Թևան Պողոսյանը միանշանակ ողջունում է Արցախի խորհրդարանի նախաձեռնությունը և նշում, որ գործընթացի սկիզբը դրվել է դեռ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ օրեր առաջ ցուցաբերած նախաձեռնությամբ, երբ նա հայտարարեց`շատ ուրախ կլինի, որ քաղաքակիրթ աշխարհը միանա ահաբեչության դեմ պայքարին։
«Հաճելի է արձանագրել, որ կատարվեց նաև երկրորդ քայլը` Արցախի ԱԺ–ն համապատասխան կոչով դիմեց տարածաշրջանի երկրներին։ Մոտ չորս հազար վարձկան ահաբեկիչներ ներթափանցել են Անդրկովկաս, և եթե հայկական ուժերին հաջողվի նույնիսկ նրանց մեծ մասին վերացնել, միևնույն է, մի մասն ունի այլ նպատակներ և հետո անպայման Ադրբեջանից կշարժվեն հյուսիս` դեպի Ռուսաստան, մի մասն էլ դեպի հարավ` Իրանի տարածք, իսկ եթե անցնեն նաև Վրաստան, ապա դա կլինի մարտահրավեր նաև մեր մյուս հարևանի համար»,– նշում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը։
Թևան Պողոսյանի դիտարկմամբ` հաշվի առնելով մեր տարածաշրջանին ջիհադականների կողմից եկող սպառնալիքները, ճիշտ կլինի բոլորը համատեղեն ջանքերն ընդհանուր պայքար մղելու նպատակով։ Ըստ նրա` թեև ամբողջ աշխարհը, օրինակ, միատեղեց ուժերը Միջին Արևելքում ջիհադականների դեմ մղվող պայքարում, բայցևայնպես դեռ վաղ է ասել, որ տարածաշրջանի երկրներում այլևս չկա ծայրահեղական ահաբեկիչների կամ նրանց խմբավորումների ներկայությունը։
«Այստեղ ճանաչված կամ չճանաչված լինելու խնդիր չկա, առավել ևս, որ ահաբեկիչներն իրենք ուշադրություն չեն դարձնում այդ հանգամանքին։ Նրանք հարվածում և վնասում են բոլորին, հետևաբար հույս ունեմ, որ երկրները վեր կկանգնեն քաղաքականացված մոտեցումներից4 ու եթե ՀՀ–ն ու ԱՀ–ն ճիշտ աշխատեն միջազգային հանրության հետ, ապա համատեղ ուժերով հնարավոր կլինի ավելի արագ և վերջնականապես վերջ տալ ահաբեկչությանը Հարավային Կովկասում»,– նշում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը։
Թևան Պողոսյանի կարծիքով` Հայաստանի Ազգային ժողովը պետք է ստանձնի նաև Արցախի կոլեգաների ձայնը ուղղորդելու, տեղ հասցնելու առաքելությունը և համատեղ աշխատի այդ ուղղությամբ։ Ըստ նրա` սա ճանապարհի սկիզբն է, որին պետք է հաջորդեն հետագա քայլերը, ու եթե անհրաժեշտություն առաջանա, ապա մեր խորհրդարանի 132 պատգամավորները մեկ մարդու պես պետք է լծվեն Արցախի իրենց գործընկերների գաղափարները բարձրաձայնելուն ու դրանք առաջ մղելուն։ Թևան Պողոսյանի համոզմամբ` անհրաժեշտ է այդ հարցում համադրել Հայաստանի, տարածաշրջանի երկրների ու Եվրամիության, ամբողջ քաղաքակիրթ աշխարհի ջանքերը։