ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Հայաստանի քաղաքացուն մեղադրել են երկու անչափահաս դուստրերի մահվան մեջ, որոնք մահացել են Վորոնեժի Սեմիլուկսկի շրջանի Ստարայա Վեդուգա գյուղում բռնկած հրդեհի պատճառով։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՔԿ տարածաշրջանային գերատեսչության մամուլի ծառայությունը։
Քննչական կոմիտեի աշխատակիցներն ավարտել են 2 և 3 տարեկան աղջիկների մահվանից հետո հարուցած քրեական գործի հետաքննությունը։
Երեխաների մարմինները հայտնաբերվել են անցած տարվա նոյեմբերի 16-ին «Подворье» ՍՊԸ–ի ֆերմայի բնակելի տարածքում։ Քննության վարկածով`2018 թվականի նոյեմբերի 16-ին 27-ամյա կինը, որը Հայաստանից Վորոնեժ էր տեղափոխվել ամուսնու հետ և ապրում էր ֆերմայում, տնից դուրս էր եկել` մենակ թողնելով երկու դուստրերին։
Աղջիկները քնած էին մնացել պինդ վառելիքով աշխատող վառարանով սենյակում։ Վառարանից բռնկվել է կողքին չորացող լվացքը։ Աղջիկները մահացել են շմոլ գազից թունավորվելու հետևանքով։ Մոր նկատմամբ քրեական գործ է հարուցվել երկու անձանց անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով։
«Քննությունն ապացույցների բավականաչափ բազա է հավաքել, ինչի հետ կապված հաստատվել է մեղադրական եզրակացություն և քրեական գործն ուղարկվել դատարան` ըստ էության ուսումնասիրելու համար», – գրված է քրեական վարչության հաղորդագրության մեջ։
ՌԴ ՔՕ 109-րդ հոդվածի 3-րդ մասով կնոջը մինչև 4 տարի ազատազրկում է սպասվում։ Իսկ ղեկավարությանը, որն իր աշխատակիցների համար ավելի լավ կացարան չի կարողացել գտնել, քան ֆերման, ոչինչ չի սպառնում։