07:41 01 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66

Ինչը կարող է դրական ազդակ լինել ներդրումների համար. Քթոյանը`տնտեսական միջավայրի մասին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
64 0 0

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք ՀՀ իշխանությունների վերընտրման հանգամանքը խթանել ներդրումների հոսքը։

Քթոյան. «Ներքին ներդրումները կարճաժամկետ հատվածում ավելի շատ աշխուժություն կդրսևորեն»

Արմեն Քթոյանի դիտարկմամբ` ներդրումային միջավայրի համար քաղաքական կայունությունը բաղադրիչներից մեկն է միայն: Հատկապես մեր նման երկրների պարագայում մեծ թվով այլ ցուցանիշներ, պարամետրեր կան, որոնցով պայմանավորվում է միջավայրի գրավչությունը։

«Այս պահին ներդրումների ներգրավման հետ կապված խնդիրներն առավելապես պայմանավորված են այլ գործոններով, որոնցից է օրինակ շուկայի փոքրությունը։ Պահանջարկն այն չափով, որով հնարավոր կլիներ գրավչություն ապահովել ներդրողների համար ՀՀ–ում արտադրություն բացելու և գործունեություն ծավալելու առումով, ըստ էության չկա։ Հայաստանում գրավիչ կարող են լինել երկարաժամկետ ներդրումները` կապված մարդկային կապիտալի կամ այլ տիպի ռեսուրսների օգտագործման հետ»,– նշեց տնտեսագետը։

Քթոյանի կարծիքով` քաղաքական կայունությունն անշուշտ որոշակի դերակատարություն ունի և կարող է դրական ազդակ լինել ներդրողների համար, բայց ասել, որ իրավիճակի կայունանալուն պես մեծ ծավալով ներդրումներ կլինեն իրատեսական չէ, առավել ևս, որ հետընտրական կայունացումը դեռևս երաշխավորված չէ։  

«Հատկապես ներքին ներդրումների առումով քաղաքական կայունությունն ավելի խթանող դեր կունենա, որովհետև ներքին ներդրողները, ովքեր կարող են այստեղ ձևավորված շահույթի վերաներդրման մասին որոշումներ կայացնել, որոշակի սպասումների մեջ էին, հետևաբար իրավիճակի կայունացումը միգուցե նրանց համար ազդակ կհանդիսանա։ Իսկ արտաքին ներդրումների ներգրավման պարագայում շատ ավելի բարդ է։ Արտաքին ներդրող բերելու համար պետք է նրան ծանոթացնել մեր միջավայրին, վստահեցնել, որ Հայաստանում կունենա ավելի գրավիչ պայմաններ, քան հարևան երկրներում։ Կարելի է սպասել, որ ներքին ներդրումները կարճաժամկետ հատվածում ավելի շատ աշխուժություն կդրսևորեն»,– նշեց տնտեսագետը։ 

Ներդրումներ անում են այնտեղ, որտեղ կա կանխատեսելիություն. Ռոբերտ Քոչարյան

Քթոյանի խոսքով` ՀՀ կառավարությունը նախորդ տարիներին ազդակներ հղեց  ձեռնարկատերերին, որ կարևորը ոչ թե քաղաքական կողմնորոշումն է, այլ օրենքի դաշտում գործելը և այդ ժամանակահատվածում մարդկանց բիզնեսին տիրանալու կամ այն խլելու դեպքեր չեղան։ Ըստ նրա` ներդրումային միջավայրի վրա դրական ազդեցություն կարող է ունենալ նաև որոշակի պայմաններով տնտեսական համաներում հայտարարելը։     

Չէի ասի, թե ռուս գործարարները վախենում են Հայաստանում ներդրում անելուց. Կոպիրկին

Նշենք, որ բոլորովին վերջերս ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատը և մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնն (Վաշինգտոն) անցկացրել են ներդրումներին առնչվող հարցում։ Հարցված ձեռնարկությունների շուրջ 40 տոկոսը նշում է, որ պատրաստվում է կատարել անցած տարի հետաձգված ներդրումները, ևս 10 տոկոսը ցանկանում է ավելացնել դրանք:

Մնացած 50 տոկոսը մտադիր են ձեռնպահ մնալ ներդրումներից կամ կրճատել արդեն սկսված նախագծերը։ 

թեգերը:
Հայաստան, տնտեսություն

Գլխավոր թեմաներ