16:30 26 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08

Համավարակի տեսքով ֆորսմաժորային վիճակը կարող է խառնել բոլորի խաղաքարտերը. Մադոյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
64 0 0

«Օրբելի» հետազոտական կենտրոնի վերլուծաբան Գոռ Մադոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում գարնանն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հեռանկարին, ինչպես նաև «Իմ քայլի» պատգամավորների վարքագծին, որոնք լքում են խմբակցությունը։ 

Մադոյան. «Արտահերթ ընտրությունների կոնկրետ ժամկետների մասին խոսելն այս պահին ճիշտ չէ»

Գոռ Մադոյանի դիտարկմամբ` եթե երկրում կորոնավիրուսի պատճառով սահմանափակումները խստացվեն կամ համաճարակի նոր ալիք սկսվի, ընտրություններ չեն կարող անցկացվել։ Ըստ նրա` ներկա պահին արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են և պետք է անցկացվեն հնարավորինս շուտ, քանի որ երկիրը քաղաքական առումով վերբեռնման կարիք ունի, սակայն առկա է ֆորսմաժորային իրավիճակ համավարակի տեսքով, ինչը կարող է խառնել բոլորի քաղաքական խաղաքարտերը։ 

«Այդ առումով խոսել արտահերթ ընտրությունների կոնկրետ ժամկետների մասին ճիշտ չէ։ Շատ ավելի տրամաբանական է, որ եթե ամեն ինչ գնա այս տեմպերով, այսիքն` համաճարակային վիճակը թուլանա և քաղաքական ուժերը, գոնե դրանց մեծամասնությունը այս կամ այն կերպ գան կոնսենսուսի, նույնիսկ լռելյայն կոնսենսուսի` առանց հայտարարությունների, գուցե այդ դեպքում լինեն ընտրություններ, բայց կոնկրետ ժամկետների առումով կան բազմաթիվ հարցականներ, որոնք պայմանավորված են տարբեր հանգամանքներով և հնարավոր չէ դրանք բոլորը հաշվարկել»,– նշեց վերլուծաբանը։ 

Անդրադառնալով «իմքայլական» պատգամավորների խմբակցությունից դուրս գալու խնդրին` Մադոյանն ընդգծեց, որ «Իմ քայլը» դաշինքն ԱԺ–ում մեծամասնություն է, ձևավորվել է հեղափոխության արդյունքում և ընդհանուր էյֆորիայի տակ այնտեղ բավականին տարասեռ պատգամավորներ են հայտնվել, որոնք կուսակցական կուռ համակարգ չեն տեսել։ Ուստի շատ բնական է, որ երբ նվազել է հանրային լեգիտիմությունը պատերազմից հետո, նրանք պետք է դուրս գային խմբակցությունից և ներկայանային որպես անկախ պատգամավորներ։

Վերլուծաբանի կարծիքով` անկախ պատգամավորների ինստիտուտը խնդրահարույց է։ Ըստ նրա` եթե պատգամավորները կուսակցություններ չեն ձևավորելու և եթե խոսվում է ամբողջովին համամասնական ընտրակարգի անցնելու մասին, հետևաբար անկախ պատգամավորների պարագայում ռեյտինգայինի գաղափարն, ըստ էության, այլևս չի գործի։

Մադոյանի խոսքով` նրանց, ովքեր 2018 թվականին ընդունում էին պատգամավորական մանդատն ու նշում, որ ծառայում են մեկ գաղափարի և կիսում են նույն քաղաքական ծրագիրը, իհարկե ոչ ոք չէր խոստացել, որ քաղաքական պատասխանատվությունը միշտ պետք է լինի քաղցր ու ցանկալի։ Նրանք կիսում էին միայն լավը, իսկ վատի դեպքում հեռացան պատասխանատվությունից։ 

Ինչի՞ համար էր վարչապետը հանդիպել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ․ Մակունցը մանրամասնում է

Ըստ թեմայի

Սոֆյա Հովսեփյանը երկար մտածելուց հետո որոշել է դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից
Ինչո՞ւ են իշխանական պատգամավորները լքում «Իմ քայլը» խմբակցությունը
Ովքեր են արցախյան իրադարձությունների ֆոնին լքել «Իմ քայլը»
թեգերը:
«Իմ քայլը» խմբակցություն, Պատգամավոր, խորհրդարան, Ընտրություններ

Գլխավոր թեմաներ