08:50 02 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD528.37
  • GBP736.92
  • EUR636.10
  • RUB7.13

Մեղրիի միջանցքի խնդիրը պետք է հստակեցվի, հայտարարության տեքստը շատ բազմանշանակ է. իրանագետ

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
556 0 0

Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախյան պատերազմից հետո կովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակին, կենսական շահերի շուրջ Թուրքիայի և Իրանի միջև առկա հակասություններին։  

Ոսկանյան. «Մեղրիի միջանցքի խնդիրը պետք է հստակեցվի. հայտարարության տեքստը շատ բազմանշանակ է»

Անդրադառնալով մասնավորապես այն հանգամանքին, որ Անկարան կարող է իր որոշակի ռազմական և աշխարհաքաղաքական հաջողությունն օգտագործել Կասպից ծովի ուղղությամբ հետագա առաջընթացի համար, Վարդան Ոսկանյանն ընդգծում է, որ թուրքական դիրքերի ուժեղացումը Հարավային Կովկասում, հատկապես Ադրբեջանի երկու հատվածներում, ակնհայտորեն չի բխում ոչ միայն Իրանի, այլև Ռուսաստանի շահերից, հետևաբար թուրքական կողմի գործողությունները միտված են նաև իրանական ազդեցության շրջանակները սահմանափակելուն։ 

«Բնական է, որ այդ առթիվ և՛ Իրանում, և՛ Ռուսաստանում կա անհանգստություն։ Ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում ստեղծված ներկա իրավիճակում Թուրքիան փորձում է առավելագույն օգուտներ քաղել, որը բավարարված չէ արցախյան պատերազմի արդյունքներով, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումն ու միջամտությունն ըստ էության խանգարում են Անկարայի նկրտումներին»,– նշեց իրանագետը։

Խոսելով այն մասին, որ Թուրքիան կարող է օգտագործել նաև միջանցքը, որը հիմա պետք է բացվի Նախիջևանից դեպի Ադրբեջան, Վարդան Ոսկանյանն ընդգծում է, որ միջանցքի խնդիրը պետք է հստակեցվի, որովհետև հրադադարի հայտարարության տեքստը շատ բազմանշանակ է, այն թողնում է բազմաթիվ հարցականներ, քան տալիս է պատասխաններ, բայց Մեղրիի տարածաշրջանը կատարում է այն սեպի դերը, որն ըստ թուրքական տրամաբանության`չի թողնում, որպեսզի Թուրքիան միանա Ադրբեջանին ցամաքային կապով ու հայտնվի Իրանի հյուսիսում, ինչու չէ, նաև Կասպյան ավազանում, եթե հաշվի առնենք թուրանական մեծ ծրագիրը։ 

«Այս ճանապարհի հարցը չափազանց լուրջ է ու կարևոր, ինչը բնականաբար անհանգստացնում է իրանական կողմին և տարածաշրջանային բոլոր ուժերին, որոնց շահերից չի բխում թուրքական ներկայության ուժեղացումը կամ դեպի Արևելք ձգտող Անկարայի էքսպանսիոն հավակնությունները, ուստի հարցը պետք է դառնա լուրջ քննարկման առարկա թե՛ մեզանում, թե՛ մեր դաշանակիցների հետ հանդիպումների ընթացքում։ Մեր հասարակությունն իր հերթին պետք է հստակ պատասխաններ ստանա, թե ինչի մասին է խոսքը»,– նշեց իրանագետը։ 

Անդրադառնալով Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Ղաթիբզադեի հայտարարությանն առ այն, որ Իրանը կարծում է, թե այժմ ձեռք բերված զինադադարը Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ճգնաժամի վերջնական լուծում չէ, Վարդան Ոսկանյանն ընդգծում է, որ իրականում տեղի է ունեցել արյունահեղության դադարեցում, ուստի ակնհայտ է, որ հիմնախնդրի վերջնական լուծումը պետք է դիտարկել միայն Արցախի կարգավիճակի հարցի լուծման համատեքստում, երբ ամեն ինչ հստակ կլինի, մինչդեռ այդ հստակությունը դեռ չկա, և շատ խնդիրներ ուղղակիորեն առկախված են։ 

Ըստ թեմայի

Խորամանկությամբ անտեսելով ԼՂ–ի վերաբերյալ հրահանգը. ինչու է Թուրքիան զորք մտցնում Ադրբեջան
ԱՄՆ–ն ու Եվրոպան պետք է միասին աշխատեն Թուրքիայի ագրեսիան զսպելու համար. Պոմպեո
ՀՀ դեսպանն ու Իրանի փոխարտգործնախարարը խոսել են տարածաշրջանային ուժերի դերակատարումից
թեգերը:
Ռուսաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Թուրքիա, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ