Թուրքերի նպատակը Հայաստանի ոչնչացումն է և իշխանությունների`նրանց հետ բարեկամանալու կոչերը չեն տեղավորվում որևէ տրամաբանության մեջ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՅԴ բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը։
«Թուրքիան իր ռազմավարական նպատակներից չի հրաժարվել։ Նրանց մոտ խաղաղասիրական կոչերը ծիծաղ են առաջացնելու, թմրեցնելու են մեր մարտունակությունը, մեր պաշտպանուկանությունը, մեզ ջլատելու և տրորելու է մեզ, և ավելի է հեշտացնելու նոր ցեղասպանությունների իրականացումը»,- ասաց նա։
Նրա խոսքով` գործող իշխանությունները կա՛մ չեն հասկանում այս ամենը, կա՛մ ուղղորդված թուրքական քաղաքականությունն են առաջ տանում։
«Հասարակության մեջ գնալով ամրապնդվում է այն կարծիքը, որ այս իշխանությունների մեջ կան թուրքական ծրագրերն իրականացնող գործակալներ»,- նշեց Ռուստամյանը։
Նրա կարծիքով`իշխանափոխությունից հետո այդ ամենը պետք է ավելի խորը քննության առարկա դառնա և ամեն ինչը պետք է վեր հանվի, որ ևս մեկ անգամ մեր զգոնությունը չբթացնեն և մատաղացու չդարձնեն գիշատիչ հարևանի համար։
«Պետք է համախմբվենք մեր ազգային, պետական նպատակների շուրջ, մի կողմ թողնենք բոլոր օտարածին ու օտարամոլ գաղափարները, վերագտնենք ինքներս մեզ, ոտքի կանգնենք և մեր անվտանգության համակարգը մեծացնենք առաջին հերթին մեր ռազմավարական դաշնակիցների հետ»,- հավելեց Ռուստամյանը։
Նշենք, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Հայոց ցեղասպանություն են անվանում Օսմանյան կայսրությունում և նրան հարակից շրջաններում 1915-1923 թթ. տեղի ունեցած հայերի զանգվածային բռնագաղթը, կոտորածներն ու բռնի կրոնափոխումը։
Թուրքիան շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը․ Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը