05:37 20 փետրվարի 2018
Ուղիղ եթեր
Թբիլիսի. Վրաստան

Դեսպանական պտույտ. Մինասյանի նշանակումը Վրաստանում կկաշկանդի՞ Երևանին

© Sputnik/ Laura Sarkisyan
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
4110

Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում Սերգեյ Մինասյանի նշանակման հետաձգումը նշանակում է ` կամ պաշտոնը կստանձնի մեկ այլ անձ, կամ նա` միայն երկու երկրների ղեկավարների մակարդակով համաձայնության գալուց հետո:

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Սերգեյ Մինասյանի` Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու պատմությունը երկու երկրների նախարարությունների և կառավարությունների դիվանագիտական սխալն է, համարում է  Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեն:

Վրաստանի և Հայաստանի ԶԼՄ-երը դեռ ամռանից  ակտիվորեն քննարկում են Սերգեյ Մինասյանի նշանակումը Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում:  Նախօրեին վրացական մամուլը տեղեկություն է հրապարակել, որ Մինասյանին հրաժարվել են հավատարմագրել, սակայն Վրաստանի և Հայաստանի ԱԳՆ-ները կոչ են արել չշահարկել թեման` հայտարարելով, որ  դեսպանների հետ կապված որոշումները միշտ էլ հրապարակային են: Այնուամենայնիվ, հարցի պատասխանը դեռ անհայտ է:

«Անհնար էր ամեն ինչ բերել հանրային քննարկման: Դա երկու կողմերի դիվանագիտական վրիպումն է, որը կարող է արագ լուծվել, եթե լինի բարի կամք», — ասել է Մամրեձեն Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում:

Նրա խոսքով` դիվանագետին ագրեման տրամադրելու հետաձգումը և այդ հարցի հանրային քննարկումը նշանակում է, որ դիմողը չի նշանակվելու: Այնուամենայնիվ, և այստեղ կարելի է բացառություն  անել,  եթե հարցը լուծում ստանա բարձր մակարդակով, կարծում է փորձագետը:

«Դժվար է պատկերացնել, որ այս հարցում մեղավորը վրացական կողմն է: Սովորաբար այդպիսի բան չի լինում,  հատկապես բարեկամ երկրների միջև: Դեսպանի թեկնածության հարցը սովորաբար ամփոփվում է  բանավոր կերպով և միայն դրանից հետո  տեղեկատվությունը տրվում է ԶԼՄ-ներին», — ասել է Մամրաձեն:

Վրաստանի պատմության մեջ Մամրաաձեն երկու նման դեպք է հիշում, երբ դեսպանի նշանակումը հետաձգվել է կամ ընդհանրապես փոխվել: Առաջինը Էդուարդ Շևարդնաձեի նախագահության օրոք էր, մյուսը` Սահակաշվիլու: Սակայն փորձագետը մտահոգված է Հայաստանի և Վրաստանի միջև բանավոր համաձայնագրի հստակ խախտմամբ:

«Կամ խախտվել է բանավոր համաձայնությունը կամ հայկական կողմը որոշել է հետաձգել այդ թեկնածուի նշանակումը», — ասել է Մամրաձեն:

Նա համոզված է, որ երկու երկրների ԱԳՆ-ները չեն մեկնաբանի այդ հարցը` գործը չհասցնելով սկանդալի, քանի որ նույն անձը կարող է ապագայում նույն պաշտոնը զբաղեցնել այլ երկրում:

«Մենք ուզում էինք մի երկիր մեր մարդկանցից մեկին ուղարկել, բայց այդ երկրի դեսպանը մոտեցավ ինձ և խնդրեց  փոխել նրա  թեկնածությունը:  Պատճառը մեր թեկնածուի կողմից այդ երկրի հասցեին ասված մի քանի սուր հրապարակումներն էին. արդյունքում, նա մեկ այլ երկրում դեսպան նշանակվեց», — ասել է Մամրաձեն:

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը Կովկասի ինստիտուտի փոխտնօրենն է:

Այժմ Վրաստանում Հայաստանի դեսպանն է Յուրի Վարդանյան է, որը պաշտոնավարում է 2014 թ. օգոստոսից:

Վրաց-հայկական դիվանագիտական հարաբերությունները սկիզբ են առնում 1992 թ. հուլիսի 17-ից:

Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության` Հայաստանը Վրաստանի ամենախոշոր  առևտրային գործընկերների տասնյակի մեջ է:

2016 թվականին ապրանքաշրջանառությունը  երկրների միջև գերազանցել է 367.4 մլն ԱՄՆ դոլարը: Անցյալ տարի Վրաստանը Հայաստան է  արտահանել հիմնականում ավտոմեքենաներ, էթիլային սպիրտ, պարարտանյութեր, էլեկտրաէներգիա, բժշկական և կոսմետիկ ապրանքներ:

Գլխավոր թեմաներ