02:26 13 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD528.10
  • GBP725.35
  • EUR628.49
  • RUB6.83
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
726 0 0

ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը Sputnik Արմենիային հայտնել է, թե ինչ կարող է անել այս դեպքում հայկական կողմը։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik, Նելլի Դանիելյան. Հայ գերիների նկատմամբ քրեական գործեր հարուցելով` Ադրբեջանը փորձում է իրավական հիմքեր ստեղծել հայ գերիների վերադարձը ձգձգելու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը` մեկնաբանելով Ադրբեջանի հայտարարությունները` հայ գերիների նկատմամբ հարուցվող քրեական գործերի մասին:

«Ցանկացած հակամարտող կողմի համար կա պարտականություն` անհապաղ հայրենադարձնել գերեվարված և անազատության մեջ գտնվող այլ անձանց։ Եվ եթե հրաժարվում են անհապաղ վերադարձնել, ապա միջազգային որակումը պատերազմական հանցագործությունն է։ Ադրբեջանը քաղաքական դրդապատճառներով չի ցանկանում այդ խնդիրը լուծել և արհեստական հիմքեր է ստեղծում»,– ասաց իրավապաշտպանը` արձանագրելով, որ Ադրբեջանը մի կողմից հերքում է գերեվարման բացահայտ դեպքերը, որոնց վերաբերյալ կան բազմաթիվ ապացույցներ, մյուս կողմից` արհեստականորեն իրավական այլ կարգավիճակ է շնորհում հայ ռազմագերիներին` բացառելով նրանց անհապաղ վերադարձը։

Այսպես` Խծաբերդում գերեվարված 62 զինվորականներին Ադրբեջանն ահաբեկչության մեղադրանք է առաջադրել: Սիրանուշ Սահակյանի դիտարկմամբ` բացի վերը նշված նպատակից, Ադրբեջանն այս քայլով մեկ այլ նպատակ էլ է հետապնդում. վախեցնել հայերին զինվորական ծառայություն իրականացնել այն տարածքներում, որոնք Ադրբեջանը կհամարի իրենը։

Ադրբեջանը հայ գերիներին մեղադրում է Արցախյան առաջին պատերազմի ընթացքում ադրբեջանցի գերիների նկատմամբ, իբր, իրականացրած խոշտանգումների, այդ թվում` Խոջալուի դեպքերին մասնակցելու  համար։

Թե Ադրբեջանում գտնվող քանի հայ գերիների նկատմամբ է արդեն քրեական գործեր հարուցվել Սիրանուշ Սահակյանը դժվարացավ հայտնել` նշելով, որ ադրբեջանական մամուլում հայտնվող ոչ բոլոր դեպքերի մասին են այդ երկրի իշխանությունները հետագայում պաշտոնապես հայտնում միջազգային կառույցներին։

Ինչով են զբաղված ԱՀ իշխանությունները. Դավիթ Բաբայանը` գերիների և Արցախի կարգավիճակի մասին

«Այս պահին միջազգային կառույցներին ներկայացվել են միայն Խծաբերդի դեպքերը և մեկ այլ դեպք։ Ընդհանուր առմամբ` 63 դեպք»,– ասաց Սահակյանը։

Իրապաշտպանի խոսքով, եթե Ադրբեջանը փորձի իր այս թեզերը պաշտոնականացնել, ապա առնվազն 1-2 տարի կպահանջվի հայ գերիների վերադարձի խնդիրը լուծելու համար։ Այս դեպքում Հայաստանը պետք է փորձի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով հերքել Ադրբեջանի ներկայացրած թեզերը և ցույց տալ, որ իրականում խոսքն ապօրինի ձերբակալությունների, կալանավորումների ու դատապարտումների մասին է։

Այդ դեպքում ՄԻԵԴ–ն Ադրբեջանից կպահանջի անհապաղ ազատ արձակել հայ գերիներին ու կհաստատի նրանց` ռազմագերու կարգավիճակը։

Ադրբեջանի անօրինական մտադրությունները կանխելու մյուս հարթակը միջազգային դիվանագիտական հարթակն է։ Այստեղ, ըստ Սահակյանի, դիվանագիտական ճիշտ աշխատանքի արդյունքում հնարավոր է հասնել միջազգային հանրության կողմից դատապարտման ու անգամ` Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման։

«Դիվանագիտական քաղաքական աշխատանքի ճանապարհը ես չեմ համարում սպառված, թեև ինչպես տեսնում ենք, միջազգային հանրությունն էլ կարծես լրջորեն չի տրամադրված այս խնդրում, և մենք հստակ, կոշտ դատապարտումներ դեռ չենք տեսել ու չգիտենք` եթե դրանք լինեն, արդյոք Ադրբեջանն այդ ճնշմանը կդիմանա, կգնա զիջումների, թե կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ չի ստացվել Ադրբեջանի նկատմամբ իրավական վճիռ»,– ասաց իրավապաշտպանը։

Արման Թաթոյանը գերիների հարցով դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության 8-րդ կետով սահմանվում է ռազմագերիների և անազատության մեջ գտնվող այլ անձանց փոխանակում` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։

թեգերը:
Արցախյան պատերազմ, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Սիրանույշ Սահակյան, Հայաստան, Ադրբեջան, ռազմագերի, գերի

Գլխավոր թեմաներ