ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Մելիային «քրեական տարր» է անվանել։ Նա ասել է դա լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով ընդդիմադիր գործչի ձերբակալությունը։
«Այսօր ականատես եղանք մեր երկրում ուժի և արդարության դրսևորման։ Այստեղ կա արդյունավետ աշխատող ներքին գործերի նախարար։ Ուզում եմ նրան և ողջ ոստիկանությանը կառավարության անունից հրապարակավ շնորհակալություն հայտնել։ Հպարտ եմ ձեզանով», - ասել է Ղարիբաշվիլին ։
Նա նշել է, որ Մելիան «քրեական տարր» է, որը ձերբակալվել է խորհրդարանի գրոհը կազմակերպելու համար։ Ղարիբաշվիլին ընդգծել է, որ իշխանությունը կառուցում է արդար պետություն։ Անդրադառնալով ընդդիմադիրների ձերբակալություններին ու կիրառվող մեթոդներին՝ նա ընդգծել է, որ ամեն ինչ արվում է «ժողովրդավարական երկրի չափանիշներով»։
Փետրվարի 23-ի առավոտյան Վրաստանի «Միասնական ազգային շարժում» ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Մելիային ձերբակալել են հատուկ գործողության ընթացքում: Մելիան ներգրավված է 2019 թվականի հունիսի 20-ին կազմակերպված զանգվածային անկարգությունների կազմակերպման գործում։ Նա հրաժարվել է վճարել կրկին նշանակված դրամական գրավը։ Դատախազությունը պահանջել է, որ նա նախաքննության ընթացքում կալանքի տակ պահվի։ Փետրվարի 17-ին դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը։