22:54 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.98
  • GBP676.92
  • EUR607.41
  • RUB6.66
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (590)
88 0 0

Հանդիպման ընթացքում քննարկվել է նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության ընդունումից հետո ստեղծված հայ-իրանական հարաբերությունների օրակարգային նոր խնդիրները։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի նախագահի խորհրդական Հեսամեդդին Աշնային:

Ինչպես հայտնում է Իրանում Հայաստանի դեսպանատան պաշտոնական էջը, հանդիպումը տեղի է ունեցել ԻԻՀ նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնում, որի տնօրենը հենց Հեսամեդդին Աշնային է:

ՀՀ դեսպանի և ԻԻՀ նախագահի խորհրդականի միջև տեղի ունեցած առանձնազրույցի, ինչպես նաև Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային նոր խնդիրները՝ նոյեմբերի 9-ին ԼՂ-ում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ընդունումից հետո ստեղծված պայմաններում:

Անդրադարձ է եղել նաև գլոբալ և տարածաշրջանային նոր մարտահրավերներին դիմակայելուն ուղղված կողմերի անելիքներին:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1586 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (590)
թեգերը:
Դեսպան, Հայաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ