ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների նոր փաթեթը, իբր թե «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը խախտելու պատճառով: Այդ մասին հայտնել է Politico պարբերականը` հղում անելով Սպիտակ տան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ Մոսկվան պահպանում է «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի վերաբերյալ իր հանձնառությունն ու խստորեն հետևում դրան: Այս մեկնաբանությունը հետևել էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնի այն հայտարարությանը, թե ԱՄՆ-ն ևս սկսում է ուսումնասիրել ռազմական հավանական լուծումները, եթե Ռուսաստանը հանկարծ սկսի չպահպանել պայմանագրի դրույթները:
Պարբերականը գրում է, որ ԱՄՆ առևտրի նախարարությունը մտադիր է նոր պատժամիջոցներ կիրառել ռուսական այն ընկերությունների նկատմամբ, որոնք հետազոտական գործունեությամբ են զբաղվում հրթիռային նոր տեխնոլոգիաների ոլորտում:
Ինչպես հայտնել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, նման պատժամիջոցներով ճնշելու նպատակն է փոխել ռուսական կառավարության ծրագրերը:
«Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը ստորագրվել է 1987-ի դեկտեմբերի 8-ին Վաշինգտոնում ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի միջև։ Պայմանագրի համաձայն` կողմերը պետք է ոչնչացնեին հրթիռային սպառազինության մի ամբողջ դաս, այդ թվում ` Р-12 և Р-14 հրթիռները: