06:31 19 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.55
  • GBP740.81
  • EUR637.23
  • RUB7.08

Արայիկ Հարությունյանը մեղքի իր բաժինն ուրիշի վրա գցելու անհաջող փորձ է անում. Անտինյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
119 0 0

«Շրջադարձ հանուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Էդվարդ Անտինյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, որն առնչվում է արցախյան 44-օրյա պատերազմը ժամանակին դադարեցնելու խնդրին։

Անտինյան. «Արայիկ Հարությունյանը մեղքի իր բաժինն ուրիշի վրա գցելու անհաջող փորձ է անում»

Էդվարդ Անտինյանի դիտարկմամբ`տարօրինակ է, որ նման կարծիք է հայտնում պատերազմը հենց իր վրա վերցրած Արցախի ղեկավարը, հենց Արցախն է ներքաշված եղել պատերազմի մեջ ու իր վրա զգացել է վտանգը։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր հայտարարել է, թե պատերազմի արդյունքները պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին, սակայն հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եղել։ Արցախի նախագահի հայտարարության համաձայն` չի ձևավորվել քաղաքական կոնսենսուս կամ միասնական կարծիք` ընդդիմադիր, իշխանամետ, իշխանություն, և կարծես թե պատերազմը կանգնեցնելն այդ օրը համարում էին դավաճանություն։

«Նշանակում է, որ եթե Հայաստանի ղեկավարությունը ցանկություն չունենար անգամ այս վիճակով դադարեցնելու պատերազմը, ուրեմն մենք ընդհանրապես Արցախ չէինք ունենա։ Պարզապես Արայիկ Հարությունյանը մեղքի իր բաժինն ուրիշի վրա գցելու անհաջող փորձ է անում։ Նա առհասարակ մի քիչ թեթև պրծավ այս ամենից, մինչդեռ եթե թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, ապա առնվազն երկրորդ մեղավորն Արայիկ Հարությունյանն է։ Երևի մտածում է կամաց–կամաց սրբագրել իր դերակատարությունը` ուրիշ մեղավորներ փնտրելով»,– Sputnik Արմենիային ասաց քաղաքագետը։

Անտինյանի կարծիքով` նման հայտարարություններով հանդես գալն ու ամիսներ հետո սենսացիոն բաներ ասելն ուղղակի լուրջ չէ։ Ըստ նրա` ՀՀ–ում կայանալիք արտահերթ ընտրություններից առաջ կարող են ցանկացած բան փորձել, բայց հիմա հայաստանյան ներքաղաքական օրակարգի վրա Արայիկ Հարությունյանի ազդեցությունը պարզապես զրոյական է։

«Այդ աստիճան արժեզրկել Արցախը երևի թե ոչ մեկին չէր հաջողվի։ Ու հարցն այն չէ, որ տարածքը փոքրացել է։ Դրա փոխարեն մեծացել է հիմնախնդրի կարևորությունը։ Բնական է, որ ընտրություններից առաջ կխոսեն նաև Արցախի մասին և տարբեր տեղերից տարբեր բաներ կասեն, այսինքն`այսօր գործոն է Արցախը, այլ ոչ թե Արցախի նախագահը»,– նշեց քաղաքագետը։

Անդրադառնալով պատերազմը դադարեցնելու հարցում կոնսենսուսի առկայության կամ բացակայության խնդրին, Անտինյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելու առիթով Փաշինյանն ասել էր, թե չէր կարող բոլորի հետ համաձայնեցնել իրողությունները, և նշել էր, որ եթե այդ օրը չդադարեցներ պատերազմը, կարող էինք առկա վիճակին չհասնել։ Քաղաքագետը հարցադրումներ արեց` ի՞նչ կոնսենսուսի էին սպասում, որ ի՞նչ լիներ, ինչի՞ն էր սպասում Արայիկ Հարությունյանը։

Նրա համոզմամբ` իշխանությունը ստանձնած ուժն է որոշում անելիքը, որոշում են բանակն ու երկրի ղեկավարությունը, ուստի յուրաքանչյուրը պատասխան է տալու իր արածի համար։ Ըստ նրա` իրար վրա մեղքը բարդելով որևէ մեկի պատասխանատվության բաժինը դրանից չի պակասում, և եթե նույնիսկ Փաշինյանը հարցրել է տարբեր ուժերի կարծիքները` հանդիպելով կուսակցությունների հետ, և եթե կուսակցություններն անգամ բոլորովին այլ կարծիք հայտնեին, միևնույնն է, դա ժողովի թեմա չէ։

Ըստ թեմայի

Նույնիսկ եթե զիջումներով ԼՂ հարցի կարգավորման գնայինք, նորից պատերազմ էր լինելու. Փաշինյան
Ինչո՞ւ պաշտոնական Թեհրանը չեզոք դիրք բռնեց արցախա-ադրբեջանական պատերազմում
Պատերազմի բոլոր սցենարները հաշվարկված էին. Օնիկ Գասպարյանի խորհրդականը փակագծեր է բացում
թեգերը:
Էդուարդ Անտինյան, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ