12:43 09 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58

Գազալցակայաններում թանկացել է գազը. կամայականությո՞ւն, մրցակցությո՞ւն, թե՞ բնական հետևանք

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
132 0 0

«Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է գազալցակայաններում սեղմված գազի գնի 10 տոկոսով թանկացմանն ու դրա հետ կապված հարցերին։

 

Տիգրանյան. «Սեղմված գազի գնի 10 տոկոսով թանկացումը փորձնական է, կարող է փոփոխվել»

Մկրտիչ Տիգրանյանի դիտարկմամբ` բանական է, որ գազի գինը պետք է թանկանար, որովհետև «Գազպրոմ Արմենիան» հուլիսի 19–ից գազն արդեն սպառող տնտեսվարողներին մատակարարում է ավելի թանկ գնով։ Ըստ նրա` հանրապետությունում գազալցակայանների շուկայում վաղուց հաստատվել է չոր և խիստ մրցակցություն, այդտեղ գործում են տասնյակ, եթե ոչ հարյուրավոր տնտեսվարողներ, ովքեր հաստատ չեն կարող ստվերային համաձայնության գալ գազի գնի փոփոխման հարցում։

«Բացի դրանից, բոլոր գազալցակայաններում տարին մեկ անգամ պարտադիր հարկային ստուգումներ են կատարվում, այնպես որ բացառվում է քմահաճույքով կամ կամայականորեն գնի բարձրացումը։ Մեր վարորդները շատ օպերատիվ են և օրվա ընթացքում շատ արագ կարող են տեղեկանալ գնային փոփոխություններից։ Նրանք անշուշտ կգնան այնտեղ, որտեղ սեղմված գազն ավելի մատչելի գնով է վաճառվում, բայց կրկնում եմ, գնային կամայականությունը բացառվում է»,– նշում է Տիգրանյանը ։

Նրա կարծիքով` տնտեսվարողներին նույնպես ձեռնտու չէ այնպիսի գնի սահմանումը, որի պարագայում կկորցնեն իրենց հաճախորդներին։ Ըստ Տիգրանյանի` եթե առաջ բենզինի և գազի գնի միջև տարբերությունը շուրջ 2,5 անգամ էր, հիմա պակասել է ու դարձել 1,8-ից 2 անգամ։ Ընդ որում` գները տարբեր մարզերում տարբեր են, ու թեև բենզինի շուկայում խաղացողներն անհամեմատ քիչ են, սակայն այդտեղ էլ կա կոշտ մրցակցություն։

Անդրադառնալով գազալցակայաններում սահմանված գնի դիմաց լիցքավորվող գազի չափաքանակի վերաբերյալ առաջացած բողոքներին` Մկրտիչ Տիգրանյանն ընդգծում է, որ եթե նույնիսկ գազալցակայանը գազն անվճար տա վարորդներին, միևնույն է, ոմանք կրկին բողոքելու են, ուստի նման խնդիրները բացառելու նպատակով գազալցակայաններում տեղադրվել են սարքեր։ Դրանք տարին մեկ անգամ չափագրվում են, գազը կշռվում է կիլոգրամով, կապարանկնքվում է և՛ չափագրողների, և՛ հարկային մարմնի կողմից, հետևաբար կիլոգրամով հաշվարկն ավելի ճիշտ է, քան խորանարդ մետրով հաշվարկը։

Հայաստանում գազի պատճառով մթերքը գուցե չթանկանա, բայց դրա համը կարող է դուրս գալ

Ընկերության տնօրենի փոխանցմամբ` վարորդները հիմնականում ըմբռնումով են մոտենում սեղմված գազի թանկացման հարցին, որովհետև գնագոյացումը պայմանավորված է շուկայական գործոնով։

Ըստ նրա` սեղմված գազի գնի 10 տոկոսով թանկացումը փորձնական է, կարող է փոփոխվել, մեկ ամսից պարզ կլինեն գազալցակայանների տերերի եկամուտները կամ վնասները, և երբ ի մի բերվեն ծախսերը, պարզ կդառնա` արդյո՞ք արդարացված է գնի փոփոխությունը։ 

թեգերը:
գազի սակագին, գազ, գազալցակայան, Հայաստան

Գլխավոր թեմաներ