07:40 02 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.98
  • GBP676.92
  • EUR607.41
  • RUB6.66

Ինչպիսին պետք է լինի ՀՀ նոր արտգործնախարարը. քաղաքագետը կարևոր կետերն է առանձնացնում

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
208 0 0

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ով պետք է լինի ՀՀ նոր արտգործնախարարի հավանական թեկնածուն և ինչպիսի արտաքին քաղաքականություն պետք է վարի ստեղծված բարդ իրավիճակում։

Սարգսյան. «ՀՀ նոր արտգործնախարարը պետք է մաքսիմալ ընդունելի և ճանաչված լինի ՌԴ–ի համար»

Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ` ՀՀ նոր արտգործնախարարը նախևառաջ պետք է մաքսիմալ ընդունելի, ընկալելի և ճանաչված լինի Ռուսաստանի համար։ Ըստ նրա` ոչ միայն մեր հասարակությանը, այլև արտաքին ուժերին հետաքրքրում է այն հարցը, թե ով է լինելու ՀՀ նոր արտգործնախարարը, որպեսզի հասկանան, թե ում հետ պետք է աշխատեն, խոսեն, բանակցեն ու քննարկեն կարևոր հարցերը։ 

«Այս առումով չափազանց կարևոր է, որ հնարավորինս սեղմ ժամկետներում նշանակվի արտաքին գործերի նախարար, որը կլինի ճանաչված դիվանագետ, լուրջ կապեր կունենա մասնավորապես Մոսկվայում, քանզի այս ամբողջ գործընթացի մեջ մեծ ներգրավվածություն ունի հենց պաշտոնական Մոսկվան»,– նշում է քաղաքագետը։

Սարգսյանի պնդմամբ` նոր արտգործնախարարը բնականաբար պետք է ընկալելի լինի նաև Վաշինգտոնի և Փարիզի համար, ընդ որում` ոչ միայն ԱՄՆ–ի ու Ֆրանսիայի, այլև նրանց միջոցով Արևմուտքի ու Եվրամիության։ Ըստ նրա` ՀՀ արտաքին գերատեսչության նոր ղեկավարը պետք է ունենա բացառիկ փորձառություն բանակցային գործընթացում ներգրավվածության տեսանկյունից, այսինքն` տիրապետի նշված գործընթացի հետ կապված մանրամասներին։ 

«Եթե գոնե մեկ տոկոս հնարավորություն կա նման խայտառակ ձևակերպումներով համաձայնագրից խուսափելու, որոշ կետեր չեզոքացնելու կամ քարտեզագրումների արդյունքում գոնե մեկ տոկոսով ավելի տարածքներ մեր վերահսկողության տակ պահելու համար, ուրեմն պետք է դա անի»,– նշում է քաղաքագետը։

Սարգսյանի կարծիքով` թեև Հայաստանի պարագայում չափազանց բարդ կլինի, որ արտգործնախարարն աշխատի ինքնուրույն, երկրի ղեկավարի կողմից նվազագույն ազդեցությամբ, եթե հաշվի առնենք վարչապետի խառնվածքը, բայց միևնույն ժամանակ այս օրհասական պահին նոր նախարարին պետք է տրվեն հնարավորինս լայն լիազորություններ` իր կապերը Մոսկվայում օգտագործելու առումով, որովհետև այս պահին պարզապես այլընտրանք չկա։  

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը նշում է, որ տեսնում է երկու թեկնածու, թեև առայժմ չի նշում նրանց անունները, սակայն շեշտում է, որ նրանք ԱԳՆ համակարգում ունեն աշխատանքի լրջագույն փորձ, աշխատել են նախկին իշխանությունների հետ։ Սարգսյանի գնահատմամբ` մեր արտաքին քաղաքականությունը կործանված է, ուստի պետք է ձերբազատվել նախկին–ներկա տարանջատումից, հետևաբար նոր արտգործնախարարը պետք է լինի այնպիսին, որ մեր առջև ծառացած խնդիրները լուծվեն օր առաջ։ 

Հիշեցնենք՝ երեկ Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել։

Վարչապետն ասել էր, որ բանակցային գործընթացում, բացի որոշ տարածքների հանձնումից, ներառված է եղել նաև Շուշիի հանձնման հարցը:

Այս հայտարարությանը հաջորդել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարությունն այն մասին, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց:

Կարճ ժամանակ անց ԱԳՆ խոսնակը հայտնեց, որ Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և հրապարակեց նրա ձեռագիր դիմումը։

Ըստ թեմայի

Մոսկվան շահագրգռված է Ղարաբաղում ԿԽՄԿ-ի հետ համագործակցության հարցում․ Լավրով
ԱԽՔ Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ նիստում խոսել է պատերազմում Ռուսաստանի և Թուրքիայի դերերի մասին
Ինչու են Լիսագոր այցելել Արայիկ Հարությունյանն ու Ռուստամ Մուրադովը
թեգերը:
Հրաժարական, Նախարար, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Զոհրաբ Մնացականյան

Գլխավոր թեմաներ