Էդուարդ Անտինյանի դիտարկմամբ` նախ պետք է հասկանալ, թե ինչ փաստաթուղթ է ստորագրվել։
Ըստ նրա` դա ընդամենը հայտարարություն է, որոշ դեպքերում ասում են` իրավաբանական ուժ չունի, Հայաստանի որոշ կառույցների համար պարտադիր չէ, որովհետև խոսքը Լեռնային Ղարաբաղի տարածքների մասին է։ Այդուհանդերձ,ք քաղաքագետի խոսքով, դա հրադադարի փաստաթուղթ է, ոչ ավելին, իսկ մնացածը ենթակա է բանակցության։
«Իհարկե, դժվար եմ պատկերացնում, որ Հայաստանը կարող է այսօր բանակցել Ադրբեջանի հետ, այսպես կոտրված ու ջախջախված նստել մի սեղանի շուրջ։ Գուցե համանախագահների հետ պետք է չուշացնել հանդիպումները, որպեսզի առաջ տանենք մեր շահերը։ Երբ 1994 թվականին կնքվեց զինադադար, Ադրբեջանը կորցրեց ԼՂԻՄ–ն ու հարակից յոթ շրջանները, սակայն դա նրան չզրկեց տարածքների համար պայքարելու իր իրավունքից, չխանգարեց, որ համանախագահողները փաստաթղթեր պատրաստեին` հարգելով ադրբեջանական կողմի իրավունքները։ Այժմ նույն վիճակում հայտնվել ենք մենք, զիջել ենք տարածքներ, բայց ամենևին չենք կորցրել մեր իրավունքները»,– նշում է քաղաքագետը։
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է գրել
Անտինյանի կարծիքով` ոչ թե պետք է մտածենք ժամ առաջ Ադրբեջանի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու, այլ համանախագահների հետ ակտիվորեն աշխատելու մասին, որպեսզի պահպանվի ԼՂ տարածքը, որպեսզի վերականգնվեն Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ մեր իրավունքները։
«Շատ ցավալի է այն, ինչ կատարվեց, այդուհանդերձ պետությունը պետք է դուրս գա այս վիճակից ու փորձի բանակցություններ վարել։ Պետք է նաև տրվի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ գործող իշխանությունները պատրաստ են բանակցություններ վարել, արդյո՞ք ի վիճակի են ըստ արժանվույն պաշտպանել մեր շահերը, որովհետև ցանկացած գնով պատերազմական գործողությունները դադարեցնելու հանգամանքը չի նշանակում, որ կորցրել ենք մեր իրավունքները»,– նշում է քաղաքագետը։
Անտինյանի համոզմամբ` կյանքը ցույց տվեց, թե ինչպիսի ավերածությունների և խաղաղ բնակչության վրա ինչպիսի զենքեր կիրառելու էր պատրաստ Ադրբեջանը։ Ուստի դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է մի քանի օր հետո հայերն ու ադրբեջանցիներն իրար հետ խաղաղ գոյակցեն նույն տեղում։ Քաղաքագետի գնահատմամբ` դա չի ստացվի, այլ կծվեն նոր խնդիրներ։
Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ գործնականում այժմ տեղի է ունենում բանակցային նոր օրակարգի ձևավորման գործընթաց։ Նրա խոսքով` եթե պարզվի, որ հանրային վստահությունը բավարար չէ, չենք կարող մասնակցել այդ բանակցություններին։