04:13 09 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58

Կոռուպցիան նվազել է, բայց համակարգում խնդիրները լուծող չկա․ տնտեսագետը՝ ներդրումների մասին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
357 0 0

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վերջին ամիսների կտրվածքով արտաքին ներդրումների խնդրին՝ մատնանշելով միտումներն ու հնարավոր զարգացումները: 

Պարսյան. «Հայաստանյան ընկերություններն արտահանում են իրենց կապիտալը՝ տանելով ավելի ապահով տեղ»

Սուրեն Պարսյանի դիտարկմամբ՝ արտաքին ներդրումների թեման ցանկացած երկրի համար օրակարգային հարցերից է և, անկախ այն հանգամանքից, թե երկիրը որքան զարգացած է, չի բավարարվում ներքին ներդրումներով ու փորձում է անընդհատ ներգրավել արտաքին նոր ներդրումներ: Ըստ նրա՝ ճգնաժամերի դեպքում սովորաբար նկատվում է կապիտալի արտահոսք թույլ երկրներից դեպի զարգացած երկրներ, որպեսզի փրկեն այդ կապիտալը: 

«Մեզ մոտ նույնպես նկատվեց այդ միտումը: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվար-մարտ ամիսներին օտարերկրյա ուղիղ ներդրումների հոսքի փոփոխությունը կազմել է 74 միլիոն դոլար, այլ կերպ ասած՝ 100 միլիոն եկել է Հայաստան, դուրս է եկել 174 միլիոնը: Սա բավականին վատ ցուցանիշ է, եթե հաշվի առնենք վերջին շրջանի ներդրումային հոսքերը: Սա վկայում է այն մասին, որ ոչ միայն դրսից գումար չի գալիս, այլ նաև տեղի ընկերությունները, որոնք տարիներ շարունակ մեզ մոտ զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ, չեն հավատում տնտեսական-քաղաքական իրավիճակին, հետևաբար իրենց գումարներն ուղղակի տանում են ավելի ապահով տեղ»,- նշում է տնտեսագետը: 

Սուրեն Պարսյանի կարծիքով՝ կապիտալի արտահոսքից տուժելու են բոլորը: Ըստ նրա՝ կառավարությունն անցյալ տարի բացեց Ներդրումների աջակցման կենտրոն, որի նպատակն էր տարբեր բնույթի ներդրումային խնդիրներ լուծելը, բայց հիշյալ կենտրոնն իրեն չի արդարացնում, քանզի չունի որևէ գործառույթ կամ լծակ, որպեսզի կարողանա այս կամ այն խնդիրը լուծել ներդրողի համար: 

Նախկինում գոյություն չունեցող նոր մեխանիզմ կգործի. Փաշինյանը` ներդրումների մասին

«Վերջին տարիներին զգալիորեն նվազել է կոռուպցիան, ստվերը, սակայն համակարգում խնդիրներ լուծողներ չկան: Պետական համակարգի աշխատակիցները խուսափում են պատասխանատվություն վերցնել իրենց վրա՝ հաշվի առնելով առկա իրավիճակը, ղեկավարի քայլերը, որովհետև դրանք շատ հաճախ անկանխատեսելի են: Արդյունքում բազմաթիվ նախագծեր, թույլտվություններ, արտոնագրեր ուղղակի չեն ստացվում»,- նշում է տնտեսագետը:

Կորոնավիրուսի շրջանում ներդրումներ անող գործարարները հնարավոր է` արտոնություն ստանան

Սուրեն Պարսյանի համոզմամբ՝ ներդրումների տեսանկյունից ամենացցուն խնդիրը պետական համակարգի անարդյունավետությունն է, ինչը գնալով ավելի է խորանում: Մյուս խնդիրն այն է, որ ներդրումները մեզանում կրճատվում են բոլոր ուղղություններով, բացառություն է հանքարդյունաբերությունը, սակայն այդ ոլորտը տնտեսության համար երկարաժամկետ որակյալ աճ չի կարող ապահովել: Տնտեսագետի կարծիքով՝ պետք է ամբողջությամբ վերանայել ներդրումային քաղաքականությունը՝ համոզելով ներդրողներին, որ քաղաքական գործընթացները չեն կարող ազդել տնտեսական երևույթների վրա, և կառավարությունն էլ պետք է կատարի այնպիսի քայլեր, որ մարդիկ իրենց կապիտալը դուրս չհանեն:         

թեգերը:
Սուրեն Պարսյան, կորոնավիրուս, Ներդրում, Հայաստան

Գլխավոր թեմաներ