ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnk. Իրանն ու Կենտրոնաաֆրիկյան հանրապետությունը (ԿԱՀ) զրկվել են ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ձայնի իրավունքից կազմակերպության առջև չմարած պարտքի պատճառով: Տեղեկությունը նշված է Գլխավոր վեհաժողովի նախագահ Վոլքան Բոզքըին ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի նամակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Այս պահի դրությամբ հինգ անդամ-երկրները ՄԱԿ-ի կանոնադրության 19-րդ հոդվածի պայմաններին համապատասխան պարտք ունեն», - նշված է նամակում:
19-րդ հոդվածի համաձայն՝ Միավորված ազգերի կազմակերպության անդամը, որը մուծումների գծով պարտք ունի, զրկվում է Գլխավոր վեհաժողովում ձայնի իրավունքից, «եթե նրա պարտքի գումարը հավասար է կամ գերազանցում է նախորդ երկու տարվա համար նրանից հասանելիք վճարների գումարին»:
Այնուամենայնիվ, Գլխավոր վեհաժողովը կարող է թույլ տալ երկրին մասնակցել քվեարկությանը, եթե ընդունի, որ վճարման ուշացումը տեղի է ունեցել պետությունից անկախ հանգամանքներով:
Նամակում պարտապանների ցուցակում ընդգրկված են հինգ պետություն՝ ԿԱՀ-ը, Իրանը, Սան Տոմեն ու Պրինսիպին, Կոմորյան կղզիները, ինչպես նաև Սոմալին: Այնուամենայնիվ, Գլխավոր վեհաժողովը որոշել է թույլ տալ վերջին երեքին մինչև այս նստաշրջանի ավարտը մասնակցել վեհաժողովում քվեարկությանը:
Եթե սցենարը զարգանա վատագույն տարբերակով, չի բացառվում Իրանի միջամտությունը
Պարտքը մարելուց հետո պետությունը կրկին քվեարկելու իրավունք է ստանում։ Գուտերեշի նամակից հետևում է, որ քվեարկելու իրավունքը վերականգնելու համար Իրանին պետք է կազմակերպության բյուջե մուտքագրի 16 251 298 դոլար, իսկ ԿԱՀ-ը՝ 29 395 դոլար: