12:29 16 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13

Ինչու չլուծվեց գերիների հարցը. իրավապաշտպանը մատնանշել է խանգարող հանգամանքները և սխալները

Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
359 0 0

Իրավապաշտպանը նշում է, որ բանակցությունների ֆոնին դատական գործընթացները դանդաղում են։ Նրա կարծիքով՝ պետությունը որոշակի լուրջ սխալներ է թույլ տվել, ինչն էլ հիմք է դարձել Ադրբեջանի համար գործընթացը միակողմանիորեն տանել իր համար ցանկալի ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik․ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող քաղաքական բանակցությունները որոշակի ազդեցություն ունեն գերիների վերադարձին վերաբերող իրավական գործընթացների վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Սահմանադրական դատարանի նախագահի ու դատավորների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Մասնավորաբար, նա անդրադարձավ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանն ու բանակցություններին, որից հետո Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «ռազմագերիների հարցը չհաջողվեց լուծել»։

«Եթե առհասարակ չհանդիպեին և չերկխոսեին որևէ խնդրով, միջազգայնորեն այս ձևաչափը չընկալվեր որպես օրինական, ճանաչված, արդյունավետ մեխանիզմ, ապա իրավական կառույցները, միջազգային գործընկերներն ավելի մեծ պատասխանատվությամբ կզբաղվեին խնդրով։ Ներկայումս միջազգային գործընկերները քաջ գիտակցում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի են ունենում բանակցություններ։ Այդ բանակցություններն ընկալվում են որպես արդյունավետ, այլապես ընդհանուր խնդիրներ չէին լուծվի, և Հայաստանը այդ բանակցությունների սեղանին զիջումների չէր գնա»,- նշեց իրավապաշտպանը։

Նա ընդգծում է՝ եթե կա գործող մեխանիզմ, որտեղ կողմերը երկխոսում են բարդ խնդիրներով, ենթադրվում է, որ մարդասիրական խնդիրներն առաջին հերթին պետք է լուծում ստանան հենց նույն  բանակցությունների միջոցով։ Իսկ եթե այդ ձևաչափում մարդասիրական խնդիրները լուծում չեն ստանում,  ապա Հայաստանը, նրա խոսքով, այդ ձևաչափում անելիք չունի։

Սիրանուշ Սահակյանը նկատում է, որ իհարկե ընթացող բանակցությունները որևէ կերպ չեն ազդում ՄԻԵԴ-ի կողմից որոշումների ընդունման վրա, սակայն Ադրբեջանն էլ պաշտպանվում է այդ նույն փաստարկներով և ազդանշան է  տալիս, որ դատական ատյանն ավելի համբերատար պետք է գտնվի, որովհետև դատական գործընթացներին զուգահեռ ընթանում են արդյունավետ քաղաքական գործընթացներ, և միջազգային դատական կառույցները չեն կարող անտեսել կամ ստորադասել այդ քաղաքական ընթացակարգերը։

«Կոչ եմ անում վստահել մեր ջանքերին». ՀՀ արտգործնախարարը` գերիների վերադարձի մասին

Իրավապաշտպանը նշում է, որ բանակցությունների ֆոնին դատական գործընթացները, կարծես թե դանդաղում են։ Նրա կարծիքով՝ պետությունը որոշակի լուրջ սխալներ է թույլ տվել, ինչն էլ հիմք է դարձել Ադրբեջանի համար գործընթացը միակողմանիորեն տանել իր համար ցանկալի ուղղությամբ։

Որպես առաջին սխալ՝ իրավապաշտպանը նշում է «կարգավորվածության դետալները»։ Մեկնաբանում է՝ շատ կարևոր էր հենց բանակցությունների սկիզբը, խնդիրները պետք է քննարկվեին, համաձայնեցվեին բոլոր պայմանները, չկարգավորված հարցեր չպետք է մնային։

Երկրորդը սխալն այն էր, որ մեր պետությունն իր ձեռքում պետք է լծակներ պահեր։ Շեշտում է՝ Հայաստանը չպետք է գնար ամեն տեսակի զիջումների, հենց սկզբից պետք է փոխկապվածություն ստեղծվեր։ Մեր կողմից արված մի զիջումից հետո պետք է լուծվեին Հայաստանին առնչվող մարդասիրական խնդիրները և այդ հերթագայությամբ պետք է շարունակվեր։

«Քանի դեռ Հայաստանին առնչվող մարդասիրական խնդիրները չէին լուծվել, իսկ դրանք չլուծելու համար իրավական, բարոյական հիմքեր գոյություն չունեն, Հայաստանը պետք է սառեցներ բոլոր գործընթացները»,- նշում է նա։

Այս առումով, Հայաստանը չպետք է առաջինն արտահանձներ մեր երկրում պահվող Ադրբեջանի 2 հանցագործներին, քանի դեռ վերջին հայը չեր վերադարձել։

Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե Ադրբեջանն իր տնտեսական շահերն առաջ է տանում՝ օգտագործելով կամ շահարկելով հայ ռազմագերիների գործոնը, իրավապաշտպանը կարծում է, որ պարզապես Ադրբեջանը կարողանում է բանակցություններում իր տնտեսական շահերն առաջ տանել։ Իրավապաշտպանը կապվածություն չի տեսնում ռազմագերիների վերադարձի և տարածքներ զիջելու, կամ այլ զիջումների միջև։ Այնուամենայնիվ նկատում է, եթե զիջումների գինը ռազմագերիների վերադարձն էր, ապա հունվարի 11-ին ևս Հայաստանը գնացել է զիջումների, սակայն ռազմագերիների վերադարձ չի եղել։

Բոլոր գործընկեր երկրները պետք է ջանքեր գործադրեն գերիների վերադարձի համար․ Միրզոյան

Ինչ վերաբերում է Ադրբեջանում պահվող հայ գերիներին, ապա նրանք 100-ից ավելի են, հստակ թիվ դժվարանում է նշել։

«120 դեպք կա, որ մենք հիմնավորում ենք անհերքելի ապացույցներով նրանց գերեվարվելու փաստը, սակայն Բաքուն պաշտոնապես հաստատում է միայն 5-ը։ Բոլոր անձնաց նկատմամբ կիրառված են միջանկյալ միջոցներ, նույնիսկ ավելի շատ անձանց նկատմամբ է կիրառված, պարզապես երբ մենք խոսում ենք 120 դեպքերի մասին, դրանք անվիճելի են»,- նշեց Սահակյանը։

Նախնական տեղեկություններով` գերիներից  10-ը կին են եղել, 5-ը վերադարձվել են։

Լիբանանահայ կինը գնացել է Շուշիից իրերը վերցնելու, նրան գերի են վերցրել. ՄԻԵԴ–ը հաստատել է

Նա անդրադարձավ նաև Ադրբեջանի կողմից 64 հայ  ռազմագերիների նկատմամբ հարուցված քրեական գործերին։ Խոսքը Խծաբերդի հատվածում գերեվարված 62-հոգանոց խմբի մասին է, նույն հատվածում եղել է նաև Էջմիածնի ՄՈԲ-ը՝ 11-հոգանոց խմբով. նրանցից 9-ը սպանվել են, 2-ը՝ գերեվարվել։ Սահակյանի խոսքով՝ քրեական գործընթացներ են ընթանում ավելի  մեծ թվով հայ ռազմագերիների նկատմամբ։ Իրավապաշտպաններն արդեն իսկ այս խնդրով զբաղվում են, պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեն, որ միջազգային ատյաններում, այդ թվում՝ դատական, բարձրաձայնվեն ապօրինի քրեական հետախուզման դեպքերը։

Ըստ թեմայի

Պատրա՞ստ է ՄԻՊ–ը գերիների հարցով Ադրբեջանի գործընկերոջ հետ հանդիպել. նոր զեկույց կլինի
ՀՀ գլխավոր դատախազը Մոսկվայում բարձրացրել է հայ գերիներին շուտափույթ վերադարձնելու հարցը
Պետք չէ շահարկել. Մակունցը` Մոսկվայում գերիների հարցում համաձայնության չհասնելու մասին
թեգերը:
Արցախյան պատերազմ, Եռակողմ հայտարարություն, Վլադիմիր Պուտին, Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Ադրբեջան, ռազմագերի, գերի

Գլխավոր թեմաներ