16:59 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
«Վերին Լարս»

Բեռնատարները «Վերին Լարս» են հասնում պատրաստի փաստաթղթերով. ո՞րն է երկար հերթերի պատճառը

© Photo : press office of the MTCIT of RA
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
178 0 0

«Վերին Լարսի» անցակետում հերթերի խնդիրը կարգավորելու համար մաքսատան աշխատակիցներին օգնության է հասել Ռուսաստանի Տրանսպորտի վերահսկողության դաշնային ծառայությունը:

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Բեռնափոխադրող Վարուժան Կոլյանի ապրանքը 8 օր շարունակ մնացել էր «Վերին Լարս» անցակետում։ Կոլյանը տուժել է, քանի որ դեղորայք է փոխադրել, որի համար հստակ ջերմային ռեժիմ է նախատեսված: Sputnik Արմենիայի հետ զրույցում բեռնափոխադրողն ասաց, որ իր խնդիրն արդեն լուծվել է։

«Ինձ չեն տուգանել, քանի որ իմ բեռը թեթև էր, ուղղակի վարորդը կշեռքի վրայով սխալ էր անցել, և նրան 7 օր շարունակ թույլ չէին տվել կրկին մոտենալ կշեռքին: 8-րդ օրն ամեն ինչ կարգավորվեց»,-ասաց նա:

7 օր շարունակ բեռնատարների սառնարաններն աշխատել են, որպեսզի դեղորայքը չփչանա։ «ՀՀ-ում չկան սռնիների համար նախատեսված կշեռքներ, որպեսզի մեքենաները մինչև Հայաստանից դուրս գալն իմանան` ունեն արդյոք խնդիր կա, թե ոչ: Մեր պահանջն այն է, որ Հայաստանի բոլոր մաքսատներում տեղադրվեն սռնիներով կշեռքներ և Ռուսաստանի հետ ձեռք բերվի պայմանավորվածություն, որ եթե ՀՀ-ում մեր լիցենզավորված կշեռքը տա թուղթ, որ ամեն ինչ կարգին է, մենք Ռուսաստանում խնդիր չունենանք»,- ասաց նա:

Բեռնափոխադրողը նաև շեշտեց, որ չի տեսնում հատուկ միտում: Համոզված է, որ քաղաքական խնդիր չկա:

Ի դեպ, Վարուժան Կոլյանը նաև մեկնաբանություն էր գրել Էկոնոմիկայի նախարարության մամուլի պատասխանատուի Facebook-յան էջում, համապատասխան գրառման տակ` նշելով, որ խնդիրն անտարբերության է մատնված:

«Վերին Լարս» հսկիչ–անցակետի մոտ դեռ հերթեր են, բայց դրական տեղաշարժ կա: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հյուսիսային Օսեթիայի մաքսատան մամուլի քարտուղար Դիանա Խաևան: Այս պահին «Վերին Լարս»-ում  կանգնած են մոտ 400 բեռնատար, որոնք սպասում են իրենց հերթին:

«Նախորդ օրվա տվյալներով` Լարսի անցակետից (մուտքի և ելքի արդյունքում) անցել է 520 բեռնատար: Մեր աշխատանքներին է միացել նաև Ռուսաստանի Տրանսպորտի վերահսկողության դաշնային ծառայությունը (Федеральная служба по надзору в сфере транспорта), որը ճանապարհներին իրականացնում է ստուգումներ, և բեռնատարները Լարսի անցակետ են հասնում արդեն պատրաստի փաստաթղթերով»,-ասաց նա և հավելեց, որ այս դեպքում իրենց գործը թեթևանում է, և մեքենաները սպասարկվում են 2 անգամ արագ:

Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում Խաևան հաստատել էր, որ հերթերի խնդիրը ոչ թե խստացման հետ է կապված, այլ պարզապես սկսել են ստուգել բեռների քաշը։

Նա տեղեկացրել էր, որ սարքավորումներ են ստացել (կշեռքներ), որոնք պետական սերտիֆիկացիա են անցել և սկսել են գործել սեպտեմբերի 19–ից։ Խնդիրը նրանում է, որ փոխադրողներից շատերը քաշը խախտում են, ու սահմանն անցնելու համար նրանք պետք է տուգանք վճարեն ու բեռնաթափվեն ։

Sputnik Արմենիան հավելյալ տեղեկատվություն ստանալու համար զրուցեց  «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանի հետ։

Որքան կթանկանա 20 տարեկան «Օպելը» հունվարից. կառավարությունը «ամորտիզատորներ» է դիտարկում

«Կան երկու չափանիշներ, մեկը` թափքի անվադողերի վրա ընկող բեռնվածությունն է, որը թույլատրելիից ավելի լինելու դեպքում որոշակի տուգանքներ է նախատեսում»,-ասաց Բաղդասարյանը և հավելեց, որ  հիմա նաև ճանապարհներին են ամեն քայլափոխին տեղադրված հատուկ կշեռքներ, որոնք կշռում են բեռնատարներին:

Բաղդասարյանի խոսքով` երկրորդ չափանիշը հենց անցակետում տեղադրված հատուկ կշեռքներն են, որոնք ստուգում են թափքի ծանրաբեռնվածությունը։ Ի դեպ, ռուսական կողմը մոտ 2 շաբաթ է, ինչ սկսել է դրանք կիրառել: Կարեն Բաղդասարյանի խոսքով` իրենց ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից իրենց նախապես չեն տեղեկացրել, որ սեպտեմբերի 19–ից որոշակի փոփոխություններ են եղել։

«Խնդիրն այն է, որ թղթաբանորեն ՀՀ-ում այդ ամենը ճիշտ լրացված է գնում, բայց հակասություն կա ՌԴ ներքին օրենսդրության և ԱՊՀ շրջանակներում կարգավորումների միջև:Այդ հակասությունը նախկինում էլ է եղել, բայց դրան շատ մեղմ էին վերաբերվում»,- ասաց Բաղդասարյանը :

Ռուսական մաքսատունը հղում է անում ԱՊՀ օրենսդրությանը, ըստ որի` բեռնված մեքենայի ընդհանուր քաշը պետք է չգերազանցի 38 տոննան։

Միաժամանակ, ռուսական օրենսդրության համաձայն` կցորդիչով բեռնատարների քաշը կարող է կազմել մինչ 40 տոննա։

«Տուգանքները կարող են հասնել մինչև 100 հազար ռուբլու, իրականում մեծ գումար է։ Փոխադրողները կարող են պարզապես սնանկանալ դրա պատճառով», – նշեց Բաղդասարյանը և հավելեց, որ նաև պետք է հաշվի առնել, որ բեռնատարներից շատերի մեջ միրգ–բանջարեղեն է, ինչը երկար մնալու դեպքում կարող է փչանալ:

«Հույս ունենք, որ մոտ ապագայում հայկական կողմի շահագրգռվածությամբ խնդիրը կկարգավորվի, քանի որ ռուսական կողմը պարտավոր չէ այդ հարցերը կարգավորել»,-ասաց նա:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյան էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ վերջին օրերի տվյալներով «Վերին Լարսի» անցակետից բաց է թողնվել 471 մեքենա, մուտք գործել՝ 384ը:

Նա նաև հավելեց, որ Ռուսաստանի կառավարությունը դեռ 2011 թվականին ընդունած թիվ 272 որոշմամբ հստակ նորմեր է սահմանել, թե ինչպես պետք է բեռնատարները ծանրաբեռնված լինեն, ինչպես նաև համապատասխանեն  սռնիների ծանրաբեռնվածության նորմերին:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում ելույթով հանդես եկավ ԲՀԿ խմբակցության անդամ Արթուր Դալլաքյանը, որը նշեց, որ «Վերին Լարսի» անցակետում, եթե 10 օր առաջ մեքենաների հերթը 30 կմ էր, ապա հիմա հասնում է 50 կմ-ի: Նրա խոսքով`  խնդիրը քաղաքականացնելն անհարգելի ու անհասկանալի է։

Դալլաքյանը շեշտեց, որ Լարսում մեքենաների կուտակումը տեխնիկական խնդիր է։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ «Վերին Լարս» անցակետի բեռնատարների հերթը ռուսական Պյատիգորսկ քաղաք է հասել։ Ահազանգող վարորդները բողոքում են, որ արդեն 10 օր է` իրենց հերթին են սպասում ու ամեն օր ստիպված են 500 ռուբլի վճարել կայանատեղի համար։

թեգերը:
Ռուսաստան, Վրաստանի Հանրապետություն, հերթեր, բեռնատար, «Սպայկա» ՍՊԸ, Հայաստան, Վերին Լարս

Գլխավոր թեմաներ