06:48 19 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.55
  • GBP740.81
  • EUR637.23
  • RUB7.08

Ինչու Հայաստանում վարելահողերի շուրջ 50 %-ը չի օգտագործվում. Պետրոսյանը` պատճառների մասին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
81 0 0

ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում չմշակվող հողատարածքների խնդրին։

Պետրոսյան. «Մշակովի հողերի չօգտագործման հիմնական պատճառը ցածր եկամտաբերությունն է»

Գառնիկ Պետրոսյանի դիտարկմամբ` ցավալի է, որ սակավահող երկրում, ինչպիսին Հայաստանն է, վարելահողերի շուրջ 50 տոկոսը չի օգտագործվում, իսկ մնացած 50 տոկոսի օգտագործման արդյունավետությունն էլ չի կարելի բարձր համարել։ Ըստ նրա` խնդիրը նոր չի ծագել, վերջին 10-15 տարիների ընթացքում շարունակաբար նվազել է հետաքրքրությունը գյուղատնտեսության նկատմամբ և աստիճանաբար մարում է հողագործությամբ զբաղվելու մղումը։ 

«Մշակովի հողերի չօգտագործման առաջին և հիմնական պատճառը ցածր եկամտաբերությունն է։ Գյուղացին հողատարածքը մշակելով` ստանում է չնչին եկամուտ կամ շատ դեպքերում եկամուտը նույնիսկ ընդհանրապես բացակայում է, որովհետև արտադրողականությունը ցածր է, աշխատանքները հիմնականում կատարվում են ձեռքով, ծախսերը մեծանում են, իսկ գյուղմթերքի իրացման գների էական փոփոխություն տեղի չի ունենում։ Շուկայում առկա գներն առհասարակ կապ չունեն այն գնի հետ, որով գյուղացին առաջին ձեռքից վաճառում է մթերքը։ Շահում են ոչ թե գյուղացին և սպառողը, այլ շահում է միջնորդը»,– նշեց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։ 

Պատճառներից մեկը, ըստ Պետրոսյանի, գյուղատնտեսական ծառայությունների և աշխատուժի թանկացումն է, ինչը բերում է ծախսերի ավելացման, ինքնարժեքի բարձրացման։ Ըստ նրա` շարունակաբար բարձրանում են վառելիքի, մասնավորապես դիզվառելիքի ու քսանյութերի, ինչպես նաև պահեստամասերի գները։ 

«Գյուղացիական տեխնիկան մաշված է, 35-40 տարվա վաղեմության գյուղտեխնիկա և գյուղատնտեսական գործիքներ են օգտագործում մեր մշակները, ինչը բնականաբար երբեք չի կարող բարձր արդյունք ապահովել։ Մեքենատրակտորային հավաքակազմի թարմացման ուղղությամբ արվող քայլերը շատ փոքր են»,– նշեց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։

Թուրքական լոլիկի փոխարեն՝ իրանական․ գյուղացիներն օգնություն են խնդրում իշխանությունից

Պետրոսյանի խոսքով` շատ հողատարածքներ գտնվում են բնակավայրերից բավական հեռու, շատերն ուղղակի դեգրադացվել են` ենթարկվելով էրոզիայի ու աղակալման, բերրիության մակարդակը զգալիորեն է ընկել անսիստեմ օգտագործման ու չպարարտացման հետևանքով։     

Նշենք, որ Կոտայքի մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հողօգտագործողների աջակցության նոր ծրագրերից մեկը, որն առաջիկայում կընդունի կառավարությունը։

Փաշինյանի տեղեկացմամբ` ՀՀ վարելահողերի 50%-ից ավելին չի մշակվում, իսկ 74%–ը չի ոռոգվում։ 

թեգերը:
ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն, գյուղատնտեսություն, Նիկոլ Փաշինյան, Գյուղ, Հող, Հայաստան

Գլխավոր թեմաներ