14:31 21 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85

Մեզ համար սպառնալիք է ոչ այնքան Թուրքիան, որքան ՀՀ գործող իշխանությունը. Լոքմագյոզյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
117 0 0

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, որոնք առնչվում են հայ-թուրքական հարաբերություններին։

Լոքմագյոզյան. «Հայաստանի ու Թուրքիայի իշխանություններն այսօր գործում են փոխհամաձայնեցված»

Տիրան Լոքմագյոզյանի դիտարկմամբ` մեզ ցանկանում են հետզհետե ինչ-որ բաների ընտելացնել։ Ըստ նրա` ժամանակը երևի եկել է, ընդ որում կան երկու վտանգավոր թվականներ. մեկը մարտի 16-ն էր` Մոսկվայում 100 տարի առաջ կնքված պայմանագրի օրը, երբ կարող էր ինչ-որ բան կատարվել, մյուսը կապված է ապրիլի 24-ի հետ և հնարավոր է ինչ-որ բան տեղի ունենա նախօրեին, որովհետև Թուրքիայի համար ապրիլի 23-ը մեծ տոնական օր է։

«Շատ հավանական եմ համարում, որ Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ գործունեությունն ավարտի Թուրքիայի հետ պայմանագիր կնքելով և հրաժարվի Ցեղասպանության ճանաչման պահանջատիրությունից` ընդունելով մեր երկրների ներկայիս սահմանները, Կարսի կամ Մոսկվայի պայմանագիրը։ Առավել ևս, որ Փաշինյանը հայտարարեց, թե ապրիլի վերջին հրաժարվելու է պաշտոնից, որպեսզի լինեն արտահերթ ընտրություններ, հետևաբար կարծում եմ, որ ամեն ինչ համադրվում է»,– նշեց թուրքագետը։

Լոքմագյոզյանը հիշեցրեց իշխող քաղաքական ուժի կողմից հնչող հայտարարությունները, որոնց համաձայն` անգամ եթե Թուրքիան շատ փոքր քայլեր կատարի, մենք պատրաստ ենք նրանց ներել և հաշտվել նրանց հետ։ Թուրքագետը թեև կիսում է Ռոբերտ Քոչարյանի տեսակետը, որ Թուրքիան Հայաստանի համար ուղիղ սպառնալիք է հանդիսանում, սակայն կատարեց մեկ ուղղում, որի համաձայն` ուղիղ սպառնալիքը գալիս է այսօրվա ՀՀ գործող իշխանությունից։    

«Արդեն ուրվագծում են սահմանների բացում, կյանքի պայմանների բարելավում, ճանապարհների ապաշրջափակում։ Որպես խոսքեր, դրանք լավ են հնչում, բայց թե ժողովուրդն իրական ինչ շահ կունենա այդ ամենից, մինչ օրս չեմ տեսնում։ Կարծում եմ, որ Հայաստանի ու Թուրքիայի իշխանություններն այսօր գործում են փոխհամաձայնեցված»,– նշեց թուրքագետը։

Լոքմագյոզյանը մտավախություն ունի, որ սահմանների բացման պարագայում թուրք առևտրականների անվան տակ Հայաստանը կլցվի թուրք գործակալներով, որովհետև այդ գործելակերպը հարևան երկիրը կիրառում է այլ պետությունների հետ հարաբերվելիս։   

ՀՀ իշխանությունը Թուրքիայի հետ պատրաստ է երկխոսության ստրկական պայմաններով․ փորձագետ

Հիշեցնենք, որ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների թեմայով բանավեճերն ակտիվացան Հայաստանի քաղաքական ղեկավարության մի քանի աղմկահարույց հայտարարություններից հետո։ Սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ պետք է տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտ ձևավորել Հայաստանի շուրջ, իսկ «դրա համար մենք պետք է փոխենք մեր տեսանկյունը տարածաշրջանի նկատմամբ։  

Մի քանի օր անց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում պատասխանելով հաղորդավարի հարցին, թե արդյո՞ք Թուրքիան Հայաստանին թշնամի պետություն է, հայտարարել էր, որ «մենք պետք է որոշ շտկումներ մտցնենք մեր մոտեցումներում»։

Իսկ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում ասել էր, որ Թուրքիան Հայաստանի համար ուղիղ սպառնալիք է։

Ըստ թեմայի

Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Թուրքիան ամեն ինչ կանի, որ Հայաստանը վերածի Աջարիայի պես մի բանի. Ռոբերտ Քոչարյան
Հարցերը մնում են օդից կախված. ՀՅԴ գործիչը` Քոչարյանի հայտարարության մասին
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, Սահման, Հայաստան, Թուրքիա

Գլխավոր թեմաներ