20:49 13 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24

«Իրանն Ադրբեջանի վրա ազդելու մեծ լծակներ ունի». Վարդանյանը` Զարիֆի այցի մասին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
103 0 0

Իրանագետ Ահարոն Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի երևանյան այցին ու դրա շրջանակներում կայացած կարևոր հանդիպումներին։

 

«Զարիֆի հայտարարություններից հետո Ադրբեջանը հենց այնպես դուրս չի գա ՀՀ տարածքից». Վարդանյան

Ահարոն Վարդանյանի խոսքով` չափազանց կարևոր է հատկապես այն հանգամանքը, որ Իրանի արտգործնախարարը շեշտեց երկաթուղային հանգույցի շահագործումն ու Սյունիքի մարզի նշանակությունը։ Ըստ նրա` Հայաստանի տարածքային ամբողջականությանն առնչվող հայտարարությունը նույնպես կարևոր է, բայց հատկապես Սյունիքի մարզի նշանակության ընդգծումն արդեն իսկ փաստում է տարածքային անքակտելիության սկզբունքը, որին իրանական կողմը վերաբերվում է ամենայն լրջությամբ ու բծախնդրությամբ։

«Պատահական չէ, որ Զարիֆն այդ հայտարարությունն անում է այն ժամանակ, երբ թշնամին ներխուժել է մեր տարածք, հետևաբար իրանական կողմը շատ է կարևորում Հայաստանի հետ ռազմավարական բնույթի հարաբերությունները, որոնց առնչվող 3 սկզբունքները հնչեցրել է նաև Իրանի հոգևոր առաջնորդն արցախյան 44-օրյա պատերազմից հետո»,– նշեց իրանագետը։

Վարդանյանի կարծիքով` նոր իրողությունների պայմաններում Իրանի արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում ձևավորվել է հիշյալ երեք սկզբունքների համատեքստում, որոնցից գլխավորը երկրների տարածքային ամբողջականության պահպանումն է, ինչն էլ իրանական դիվանագիտության համար ունի կարմիր գծերի նշանակություն և ևս մեկ անգամ ամրագրվեց Երևանում։   

«Իրանն Ադրբեջանի վրա ազդելու մեծ լծակներ ունի և այնտեղ կարող է հարցեր լուծել, պարզապես խնդիրը պետք է դիտարկել ոչ թե Իրան–Ադրբեջան հարաբերությունների համատեքստում, այլ դրան մոտենալ ավելի մեծ, աշխարհաքաղաքական կտրվածքով։ Քանի որ մեր սահմաններին, հատկապես Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները մեծ խաղի բաղկացուցիչ մաս են կազմում, հետևաբար խնդիրները ճիշտ չի լինի դիտարկել լոկ երկկողմ, եռակողմ հարաբերությունների տեսանկյունից»,– նշեց իրանագետը։

Իրանը հարգում է երկրների տարածքային ամբողջականությունը. Զարիֆ

Վարդանյանի համոզմամբ`  Զարիֆի երևանյան հայտարարություններից հետո Ադրբեջանը հենց այնպես դուրս չի գա ՀՀ տարածքից, որովհետև Բաքվի բռնապետը ինչ-որ բան ուզում է և պահանջում է, ուստի այստեղ անհրաժեշտ են ավելի լուրջ միջոցներ ու քայլեր, ինչպես դա արեց Իրանը արցախյան առաջին պատերազմում հրադադարի հասնելու գործում` դրսևորելով ակտիվ միջնորդական առաքելություն։  

Նշենք, որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը Հայաստան է ժամանել այսօր։ Նա հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի,   ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

Իրանի արտգործնախարարը վերջին անգամ Հայաստան էր այցելել այս տարվա հունվարին, իսկ այս անգամ Հայաստան այցելելուց առաջ երեկ` մայիսի 25–ին, եղել է Ադրբեջանում։

թեգերը:
Ադրբեջան, Սահման, Սյունիք, Մոհամմադ Ջավադ Զարիֆ, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ