` այս անգամ կարելի է սա անել, բայց հետագայում հանկարծ ոչ ոքի մտքով չանցնի նման բան անել, որ սա շատ սպեցիֆիկ է, և կարելի է Հայաստանի իրավիճակում անել, բայց ենթադրենք Լեհաստանի կամ Հունգարիայի դեպքում Վենետիկի հանձնաժողովը շատ կոշտ քննադատությամբ է հանդես եկել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Հարությունյանի կարծիքով` որքան էլ Վենետիկի հանձնաժողովը հակված լինի աջակցել իշխանությունների օրակարգին, այնուամենայնիվ, այդ կառույցն առաջ է քաշում մի շարք լուրջ հարցադրումներ, որոնք ակնհայտորեն ցույց են տալիս, որ  Հայաստանում տեղի ունեցող գործընթացը բացարձակապես չի բավարարում անգամ նման մեղմ պահանջներին, որոնք ներկայացրել է Վենետիկի հանձնաժողովը։ 

«Պատահական չէ , որ 82-րդ կետում հանձնաժողովը ինքն էլ ստիպված նշում է, որ մեր խորհրդարանում գտնվող օրենսդրական նախաձեռնությունը չի համապատասխանում իր եզրահանգումներին։ Վենետիկի հանձնաժողովը նշում է անցումային ժամանակահատվածի մասին` ընդգծելով, որ ցանկացած նման գործողություն պետք է զերծ լինի ընթացիկ գործերի վրա ազդելու հնարավորությունից, զերծ լինի քաղաքական ճնշումներից։ Հանձնաժողովը չի կարող նահանջել կարևոր մոտեցումներից, որոնք էլ նշվել են»,– նշեց նախկին նախարարը։

Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է` նմանը չկա միջազգային փորձում. Վարդևանյան

Հարությունյանի գնահատմամբ` պետք է լինել ցինիկ կամ իրավական առումով անգրագետ, որպեսզի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը մեկնաբանվի այդպիսի այլասերված ձևով, ինչպես արվում է ԱԺ–ում։ Ըստ նրա`«Իմ քայլը» խմբակցությունը չսպասեց Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, քանզի ենթադրում էր, որ չնայած սատարմանը` այդ կառույցը չի կարողանալու դրվատանքի խոսքեր ասել այն նախագծի հասցեին, որն իրենք պատրաստվում էին առաջ տանել, իսկ ԱԺ–ի քննարկման վերաբերյալ իրավական գնահատական տալիս` Հարությունյանը շեշտեց, որ ՍԴ–ին չդիմելու և նման բովանդակությամբ նախագիծ ներկայացնելու իրավական գնահատականը միանշանակ է, այն գտնվում է քրեական տիրույթում, և խոսքը վերաբերում է իշխանության  յուրացմանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն 89 կողմ, 0 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։

Դրանով առաջարկվում է փոփոխություններ կատարել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ընդունված 213-րդ հոդվածում, որով կարգավորվում է Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) և նախագահի պաշտոնավարումը:

 

Նախագծի հեղինակներն առաջարկում են պաշտոնանկ անել մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված այն դատավորներին, որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է։ Իսկ այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարին չի լրացել, ըստ նախագծի` կշարունակեն ՍԴ անդամի կարգավիճակում աշխատել մինչև 12 տարին լրանալը: Թափուր մնացած տեղերը կլրացվեն մեկամսյա ժամկետում:

Իսկ ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահին, նախագծով նախատեսվում է նրա պաշտոնավարումը ևս դադարեցնել ու պաշտոնը թափուր մնալուց հետո ընտրել նոր նախագահ:

«Անորոշության մասին դատողություն չկա». դատախազությունը մեկնաբանել է վենետիկյան փաստաթուղթը

Իշխող խմբակցության հեղինակած օրենքի նախագծի ընդունումից հետո փաստորեն Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, կազատվի ՍԴ նախագահի պաշտոնից, բայց կշարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր: Իսկ ՍԴ երեք անդամները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը, որոնք ավելի քան 12 տարի աշխատել են ՍԴ դատավորի պաշտոնում, կգնան թոշակի:

Ըստ թեմայի

300.1 հոդվածի արտահայտություններն ու Վենետիկի հանձնաժողովի սպասելի կարծիքը
Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հարցերի. Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը մարտահրավե՞ր է նետում Վենետիկի հանձնաժողովին. փորձագետները բացում են փակագծերը
Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է` նմանը չկա միջազգային փորձում. Վարդևանյան
թեգերը:
Վենետիկի հանձնաժողով, Վենետիկ, ՀՀ Ազգային ժողով, Դավիթ Հարությունյան

Գլխավոր թեմաներ