Ստեփան Դանիելյանի կարծիքով` թեև Հայաստանում կան մարդիկ, որոնք կարծում են, որ Հայաստանն այս կամ այն պատճառով անկախ չէ, քանզի մեզ վրա այս կամ այն երկրի ազդեցությունը մեծ է, այդուհանդերձ շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է անկախությունը, ինքնիշխանության աստիճանը, և ըստ իրենց պատկերացումների` աշխարհում քանի անկախ պետություն գոյություն ունի։
«Հայաստանի հանրության մի զգալի հատվածն ուղղակի պատկերացում չունի, թե ինչ է անկախությունը, և դա ո՛չ դպրոցներում, ո՛չ բուհերում մարդկանց չեն սովորեցնում»,– նշում է քաղաքագետը։
Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ` անկախության հետ կապված մեր հիմնական ձեռքբերումն այն է, որ դառնալով ինքնուրույն երկիր` արդեն ապրում ենք այնպես, ինչպես արժանի ենք, այսինքն` մենք ներկա վիճակի համար արդեն ոչ թե մեղադրում ենք ուրիշներին, այլ ինքներս մեզ և այդ կերպ ենք կազմակերպում մեր կյանքը։ Ըստ նրա` կարելի է նաև ենթադրություն անել, թե որքանով ենք ճիշտ օգտագործում անկախությունը, ինքնիշխանությունը, որ ուղղությամբ պետք է զարգանանք և ինչ սխալներ ենք արել։
«Եթե հարցադրումներն այսպես ենք ձևակերպում, ապա մարդիկ պետք է նայեն չորս կողմը և հասկանան, թե որքանով ենք մենք արժանի անկախությանը, որքանով` ոչ։ Մեր հիմնական ձեռքբերումը մի քանի պետական ինստիտուտների կայացումն է, առաջին հերթին` զինված ուժերի, այնուհետև մարդկանց հոգեբանությունը, որ պետք է ծառայեն բանակում և ապահովեն իրենց երկրի անվտանգությունը։ Մյուս ոլորտներում, ցավոք սրտի, մեծ ձեռքբերումներ չեմ տեսնում»,– նշում է նա։
Քաղաքագետի գնահատմամբ` ՀՀ–ի առջև ծառացած մարտահրավերները կարելի է բաժանել երկու մասի`արտաքին ու ներքին։ Արտաքին մարտահրավերն անընդհատ փոփոխվող աշխարհաքաղաքական իրադրությունն է, Ղարաբաղյան հիմնախնդիրը, Թուրքիայի զինված ներկայությունը մեր տարածաշրջանում։ Իսկ ներքին մարտահրավերներից հիմնականը փլուզված քաղաքական համակարգն է, այսինքն` խորհրդարանական երկրում կուսակցությունները կայացած չեն, և առանձնապես հանրային մեծ վստահություն ունեցող քաղաքական ուժ չկա, ինչը նշանակում է, որ մենք համակարգային առումով ունենք ինքնակազմակերպման խնդիր։
ՀՀ նախագահին ուղերձ են հղել Սաուդյան Արաբիայի թագավորն ու թագաժառանգը
Ըստ քաղաքագետի` մենք պետք է հոգեբանորեն լինենք ինքնուրույն երկիր և հասկանանք պատասխանատվությունը երկրի, մեր երեխաների առաջ ու կարողանանք որոշումներ կայացնել առանց պոպուլիզմի։
Նշենք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր անկախության 29–ամյակը։