ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Ռուսաստանը հետևողականորեն պնդում է, որ Ռուսաստանի քաղաքացիներին երրորդ երկրների քաղաքացիներին հանձնելն անթույլատրելի է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու հարցին։
«Այս հարցում մեր դիրքորոշումը ներկայացնելու համար մենք ակտիվ շփումների մեջ ենք Բելառուսի ԱԳՆ-ի, երկրի իրավասու մարմինների հետ», — ասել է Զախարովան։
ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը, որը բնակվում է Մոսկվայում և վարում է հեղինակավոր Travel Blog-ը, ձերբակալվել էր 2016 թվականի դեկտեմբերի 15-ին Մինսկում: 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լապշինն այցելել էր Լեռնային Ղարաբաղ և այդ մասին գրել իր բլոգում՝ քննադատելով Ադրբեջանի քաղաքականությունը, ինչի համար Ադրբեջանի իշխանությունները նրա նկատմամբ քրեական գործ էին հարուցել և հետախուզում հայտարարել՝ Ադրբեջանի պետական սահմանն անօրինական հատելու մեղադրանքով: Ադրբեջանը դիմել է Բելառուսին՝ Լապշինին հանձնելու պահանջով:
Ավելի վաղ Հայաստանի Փաստաբանների պալատի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանն ասել է, որ հայ փաստաբանները Լապշինի գործով մտադիր են դիմել ՄԱԿ և Մարդու իրավունքների եվրոպական դատարան։