ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sptnuik. Վրաստանի բարձրլեռնային Սվանեթի շրջանում կորոնավիրուսի վարակի բռնկման պատճառով Վրաստանի իշխանությունը կարանտին է հայտարարել: Այս մասին հայտնում է Sputnik Վրաստանը՝ վկայակոչելով այդ երկրի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեին:
«Ներկա պահին խիստ միջոցառումների կարիք կա միայն Սվանեթիում: Երկրի մնացած հատվածներում վարակի տարածվածության վիճակագրությունը լրացուցիչ խստացումների հիմք չի տալիս: Մենք նախկինի պես թիրախավորված թեստավորում ենք իրականացնելու՝ փոքր-ինչ ավելի լայնամասշտաբ, և հետևելու ենք արդեն իսկ մշակված ռազմավարական պլանի պահանջներին»,- ասել է նախարարը:
Վրաստանի առողջապահության նախարարի խոսքով՝ Սվանեթիի շրջանում արդեն իսկ կազմակերպվել է անհետաձգելի բուժօգնության ապահովում: Տեղում աշխատում են վարակաբանների 5 բժշկական բրիգադ, որոնք մանրամասն ուսումնասիրություն են իրականացնում:
Տիկարաձեի հայտնած տվյալներով՝ վերջին 1 օրվա ընթացքում Վրաստանի այս շրջանի մի քանի բնակավայրերում կորոնավիրուսի վարակի միանգամից 17 դեպք է հաստատվել:
Նշենք, որ StopCov կայքի տվյալներով, Վրաստանում վարակվածների թիվը ներկա պահին 1 250 է:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 23-ով և հասել 40 433-ի
Համավարակի սկզբից մինչ օրս Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 1 010, մահացել՝ 17 մարդ: Ներկա պահին մեկուսացման մեջ են 7 068-ը, հիվանդանոցներում բուժում են ստանում 242-ը:
Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում պաշտոնապես գրանցվել էր փետրվարի 26-ին: