ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ահազանգ է ստացել այն մասին, որ Ադրբեջանի զինվորականները երկու օր առաջ հայ զինծառայողի են գլխատել:
Ինչպես Facebook-ում կատարած գրառմամբ հայտնում է Արման Թաթոյանը, հոկտեմբերի 16-ին, ժամը 13-ի սահմաններում մի ադրբեջանցի զանգահարել է հայ զինծառայողի հարազատ եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը, իսկ լուսանկարը տեղադրելու են համացանցում:
Զանգից մի քանի ժամ անց սպանված զինծառայողի լուսանկարը եղբայրը հայտնաբերել է նրա սոցիալական ցանցի էջում:
«Հենց ադրբեջանցի զինվորականներն էլ նկարը սոցիալական ցանցի էջում տեղադրել են նրան սպանելուց հետո: Ադրբեջանի զինվորականների հետ եղբայրն ունեցել է իրար հաջորդող երկու հեռախոսային խոսակցություն, որոնց ընթացքում ադրբեջանական մի քանի զինվորական խմբով ծաղրել են, փորձել են նվաստացնել սպանված զինծառայողի եղբորը, նրա հետ խոսել ատելության խոսքով»,- գրում է Թաթոյանը:
Ընդ որում, զանգերը կատարվել են հենց սպանված զինծառայողի հեռախոսահամարից: «Սրանք վայրագ ու դաժան, ակնհայտ ահաբեկչական մեթոդներ են»,- նշում է ՄԻՊ-ը:
Այստեղ են երկու գերի վերցրել, կամ ինչպես են ապրում զինծառայողները Արցախի առաջնագծում
Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոշտանգման ու վայրագությունների այլ դեպքեր ևս: Դրանք բոլորը փաստագրված են՝ անհրաժեշտ ձևակերպումներով ու ներկայացվում են միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության:
Թաթոյանը շեշտում է, որ նման հանցավոր արարքներ կատարողները, դրանց համար պատասխանատուները պետք է ենթարկվեն անխուսափելի պատժի՝ միջազգային քրեական իրավունքի ողջ խստությամբ:
Նշենք, որ հոկտեմբերի 15-ին սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տեսանյութ հայտնվեց, որտեղ Հադրութում գերեվարված 2 հայի ադրբեջանցիները գազանաբար սպանում էին։ Արցախի և ՀՀ ՄԻՊ-երն այս խնդրով դիմել են միջազգային համապատասխան ատյաններին։