13:23 22 հունիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.20
  • GBP632.02
  • EUR555.40
  • RUB7.55
Էրդողանն` ընտրություններին ընդառաջ

Էրդողանն ընտրությունների նախաշեմին. գործի են դրվել կեղծիքները, Սիրիան և նույնիսկ Ղարաբաղը

© REUTERS / Umit Bektas
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
22910

Հավանաբար, Էրդողանի վարչակազմի ներկայացուցչի (խոսքը Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի մասին է)` Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտության վերաբերյալ վերջին սկանդալային–սենսացիոն հայտարարությունը պետք է բացատրել թուրք դիվանագետների և «բարձրաստիճան» չինովնիկների` «թրենդի մեջ լինելու» ձգտմամբ...

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Դժվար ժամանակներն ընկերակցում են Էրդողանին


Դատելով նրանից, որ Էրդողանի վարկանիշը վերջին ժամանակներին իջել է մինչև 47 տոկոս (նախկինում տատանվում էր 49-ի սահմաններում), Թուրքիայի նախագահի գլխավոր աթոռի հավակնորդի մոտ որոշակի խնդիրներ են առաջացել։

Մի կողմից` պարզ է, որ վարկանիշային ցուցանիշի նման աննշան անկումը, մեծ հաշվով, հունիսի 24-ին նախանշված վերջնական արդյունքի վրա չի անդրադառնա։ Թուրքիայի գործող նախագահի և նրա մոտ հակառակորդների միջև ցուցանիշների տարբերությունը մեծ է։ Այդ առումով Էրդողանի վարչակազմը մտահոգվելու խնդիր չունի։

Մյուս կողմից պետք չէ մոռանալ, որ արտահերթ  նախագահական ընտրությունների ժամանակ Թուրքիայի առաջնորդին անպայման հաղթանակ է պետք` հակառակորդներից ցուցանիշի մեծ  տարբերությամբ։

Բանն այն է, որ Էրդողանը մինչև հիմա հույս ունի, որ խորհրդարանական ռեժիմից նախագահական կառավարման համակարգին անցնելուց և նրա համոզիչ և անվերապահ հաղթանակից հետո ԵՄ–ի դռները կբացվեն Թուրքիայի առաջ։

Եվ դրա համար Էրդողանին հարկավոր է, որ նրա հաղթանակն ու երկրի` նախագահական կառավարման համակարգին անցում կատարելը Արևմուտքի կողմից չդիտարկվի որպես գործող նախագահական  վարչակազմի կողմից թուրքական հասարակության վրա գործադրվող ավտորիտար ճնշման հետևանք։

Սակայն այլ կերպ, գործող նախագահի մոտ չի ստացվում. բացի այն, որ ավտորիտարիզմը, կարծես, Էրդողանի արյան մեջ է, ներկա իրավիճակում երկիրն այլ կերպ կառավարել չի էլ ստացվում։

Քրդական գործոնն իր ազդեցությունն է թողնում (երկրի արևելքում գրեթե քաղաքացիական պատերազմ է)։ Ներքին սոցիալական ճգնաժամը, որը թաքցնում էին գործող նախագահի համախոհները, ժամանակ առ ժամանակ իր ազդեցությունն է ունենում, որը կապվում է անհաջող ռազմական հեղաշրջման ժամանակ փախուստի դիմած չինովնիկների և բարձրաստիճան սպաների` Գյուլենի կողմնակիցների հետ։

Բացի այդ, Անկարայի գործերը արտաքին քաղաքական դաշտում ևս այդքան էլ լավ չեն։ Ոչ մի կերպ չի հաջողվում ի օգուտ Թուրքիայի շրջել Սիրիայի քրդերի հետ կապված իրավիճակը (ամերիկացիները չեն համաձայնում «քաշել» այդ երկրում մնացած միակ դաշնակիցներին)։

Էրդողանի վարչակազմին տպավորիչ հաղթանակ է պետք. գնին և ֆեյքերին չի նայի

Այդ պատճառով էլ Էրդողանը ստիպված է իր համախոհների ու ամբողջ նախագահական վարչակազմի հետ ջանք գործադրել` փորձելով դեմքի լավ արտահայտություն անել վատ խաղի պայմաններում։ Համոզել թուրք հասարակությանը, որ երկրի գործերը գնալով լավանում են, որ Թուրքիան շուտով լուրջ գիտա–տնտեսական առաջընթաց է ապրելու, ընդհուպ` մինչև այն, որ շուտով թուրք առաջին տիեզերագնացը տիեզերք կհասնի։

Պատմում են, որ երկիրը շուտով կսկսի մեծ թվով բարձրակարգ էլեկտամոբիլներ արտադրել (որոնք կգերազանցեն Մասկի «Տեսլային») և նույնիսկ, ռուսների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն և նրանց հետ համատեղ` նորագույն С-500 ԶՀՀ արտադրել։

Բացի այդ, շարքային քաղաքացիներին բարձրաստիճան չինովնիկներն ու դիվանագետները վստահեցնում են` շուտով լուրջ առաջընթաց է սպասվում նաև արտաքին քաղաքական դաշտում։ Ընդհուպ մինչև այն, որ արդեն իսկ պայմանավորվածություն կա, ըստ որի ամերիկացիները շուտով սկսելու են Սիրիական Մանբիջից դուր բերել իրենց քուրդ դաշնակիցների ռազմական խմբավորումները, և շուտով կսկսեն այնտեղ թուրքական բանակի զորամիավորումներ մտցնել։

Որն արդեն այնտեղից զինվորական քայլով սիրիական սահմանի երկայնքով, շրջանը շրջանի հետևից ազատագրելով «քուրդ ահաբեկիչներից» (թուրքական պաշտոնական հայտարարություններում միայն այս տերմինն է կիրառվում) կհասնի նույնիսկ Քանդիլ, որը Հյուսիսային Իրաքում է գտնվում։

Իսկ «Մասկին» գերազանցելու և սեփական տիեզերագնացին տիեզերք ուղարկելու մասին իհարկե ոչ ոք չի հանդգնի խոսել` գուցե Էրդողանն իր գաղտնի մեթոդներն ունի։

Սակայն, ինչ վերաբերում է С-500–ին, ապա հազիվ թե ներկայիս իրավիճակում Ռուսաստանը համաձայնի մոտ թողնել ՆԱՏՕ–ի լիիրավ անդամ հանդիսացող երկրին այն տեխնոլոգիաներին, որոնցից Արևմուտքում ոմանք վախենում են ։

Բացի այդ Մանբիջի մասին ևս Էրդողանը կարծես չափազանցրեց` Միացյալ Նահանգների մոտ Սիրիայում միայն մեկ նորմալ և որևէ բանի ընդունակ դաշնակից է մնացել` քրդերը։ Եթե Վաշինգտոնում նրանցից էլ հրաժարվեն, ապա նրանք ստիպված կլինեն լքեր և՛ երկիրը, և՛ տարածաշրջանն ընդհանրապես։

Դրան Միացյալ Նահանգներն այսօր ակնհայտորեն չեն գնա։ Հակառակը, սրում են Սիրիայում առկա իրավիճակը,  զրահատեխնիկա և հատուկ նշանակության զորքեր, նոր ու էլիտար ջոկատներ տեղափոխում այնտեղ…

Այնպես որ` այս կոնկրետ դեպքերում կարելի է վստահաբար ասել, որ Էրդողանն անձամբ կեղծ լուրեր է օգտագործում և պարզապես «փափուկ բարձ դնում» պոտենցիալ ընտրողի գլխի տակ։

Մևլյութ Չավուշօղլու. «Եթե արցախյան դեպքերն այսօր տեղի ունենային…»

Հանուն իրենց շեֆի իմիջի և վարկանիշի բարձրացման այս կեղծ տեղեկատվական հարձակման մեջ թուրք չինովնիկներն ու դիվանագետները չէին կարող չհիշատակել նաև Թուրքիայի «կրտսեր եղբայր» Ադրբեջանին` արցախյան խնդրի հետ մեկտեղ. ի դեպ` որում Անկարան, անկախ գործադրած ջանքերից, ոչ մի կերպ չի կարող օգնել Բաքվին։

Չի կարելի հերքել, որ Էրդողանն իսկապես որոշակի փորձեր է արել մասնակցելու բանակցային գործընթացին. գոնե` անուղղակի։

Հիշում եմ, երբ հերթական անգամ Սոչի էր մեկնում Պուտինի հետ հանդիպելու, հանրայնորեն, տեսախցիկների առաջ խոստացավ, որ անպայման կխնդրի Ռուսաստանի նախագահին լուծել խնդիրը (բնականաբար հօգուտ «կրտսեր եղբոր»), քանի որ նա կարող է դա արագ անել։

Ճիշտ է, այցից հետո Թուրքիայի նախագահը փորձում էր չհիշատակել իր խոստման մասին։ Հավանաբար, հերթական անգամ, ինչպես միշտ ի պատասխան լսել է` «ռազմական հակամարտության մեջ կողմերից մեկին սատարող երկիրն իրավունք չունի միջամտելու բանակցային գործընթացին»։

Սակայն այժմ, երբ Թուրքիայի նախագահական վարչակազմին շատ է անհրաժեշտ արտաքին քաղաքական դաշտում գոնե ինչ–որ հաղթաթուղթ ունենալ (չէ՞ որ պետք է թոզ փչել շարքային ընտրողի աչքերին), Թուրքիայի ԱԳՆ–ում կրկին հիշել են արցախյան հակամարտության թեման։

Ընդ որում` հիշել է Մևլյութ Չավուշօղլուն։ Նույնիսկ ասել է, թե ոչ միայն Թուրքիայի արտգործնախարարն է, այլև Ադրբեջանի, այնքան է աջակցում իր բոլոր նախաձեռնություններում գործընկեր և եղբայր Մամեդյարովին։

Դե ու ամենակարևորը. Արցախը նկատի ունենալով, ասել է, որ եթե 30 տարի առաջ Թուրքիան այսքան ուժեղ և հզոր գերտերություն լիներ, ոչ մի դեպքում ադրբեջանական տարածքների բռնազավթում թույլ չէր տա։

Սա պետք է հասկանալ հետևյալ կերպ, որ եթե այն ժամանակ նախագահը լիներ Էրդողանը, իսկ երկիրը լիներ նախագահական, ապա Թուրքիայի բանակը մի քանի անգամ ավելի ուժեղ ու հզոր կլիներ։ Մոտավորապես այսօրվա նման. և Արցախն այդ ժամանակ փրկված կլիներ։

Մի խոսքով` «երբեք այդքան չեն ստում, որքան ընտրություններից առաջ, պատերազմի ժամանակ և որսից վերադառնալիս». սա ոչ թե իմ այլ կոմս, իշխան Օտտո Էդուարդ Լեոպոլդ ֆոն Բիսմարկ–Շյոնհաուզենի արտահայտությունն է։ Եվ այսօր Էրդողանի ողջ «նախագահական զորքն» իր պահվածքով ապացուցում է, որ մեծն գերմանացին իրավացի էր։

թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Թուրքիա

Գլխավոր թեմաներ