13:10 14 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.17
  • GBP634.70
  • EUR574.15
  • RUB6.60

Ադրբեջանը հայտնվել է բարդ իրավիճակում․ քաղաքագետը՝ լարվածության ստեղծման պատճառների մասին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (208)
15501

Քաղաքագետ Նարեկ Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշի հատվածում տեղի ունեցած ռազմական գործողություններին, ադրբեջանական կողմի ակտիվության դրդապատճառներին: 

Մինասյան. «Տավուշի ուղղությամբ սադրանքն Ադրբեջանի ներքաղաքական զարգացումների ուղղակի հետևանքն է»

Նարեկ Մինասյանի դիտարկմամբ՝ դա ուղղակիորեն Ադրբեջանում ընթացող ներքաղաքական զարգացումների հետևանքն է, քանզի վերջին ամիսներին ականատես եղանք, որ Ադրբեջանը բախվել է սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրների, ինչը մի կողմից պայմանավորված է նավթի համաշխարհային գների պատմական անկմամբ, մյուս կողմից կորոնավիրուսի ծնած խնդիրներով: 

«Այսօր Ադրբեջանը կանգնած է սոցիալական ներքին լարվածության մեծ ռիսկերի առաջ, և իշխանությունները, նախազգուշանալով իրենց համար հնարավոր վտանգներից, որոշել են ակտիվացնել թշնամու կերպարը և այդ կերպ ապահովել հանրության կոնսոլիդացիան իրենց շուրջ: Պատահական չէ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում նկատելի էր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ հռետորաբանության էական ակտիվացում»,- նշում է քաղաքագետը:

Նարեկ Մինասյանի կարծիքով՝ ընդհուպ մինչև ուժի կիրառման մասին հայտարարությունները բավարար չեն եղել ադրբեջանական կողմի համար, ուստի վերջինս որոշել է նախաձեռնել հերթական սադրանքը ՀՀ սահմանի ուղղությամբ՝ ինչ-որ նպատակներ իրականացնելու ակնկալիքով։ Սակայն,  քաղաքագետի խոսքով, Ադրբեջանը չէր սպասում, որ հայկական կողմից կարող է լինել նման կոշտ արձագանք, ինչի արդյունքում սադրանքը ոչ միայն տապալվեց, այլև ունեցավ հակառակ էֆեկտ, և Ադրբեջանը ներկայումս ունի փաստացի զոհեր ու մեծ թվով վիրավորներ, ինչպես նաև տեխնիկայի կորուստ, իսկ որոշ աղբյուրների համաձայն՝ դիրքերի կորուստ: 

«Ադրբեջանի հետագա պահվածքը կախված է երկու գործոնից: Մեկը հենց տեղում ռազմական իրավիճակն է, մյուսը՝ միջազգային ճնշումը: Նախաձեռնելով սադրանք՝ Ադրբեջանը հայտնվել է շատ բարդ իրավիճակում և այժմ ունի դեմքը պահելու խնդիր, հետևաբար պետք է փորձի նաև քարոզչության միջոցով իրավիճակից դուրս գալ իբրև թե հաղթած կողմ: Նման պայմաններում միջազգային հանրությունը պետք է ձգտի ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ նրան սթափեցնելու և զսպելու նկատառությամբ»,- նշում է քաղաքագետը: 

Մնացականյանը սահմանային իրավիճակի հետ կապված զանգել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Նարեկ Մինասյանի փոխանցմամբ՝ կարևոր նախաձեռնություն է այն, որ վերջին զարգացումների վերաբերյալ ՀԱՊԿ-ն որոշել է մշտական խորհրդի արտահերթ նիստ անցկացնել, ուստի լավ կլինի, որ նիստից հետո ընդունվի հասցեական հայտարարություն Ադրբեջանի սադրանքի վերաբերյալ:  

Քաղաքագետը նշում է, որ բավական կարևոր է նաև, որ հայկական լսարանը կուլ չտա ադրբեջանական քարոզչամեքենայի ու տեղեկատվական դաշտի խայծը, ստեղծված իրավիճակում ունենա իմունիտետ և հետևի միմիայն հայկական պաշտոնական լրահոսին և հնարավորության դեպքում նաև տարածի մեր պաշտոնական տեղեկատվությունը:   

Հիշեցնենք` երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով` ադրբեջանական կողմը չորս զոհ ունի։ Հայկական կողմը, բարեբախտաբար, կորուստներ չի կրել։

 

թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (208)

Ըստ թեմայի

Միշտ կա այլընտրանք. Աննա Հակոբյանը կոչով դիմել է ադրբեջանցի կանանց և մայրերին
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող դեպքերին
Ադրբեջանցիները գործի են անցել նաև վիրտուալ տարածքում. զգուշացնում է Սամվել Մարտիրոսյանը
թեգերը:
հրետակոծություն, կրակոց, դիրքեր, Սահման, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Տավուշ, Հայաստան

Գլխավոր թեմաներ