01:19 14 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Մամուկա Բախտաձե

Կենացների դիվանագիտություն. ինչո՞ւ է Վրաստանի վարչապետ Բախտաձեն Բաքվից հետո Երևան ժամանում

© Photo : Facebook/ Mamuka Bakhtadze
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
25210

Հայ–վրացական հարաբերությունները «կենացների դիվանագիտությունից» պետք է որակապես նոր աստիճանի բարձրացվեն, իսկ երկու երկրների առաջնորդները խոսքից գործի անցնեն, համոզված են Երևանի և Թբիլիսիի փորձագետները։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի այցը Հայաստան միանշանակ նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ Սակայն Երևանն ու Թբիլիսին պետք է համագործակցության նոր մակարդակի ձգտեն, ինչը հնարավոր է միայն ակտիվ երկկողմանի աշխատանքի շնորհիվ։ Դրանում համոզված է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոննի Մելիքյանը։

Օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց վարչապետի կարգավիճակում Հայաստան Մամուկա Բախտաձեի առաջին պաշտոնական այցի մասին։ Նախնական տվյալներով` վրաց վարչապետը կժամանի հոկտեմբերի սկզբին։

Իր առաջին միջազգային այցը վարչապետ Բախտաձեն կատարեց անցած շաբաթ` այցելելով հարևան Ադրբեջան։ Այդ հանգամանքը մի շարք հարցեր ծնեց Երևանում, քանի որ Փաշինյանի առաջին պաշտոնական այցը Վրաստան էր։

«Կարևոր չէ, թե Բախտաձեն առաջինը ուր է այցելել, կարևորը, որ այդ հանդիպումներն արդյունք տան։ Դա մենք տեսնում ենք Ադրբեջան Բախտաձեի այցի արդյունքում, սակայն հայ-վրացական հարաբերությունների պարագայում մենք տրանսպորտի, էներգետիկայի ոլորտներում նախագծերի սաղմեր ենք տեսնում և ոչ ավելին», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մելիքյանը։

Նա ընդգծեց, որ ամենօրյա աշխատանք է պետք, որը թույլ կտա հարևան պետությունների հարաբերությունները նոր մակարդակի դուրս բերել։ Այցերի հերթականությանը նշանակություն տալը ճիշտ չէ, պետք է ուշադրությունը սևեռել դրանց արդյունքների վրա։

Փորձագետը նաև տրամաբանական է համարում Բաքու, այլ ոչ Երևան Բախտաձեի առաջին այցը, քանի որ սեպտեմբերը Հայաստանի ներքաղաքական կյանքում աշխույժ է, և երկիրը Երևանի ավագանու ընտրություններին է պատրաստվում։ Նման այցի համար ավելի ճիշտ ժամանակահատված է հոկտեմբերի սկիզբը։

Հայ–վրացական հարաբերությունները միշտ էլ բարիդրացիական են եղել, սակայն «կենացների դիվանագիտությունից» գործողություններին անցնելու համար պետք է աշխատել բոլոր ուղղություններով։ Երկկողմ հարաբերություններին նոր խթան կհաղորդի միջխորհրդարանական բարեկամության խմբի ակտիվ աշխատանքը և երկկողմ տնտեսական համագործակցության հանձնաժողովի գործունեության վերականգնումը։

Բանն այն է, որ Վրաստան ՀՀ վարչապետի առաջին պաշտոնական այցի ժամանակ` այս տարվա մայիսի 30-ին, Նիկոլ Փաշինյանը վրաց գործընկերոջ, այսօր արդեն Վրաստանի պաշտոնաթող վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել երկկողմ տնտեսական համագործակցության հանձնաժողովի գործունեությունը վերականգնելու մասին։ Պետք է աշխատանքային խմբերի բանակցություններ տեղի ունենային, որոնք կնախապատրաստեին երկկողմ տնտեսական հանձնաժողովի հանդիպումը։ Սակայն կողմերը դեռ խոսքերից գործի չեն անցել։

Մելիքյանը հույս ունի, որ Բախտաձեի այցը կխթանի միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի աշխուժացմանը։

«Այցը կարևոր է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար։ Հույս ունենք, որ այցից հետո կլսենք միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը վերսկսելու պատրաստակամության և կարճ ժամկետում առաջին նիստն անցկացնելու մասին կողմերի հայտարարությունը», – ասաց Մելիքյանը։

Նա վստահ է, որ դա թույլ կտա աշխատել բոլոր ուղղություններով և կխթանի գերատեսչությունների ակտիվ գործունեությունը։

Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին պետ Պետրե Մամրաձեն իր հերթին համակարծիք է հայ փորձագետների հետ։ Նա նշեց, որ դիվանագիտության մեջ այցերն ու դրանց հաջորդականությունը կարևոր չեն, կարևորը, որ դրանք արդյունք տան։

«Ճիշտ չէ հետևություններ անել այն հիմքով, թե այս կամ այն վարչապետն ուր է առաջինը մեկնել։ Պետական գործիչների մեջ նման կասկածներ և հարցեր չեն առաջանում։ Երևան Բախտաձեի այցը տրամաբանական է, քանի որ այն պատասխան այց է։ Բաքվից հետո Երևան այցելելը զուտ տեխնիկական խնդիր է», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մամրաձեն։

Նա ընդգծեց, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները հետաքրքրում են և կարևոր են Վրաստանի համար։ Երկու երկրներին համատեղ մեծ նախագծերով կապերն ամրապնդելուն խանգարում է ոչ թե փոխադարձ վերաբերմունքը, որը միշտ եղել և այժմ էլ բարձր մակարդակի վրա է, այլ տնտեսական վիճակը, որը երկու երկրներում այդքան էլ բարվոք վիճակում չէ։

Հիշեցնենք, որ Մամուկա Բախտաձեն Վրաստանի վարչապետ դարձավ հունիսի 20-ին, երբ հունիսի 13-ին նրան նախորդող վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին լքեց պաշտոնը։ Կվիրիկաշվիլու գլխավորությամբ Վրաստանի պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստանում եղել է 2018 թվականի մարտի 2-ին։ Մայիսի 30-31–ը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Վրաստան պաշտոնական այցով գնացել է Հայաստանի պատվիրակությունը։

Ըստ թեմայի

Հարյուրավոր ուղևորներ մնացել են հայ-վրացական սահմանին. ո՞րն էր գնացքների ուշացման պատճառը
Մելիքյան. «Հայ-վրացական հարաբերություններում փոփոխություններ չեն լինի»
Հայաստանը հերթում է. ինչպես կազդի Կվիրիկաշվիլու հեռանալը հայ–վրացական հարաբերության վրա
Հայ-վրացական հարաբերություններն այլևս նախկինը չեն լինի
Վրաստանում Փաշինյանին սպասում էին, կամ հայ–վրացական հարաբերությունների «փակ» շրջանի ավարտը
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ