06:03 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74

Թուրքիան մտադիր չէ կանգ առնել. Սաֆրաստյանն ասել է` ինչ կարող է լինել հաջորդիվ

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
82810

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական համագործակցության առանձնահատկություններին ու հեռանկարին։ 

Սաֆրաստյան. «Շուշիի հռչակագրով դրվում է թուրք–ադրբեջանական միասնական պետության հիմքը»

Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ` Թուրքիան անմիջականորեն ղեկավարեց թուրք–ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ` պատերազմում ներգրավելով զինտեխնիկա, վարձկաններ, զգալի աջակցություն ցուցաբերեց քաղաքական տարբեր հարթակներում, և այդ ամենը վկայում է այն մասին, որ Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանի արտաքին ու ներքին քաղաքականության վրա կտրուկ աճեց։ 

«Եթե ուսումնասիրենք Շուշիի հռչակագրի տեքստը, կարող ենք արձանագրել, որ այդ փաստաթղթով ըստ էության սկիզբ է դրվում թուրք–ադրբեջանական դաշնային և միասնական պետության ստեղծման գործընթացին, ինչը նման է Ռուսաստանի և Բելառուսի օրինակին։ Դա ունի նաև պանթուրքիստական իմաստ»,– նշեց թուրքագետ ակադեմիկոսը։

Սաֆրաստյանի խոսքով` Շուշիի հռչակագրում կա հստակ կետ, ինչը փաստում է պանթուրքիզմի ծրագրի մասին, դրանով Թուրքիան ցույց է տալիս թուրքալեզու աշխարհին, որ Ադրբեջանի հետ սերտորեն ինտեգրվում է և դա կարող է հետագայում ճանապարհ լինել նաև մյուս թուրքալեզու երկրների համար։ 

«Թուրքիան ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ` տարբեր ոլորտներում օգտագործելով իր ներուժը։ Հատկապես ռազմական ոլորտում թուրքական «Բայրաքթարները» մեծ համբավ ձեռք բերեցին արցախյան 44-օրյա պատերազմից հետո, հետևաբար, Թուրքիան ամենուր թուրքալեզու երկրների շրջանում գովաբանում է իր զենքը` առաջ քաշելով ռազմական ոլորտում համագործակցության թեզը»,– նշեց ակադեմիկոսը։

Սաֆրաստյանի գնահատմամբ` նույն նպատակին է ծառայում համաթուրանական բանակի ստեղծման գաղափարը, որն այժմ դեռ հեռու է իրականություն դառնալուց, սակայն եթե հաշվի առնենք ընթացող ակտիվ բանակցություններն ու մի շարք երկրների հետ կնքված համաձայնագրերը, ապա կարելի է պատկերացնել, որ ապագայում թուրքալեզու երկրների տառազմական համագործակցությունը կդառնա ավելի սերտ։  Թուրքագետ ակադեմիկոսը չբացառեց, որ տեսանելի հեռանկարում կարող է ստեղծվել նաև թուրքալեզու պետությունների քազմաքաղաքական դաշինք։         

Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է դասեր քաղի անցյալից. Թուրքիայի արտգործնախարար

Նշենք, որ Շուշիում 2021 թվականի հունիսի 15-ին հռչակագիր է ստորագրվել Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի միջև։ Փաստաթուղթն Անկարայի և Բաքվի համագործակցության ընդլայնում է ենթադրում ռազմական և ռազմաքաղաքական, ինչպես նաև տնտեսության և էներգետիկայի ոլորտներում։

Հիշեցնենք, որ Շուշին անցել է ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարվա 44-օրյա արցախյան պատերազմի ժամանակ։ Դրանից հետո մարտական գործողությունները դադարեցվեցին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ընդունած եռակողմ հայտարարության համաձայն։

Իրանը կարող է զսպել Սյունիքում ադրբեջանա-թուրքական ակտիվության ճիգերը. Միսակյան

Ըստ թեմայի

Թուրքական ռազմաբազա Ադրբեջանո՞ւմ. ռուս փորձագետներն Անկարային սթափության կոչ են անում
Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
«Զինված ուժերի մասնակի միակցում». Թուրքիայի ՌՕՈւ հրամանատարի`Բաքու այցի հետքերով
թեգերը:
Թուրքագետ, Ռուբեն Սաֆրաստյան, Ադրբեջան, Արցախ

Գլխավոր թեմաներ