15:35 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.40
  • GBP628.46
  • EUR571.59
  • RUB6.46

«ԱԱԾ–ն ինքնամաքրման կարիք ունի». ԱԱԾ նախկին պաշտոնյան`ընթացող փոփոխությունների մասին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
230 0 0

ՀՀ ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԱԾ–ում տեղի ունեցած վերջին կադրային փոփոխություններին։

 

Բարսեղյան. «ԱԱԾ–ն իրականում ինքնամաքրման կարիք ունի»

Տիգրան Բարսեղյանի դիտարկմամբ` ԱԱԾ–ն երկրի հենասյուներից մեկն է, և այդ կառույցում փոփոխությունները նշանակում են, որ անհրաժեշտ են երկրի համար։ Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանը որոնումների մեջ է և ցանկանում է ԱԱԾ–ն դարձնել իրավական տեսանկյունից ամենահզոր կառույցներից մեկը։

«ԱԱԾ փոփոխությունները նշանակում են նաև ընդհանուր փոփոխություններ երկրում, որոնք պիտի նպաստեն ներքաղաքական ու տնտեսական կայունության ամրապնդմանը, բարեփոխումների սահուն իրականացմանը, արտաքին աշխարհի հետ հարաբերությունների հստակեցմանը, և այս ամենը հետապնդում է մի նպատակ. որպեսզի ԱԱԾ–ն առկա խնդիրները լուծի հետհեղափոխական ժամանակաշրջանի պահանջներին համապատասխան»,– նշում է գեներալ–մայորը։

Տիգրան Բարսեղյանի գնահատմամբ` նախկին ԱԱԾ–ն սպասարկում էր կոռուպցիոն որոշակի համակարգերին, հետևաբար պետք է ձերբազատվել կոռուպցիոն կապերով կաշկանդված նախկին աշխատակիցներին։ Անդրադառնալով այն հարցին, որ ԱԱԾ ներկայիս տնօրենն ընդամենը 29–ամյա անձ է և համակարգից չէ, ուստի կկարողանա՞ արդյոք արդյունավետորեն լուծել կառույցի առջև ծառացած խնդիրները, Տիգրան Բարսեղյանը նշեց, որ Արգիշտի Քյարամյանի գլխավորությամբ կառույցը հաստատապես կհաջողի իր աշխատանքներում, քանզի նորանշանակ տնօրենը վայելում է վարչապետի աջակցությունը։   

«Կարևոր է, որ Արգիշտի Քյարամյանը որոշել է կառույցի ղեկավար կազմում հավաքագրել մաքուր և պրոֆեսիոնալ անձանց, ովքեր պատրաստ են քաշել լուծը և ԱԱԾ–ն դարձնել իրավական կառույց։ Խոսքը վերաբերում է մասնավորապես տնօրենի տեղակալներին ու վարչությունների ղեկավարներին։ ԱԱԾ–ն իրականում ինքնամաքարման կարիք ունի, պետք է ձերբազատվել նախկինների հետ կապ ունեցողներից, ովքեր ձգտում են ռևանշի»,– նշում է ԱԱԾ նախկին պաշտոնյան։

ԱԱԾ տնօրենի տեղակալն իր աշխատասենյակում «ժուչոկ» է գտել. «Հրապարակ»

Բարսեղյանի կարծիքով` ԱԱԾ–ն իրավունք չունի թուլանալու և քաղաքական գործընթացներից հետ մնալու, այլ պետք է շարունակաբար ձեռքը պահի իրադարձությունների զարկերակի վրա, խնդիրներն իրավական հարթությունում ներկայացնի վարչապետին և իշխանություններին։ Ըստ նրա` ԱԱԾ–ն նախկինում փակ համակարգ էր, որովհետև թույլ չէին տալիս տեղեկատվության մատուցում հանրությանը, ինչն անընդունելի է, հետևաբար անհրաժեշտ է աշխատանքների արդյունքները թույլատրելիության սահմաններում պարբերաբար ներկայացնել հասարակությանը, ինչն ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում։   

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի երկու տեղակալ է նշանակել։ Նախագահի հրամանագրով ԱԱԾ տնօրենի տեղակալներ են նշանակվել Միքայել Համբարձումյանը և Արմեն Աբազյանը։

Հունիսի 8–ին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ զբաղեցրած պաշտոնից ազատվեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։  Նույն օրը ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արգիշտի Քյարամյանը։

 

թեգերը:
Հրաժարական, պաշտոնյա, պաշտոն, Հայաստան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ

Գլխավոր թեմաներ