09:20 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
44610

Յուրի Վարդանյանն իր մարզական սխրանքով և համաշխարհային ռեկորդներով մեկ երեկոյի ընթացքում մտավ սպորտի և մասնավորապես ծանրամարտի պատմության մեջ: Մոսկովյան օլիմպիադայից 40 տարի անց հիմա էլ դժվար է մոռանալ այն, ինչ արեց երկաթախաղի հայ վարպետը:

1980 թվականին առաջին անգամ ամառային օլիմպիական խաղերն անցկացվեցին սոցիալիստական երկրում՝ ԽՍՀՄ-ում: Եվ այդ օլիմպիական խաղերի ադամանդը, շատերի կարծիքով, դարձավ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը:

Լենինականի հպարտությունը

Յուրի Վարդանյանի հաղթարշավը մեծ սպորտում սկսվեց 1977 թվականին, երբ 21 տարեկան հասակում լենինականցի (այժմ Գյումրի) ծանրորդը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Հումորի քաղաք Լենինականում նրա հաղթանակից հետո բոլորը ծիծաղով ասում էին. «Էդ տղեն հլը շատ հաղթանակներ կունենա: Շտանգեն ընպես կհանե, ինչխոր էդիգ փետից է, ոչ թե երկաթից»:

Рекордсмен мира по тяжелой атлетике в весовой категории до 82,5 кг Юрий Варданян (1987 год)
© Sputnik / Игорь Уткин
Рекордсмен мира по тяжелой атлетике в весовой категории до 82,5 кг Юрий Варданян (1987 год)

Ու մարդիկ չէին սխալվում. իր մարզական փայլուն կարիերայի ընթացքում Վարդանյանը վայելում էր միլիոնավոր մարդկանց սերն ու հարգանքը: Իսկ Լենինականը պարզապես հպարտանում էր իր դյուցազունով: Յուրի Վարդանյանն առաջին լենինականցին էր, որ աշխարհի չեմպիոն դարձավ, հետո էլ առաջինն իր քաղաքի ու ժողովրդի համար նվաճեց օլիմպիական ոսկե մեդալը:

Մելբուռնի զուգահեռ չեմպիոնը

1976 թվականի Մելբուռնի օլիմպիական խաղերում ԽՍՀՄ հավաքականը ներկայացնում էր Յուրի Վարդանյանի համաքաղաքացի Վարդան Միլիտոսյանը, որը 75 կգ քաշային կարգում նվաճեց արծաթե մեդալ: Իսկ օլիմպիական չեմպիոն հռչակվեց բուլղարացի Յորդան Միտկովը: 20- ամյա Վարդանյանը Մելբուռնի մրցումներին զուգահեռ, Լենինականում վեց մոտեցում կատարեց ծանրաձողին` ոչ պաշտոնապես մրցելով օլիմպիադայի մասնակիցների հետ:

Պարզվեց` Լենինականում Վարդանյանի արդյունքը երկամարտում 7,5 կգ- ով ավելի բարձր էր, քան օլիմպիական չեմպիոն Յորդան Միտկովինը` նրանք համապատասխանաբար բարձրացրել էին 342,5 և 335 կգ: Բայց օլիմպիական բարձրունքը Յուրային սպասում էր չորս տարի անց՝ Մոսկվայում:

Մոսկովյանը անմոռանալի օրերը

Անկասկած  Յուրի Վարդանյանի մարզական կարիերայի գագաթնակետը Մոսկվայի օլիմպիադան էր: Վարդանյանը օլիմպիական խաղերին մոտեցավ որպես հաղթողի հիմնական հավակնորդ 82,5 կգ քաշային կարգում: Բայց ոչ ոք չէր կարող գուշակել, թե ինչպիսի արդյունքով է հաղթելու հայ ծանրորդը: Մեկ երեկոյի ընթացքում Յուրան սահմանեց համաշխարհային 5 ռեկորդ, ու միջին քաշայինների համար երկամարտի անհավանական` 400 կգ արդյունքով դարձավ չեմպիոն: Ծանրամարտի համաշխարհային ֆեդերացիայի այդ ժամանակվա նախագահ Գոդֆրիդ Շյոդլը Վարդանյանին անվանեց անգին ադամանդ:

Վարդանյանի հանրահռչակած Լենինականը

Վարդանյանի հաղթանակների շնորհիվ համաշխարհային սպորտում և ԽՍՀՄ-ում առանձնահատուկ ճանաչում ձեռք բերեցին Հայաստանն ու մարզիկի հայրենի քաղաք Լենինականը: Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Վաչիկ Վարդանյանը, Յուրայի մասին պատմելիս, նշում է, որ ի շնորհիվ լեգենդար մարզիկի ծանրամարտն իրենց քաղաքում ունեցավ զարգացման վերընթաց ուղի և արձանագրեց բազում ձեռքբերումներ։

7 օլիմպիադաների մասնակցած Յուրի Սարգսյանի մոսկովյան սխրանքն ու Կարեն Դեմիրճյանի խոստումը

«Հիշում եմ` 1985 թվականին Մոսկվայի Կարմիր Հրապարակում լուսանկարվելուց հետո, երբ տվյալներս էի թելադրում լուսանկարչին՝ город Ленинакан, Варданян, բոլորը միանգամից սկսեցին ինձ հարցնել, թե արդյոք բարեկամական կապ ունեմ Յուրի Վարդանյանի հետ»:

Վաչիկ Վարդանյանը հիշում է, որ օլիմպիադայից հետո Լենինականում ծանրամարտի խմբակներում միանգամից գրանցվեց պատանիների հաճախման մեծ աճ, իսկ նորածին տղաների մեծ մասին Յուրի անունով էին կնքում:

Վարդանյանի ֆենոմենը

Հայտնի մարզական մեկնաբան Սլավա Սարգսյանը նույնպես չի մոռացել այն հաղթական բերկրանքն ու ուրախությունը, որով համակվել էր Հայաստանը մոսկովյան օլիմպիադայում Յուրի Վարդանյանի ելույթներից հետո։

«Յուրի Վարդանյանը ֆենոմեն էր: Մենք չէինք էլ կասկածում  նրա հաղթանակին: Բնությունը Յուրային ամեն ինչ տվել էր` գումարած աշխատասիրությունը: Նա չեմպիոն կդառնար յուրաքանչյուր մարզաձևում, որը որ ընտրեր: Հրաշալի մարզիկ էր, երբեք կանգ չէր առնում իր ձեռք բերածով: Անընդհատ ուզում էր նոր արդյունքի հասնել: Համաշխարհային 43 ռեկորդ` հեշտ է ասելը»

Հարգանք, սեր, փառք ու ցավ

Յուրի Վարդանյանը Մոսկվայի օլիմպիական խաղերից հետո արդեն հայտնի մարդ էր ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլ նաև ամբողջ աշխարհում: Նրա անունը պարզապես բոլոր մարզասերների շուրթերին էր: Իր բնավորության համաձայն` Վարդանյանը ուզում էր շարժվել առաջ ու կերտել նոր հաղթանակներ: Բայց օլիմպիական նոր ոսկե մեդալներ նվաճել չհաջողվեց: 1984 թվականին Լոս Անջելեսի օլիմպիական խաղերին խորհրդային ծանրորդները չմասնակցեցին:

Իսկ ԱՄՆ-ում օլիմպիական ոսկե մեդալակիր դարձած ռումինացի Պետրե Բեչերույի արդյունքը 45 կգ-ով զիջում էր Վարդանյանի արդյունքին երկամարտում: Պարզից էլ պարզ է, որ օլիմպիական ոսկե երկրորդ մեդալը Յուրայից խլեց քաղաքականությունը: Վարդանյանը ամեն գնով ուզում էր ևս մեկ անգամ մասնակցել օլիմպիական խաղերին արդեն 1988 թվականին: Բայց ԽՍՀՄ հավաքականի մարզիչները նրան ուղղակի չվերցրեցին հավաքական, իսկ չեմպիոն` երկամարտի 377,5 արդյունքով, դարձավ Իսրայել Արսամակովը:

Անհնար է նրան մոռանալ

Ցավոք, Յուրի Վարդանյանը մահացավ 62 տարեկան հասակում: 2018 թվականին դադարեց բաբախել հռչակավոր մարզիկի սիրտը: Բայց նրան ոչ ոք չի մոռացել, ու դժվար թե սպորտին մոտ կանգնած որևիցե մեկ մոռանա: Յուրի Վարդանյանը, որի անունը տեղ է գտել համաշխարհային ծանրամարտի փառքի սրահում, վայելում էր նաև մարդկային փառքը:

Юрий Варданян с сыновьями (1987 год)
© Sputnik / Р. Мангасарян
Յուրի Վարդանյանը որդիների հետ

Նրան սիրում էին, գնահատում: Նրա հաղթանակը մոսկովյան օլիմպիական խաղերում ապացուցեց, որ մեծ ցանկության և ճիշտ պայքարի դեպքում մարդը կարող է հասնել անհավանական արդյունքի: 400 կգ-ը երկամարտում հենց այդպիսի արդյունք էր 1980 թվականին:

Ըստ թեմայի

Ով դառնա չեմպիոն, ով քշի Վոլգան. օլիմպիական հերոսը, նրա երիտասարդ կինն ու Տաշքենդի հայը
Հայկական ծամոնը, Յուրի Վարդանյանի անսովոր պատասխանը և ամենասև օրը. հուշեր Օլիմպիադա 80–ից
Օլիմպիական խաղերում հաղթած մարզիկներն ամսական 500 000 դրամ կստանան. նոր կարգ է սահմանվել
թեգերը:
չեմպիոն, ռեկորդ, Օլիմպիական խաղեր, Մոսկվա, ծանրամարտ, Յուրի Վարդանյան

Գլխավոր թեմաներ