04:46 12 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Յանա Եգորյան

Եգորյան. «Պետք է մեկնել Օլիմպիադա և հաղթել, երգել կարելի է նաև Ռուսաստանում»

© Sputnik/ Григорий Сысоев
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
41 0 0

Սուսերամարտիկ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը մեկնաբանել է Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշումը, ըստ որի` ռուս մարզիկները 2018 թվականի օլիմպիադային կարող են հանդես գալ չեզոք դրոշի ներքո։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Սուսերամարտիկ Յանա Եգորյանը կարծում է, որ ոչ ոք իրավունք չունի քննադատելու ռուս մարզիկների` Փխենչխան մեկնելու և օլիմպիական դրոշի ներքո հանդես գալու ցանկությունը։ Այս մասին հայտնում է Չեմպիոնատը։

«Կարծում եմ, որ սա ամենաթողություն է։ Եթե հնարավորություն կա, մարզիկները պետք է պարտադիր մասնակցեն չեզոք դրոշի ներքո և ցուցադրեն երկար տարիների աշխատանքը։ Ես կմեկնեի չեզոք դրոշի ներքո։ Մարզիկներին պետք է հասկանալ, մեղադրելու ոչ մի իրավունք չունենք։ Ինչո՞ւ մարդիկ պետք է հրաժարվեն իրենց երազանքից։ Նրանք հենց այնպես չեն աշխատել 10, 15, 20 տարի», — ասել է Եգորյանը։

Նա նշել է, որ երկիրը պետք է սատարի իր մարզիկներին։

«Եթե մարզիկը հանդես է գալիս չեզոք դրոշի ներքո, չի նշանակում, որ նա Ռուսաստանի անունից հանդես չի գալիս։ Ամեն դեպքում նա մեր մարզիկն է, և նա մասնակցում է մեր կողմից։ Այո, օրհներգ չի լինի։ Եվ ի՞նչ։ Մի՞թե նշանակում է, որ նա մեր մարզիկը չէ։ Վերջ տվեք։ Կարծում եմ, որ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը պետք է միջամտի, որ մարզիկները հանդես գան գոնե չեզոք դրոշի ներքո։ Մաքուր մարզիկները չպետք է տուժեն», — նշել է Եգորյանը։

Նա ավելացրել է, որ եթե նման իրավիճակ ստեղծվեր ամառային օլիմպիադայի մարզիկների դեպքում, ինքն առանց մտածելու կմեկներ։

«Օրհներգը հաղթանակից հետո կարելի է նաև Ռուսաստանում երգել։ Պետք է մեկնել և հաղթել», — Instagram-ի ուղիղ եթերում ասել է Եգորյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին ՄՕԿ-ի գործադիր կոմիտեն Փխենչխանում անցկացվող 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին ռուս մարզիկներին թույլ է տվել մասնակցել միայն օլիմպիական դրոշի ներքո։ ՄՕԿ-ի որոշման համաձայն` մրցումների կարող են թույլ տալ մասնակցել այն մարզիկներին, որոնք դոպինգային սկանդալում չեն հայտնվել։ Նրանց թիմը կկոչվի «Ռուսաստանի օլիմպիական մարզիկներ», և նրանք հանդես կգան առանց օրհներգի ու ազգային հավաքականի համազգեստի։

Գլխավոր թեմաներ