07:52 18 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.45
  • GBP590.89
  • EUR534.43
  • RUB7.58
Ռեջեփ Թայիփ Էրդողան. Թուրքիայի նախագահ

Կոշտ պայքար Պոլսո պատրիարքի աթոռի համար. ինչո՞ւ է Էրդողանը ձգձգում ընտրության հարցը

© AP Photo / Murat Kula
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
116 0 0

Փորձագետները կարծում են, որ Թուրքիայի իշխանությունները կարող են արհեստականորեն ձգձգել ՀԱԵ Կոստանդնուպոլիսի պատրիարքի ընտրության հարցի լուծումը։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձել է Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլիսի պատրիարքի աթոռի համար ծավալվող ոչ պաշտոնական, բայց կոշտ պայքարի մասնակիցը:

Պոլսո նոր պատրիարքի ընտրության հարցը ծագել է դեռ 2008-ին, երբ այդ ժամանակ գործող առաջնորդ Մեսրոպ Մութաֆյանի մոտ ախտորոշվեց Ալցհեյմերի հիվանդություն: Պատրիարքը 11 տարի, մինչ վերջերս մահկանացուն կնքելը, բժիշկների հսկողության տակ էր: Այդ ընթացքում Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունը փաստացի ղեկավարել է Էրդողանի դրածո, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Սակայն նա չի արդարացել ո՛չ Թուրքիայի հայ համայնքի, ո՛չ պատրիարքարանի հոգևոր խորհրդի վստահությունը։ Աթեշյանին Էրդողանի հետ ջերմ հարաբերությունների համար հեգնաբար անվանում են «Աթեշօղլու»:

Ինչպես նշեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը, պատրիարքի պաշտոնի համար պայքարը ոչ պաշտոնապես սկսվել է դեռ մարտի 8-ին` Մութաֆյանի մահվան օրը:

«Ավելի վաղ խոսվում էր այն մասին, որ նոր պատրիարքի ընտրությունը կկայանա Մութաֆյանի մահից 40 օր անց: Իրականում առայժմ կոնկրետ ամսաթիվ չկա»,- ասաց Լոքմագյոզյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Ավելին, հայտնի չէ, թե երբ կլուծվի ընտրության ամսաթիվը որոշելու հարցը։

Թուրքագետը հաղորդեց, որ հիմա Պատրիարքությունում քաոս է տիրում, մրցակիցները դավեր են հյուսում միմյանց դեմ: Նրա կարծիքով` այդ ներքին պայքարում կարևոր դեր կխաղա Թուրքիայի իշխանությունների վերջնական որոշումը:

«Էրդողանն ունի իր թեկնածուն, ի դեմս արքեպիսկոպոս Աթեշյանի, որի հետ միշտ կարելի է պայմանավորվել։ Ուստի կձեռնարկվեն բոլոր միջոցները, որպեսզի հենց նրան ընտրեն պատրիարք»,– համոզված է Լոքմագյոզյանը։

Նա չի բացառում, որ պատրիարքի ընտրությունն անցկացնելու հարցի լուծումն արհեստականորեն կձգձգվի, Թուրքիայի իշխանությունները «կմաղեն» այս պաշտոնի անցանկալի հավակնորդներին։ Պատմությունը հիշում է նման օրինակներ։

Այդ համատեքստում փորձագետը հիշեցրեց Կոստանդնուպոլիսի տեղապահի ընտրությանը, որ տեղի է ունեցել 2017թ. մարտին։

Այն ժամանակ առաջադրվել են երեք թեկնածու. Արամ Աթեշյանը, Գերմանիայում ՀԱԵ թեմի ղեկավար Գարեգին Բեկչյանը, ինչպես նաև Պատրիարքության հոգևոր խորհրդի ղեկավար Սահակ Մաշալյանը, որը վերջին պահին հանել էր իր թեկնածությունը: Բեկչյանի օգտին քվեարկել էր 34 ընտրող, իսկ Աթեշյանի՝ 11–ը: Վերջինը 2017թ–ի մայիսին հրաժարական է տվել, իսկ Բեկչյանը դարձել է տեղապահ և սկսել պատրաստվել նոր պատրիարքի ընտրություններին։

Սակայն Թուրքիայի իշխանությունները չճանաչեցին Բեկչյանին և մերժեցին Հոգևոր խորհրդի` Կոստանդնուպոլիսի պատրիարքի լիարժեք ընտրություններ անցկացնելու իրավունքը: Աթեշյանը կրկին վերադարձավ պատրիարքի տեղապահի պաշտոնին։

Իր հերթին, Ստամբուլի «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ համայնքը, շունչը պահած, հետևում է իրադարձությունների զարգացմանը։ Բայց գոյացել է տեղեկատվական վակուում, չէ՞ որ անհասկանալի է՝ իշխանությունները երբ կթույլատրեն ընտրության անցկացումը:

«Էրդողանն արդեն չի կարող նախկինի նման բացահայտ աջակցել Աթեշյանին, չէ որ դա տեղի հայերի բողոքի ալիքը կհարուցի:  Բայց ամեն դեպքում, աջակցություն կլինի. գաղտնի կամ միջնորդների միջոցով», – ասաց Էստուկյանը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության գալիք տարելիցին, ապա, ինչպես նշեց խմբագիրը, Էրդողանից Թուրքիայում սպասում են ափսոսանք հայտնելու հերթական հայտարարությունը, բայց՝ ոչ ավելին։

Իր հերթին, Լոքմագյոզյանն առաջարկում է չգայթակղվել Թուրքիայի նախագահի ելույթներով։ Էրդողանը կարողանում է գործել ըստ իրավիճակի, և եթե որոշի, որ ապրիլի 24–ին` Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, պետք է ինչ-որ հայամետ բան ասել, նա այդպես էլ կվարվի։ Փորձագետը վստահ է, որ դա չի խանգարում թուրք առաջնորդին հաջորդ օրը ելույթ ունենալ հակահայկական հայտարարությամբ` կրկին ելնելով իրավիճակից:

Նրա խոսքով՝ միակ բանը, որ կարող է Ապրիլի 24-ին տեղի ունենալ Թուրքիայում, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ակցիան է, որը, հնարավոր է, կկազակերպի  ժողովրդավարության գաղափարների և պատմական փաստի ճանաչման օգտին հանդես եկող թուրքերի խումբը:

Հիշեցնենք` ХХ դարի 50–ականներին մեկուկեսմիլիոնանոց Ստամբուլում 150 հազար հայ էր ապրում։ Այսօր գրեթե 20-միլիոնանոց Ստամբուլում մնացել են հազար հույն, 20 հազար հրեա ու 40 հազար հայ:

Ըստ թեմայի

Պանամայի գործը և Եղեռնը չճանաչելու պատճառները. ով հանգիստ շունչ կքաշի Ասանժի կալանքից հետո
Հայաստանն իրավացի է, բայց եթե Թրամփն էլ արտասանի «բաղձալի» բառը, Թուրքիան անդրդվելի կմնա
Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օր. Մակրոնը ստորագրել է հրամանը
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Հայ Առաքելական Եկեղեցի, Թուրքիա

Գլխավոր թեմաներ