ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Եվրոպական հեռարձակման միությունը (EBU) հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարողանա մասնակցել «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթին: Ռուսաստանի մասնակից Յուլիա Սամոյլովան մինչև վերջին վայրկյանը հավատում էր, որ իրեն թույլ կտան մասնակցել այդ մրցույթին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Պաշտոնապես հաստատվելուց հետո, որ Եվրատեսիլի ռուս մասնակից Յուլիա Սամոյլովային թույլ չի տրվի Կիև մուտք գործել Եվրատեսիլ-2017 երգի մրցույթին մասնակցելու համար, EBU-ն «Առաջին ալիքին» երկու այլընտրանք է առաջարկել, որը Ռուսաստանին թույլ կտար այս տարի մասնակցել այդ մրցույթին: Ռուսաստանը կամ կարող էր մասնակցել արբանյակի միջոցով, կամ փոխարինել երգչին այնպիսի մասնակցով, որը կկարողանար մեկնել Ուկրաինա », — ասվում է EBU-ի պաշտոնական հայտարարությունում:
Եվրոպական հեռարձակման միությունում արձանագրել են, որ «Առաջին ալիքը» դժբախտաբար մերժել է երկու առաջարկությունները, ինչպես նաև հրաժարվել հեռարձակել մրցույթը:
«Դա նշանակում է, որ Ռուսաստանը չի կարողանա մասնակցել մրցույթին այս տարի: Մենք կցանկանայինք, որ բոլոր 43 երկրները կարողանան մասնակցել և արեցինք հնարավոր ամեն ինչ` այդ նպատակին հասնելու համար», — ընդգծվում է հայտարարությունում:
«Ես տխրել եմ, որովհետև դա իմ երազանքն էր։ Մինչև վերջին պահը հույս ունեի, որ այդ հարցը կլուծվի, բայց, ավաղ, չստացվեց»,- ասել է Սամոյլովան։
Նա նշել է նաև, որ դեռ չգիտի` 2018-ին կմասնակցի մրցույթին, թե ոչ։
Ուկրաինան Յուլիա Սամոյլովային արգելել է մասնակցել մրցույթին` պատճառաբանելով, որ նա 2015 թվականին եղել է Ղրիմում։