06:01 19 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.55
  • GBP740.81
  • EUR637.23
  • RUB7.08
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
5309 0 0

Բարձր ինքնավարությամբ կառավարվող հրթիռային զենք և ՀՕՊ–ը շրջանցելու հնարավորություն. ռուս զինվորականները յուրացնում են «Օրիոն» բազմաֆունկցիոնալ ԱԹՍ–ների կիրառումը։

Նիկոլայ Պրոտոպոպով, ՌԻԱ Նովոստի

Նոր ԱԹՍ–ները, մասնագետների գնահատմամբ, էապես կբարձրացնեն ռուսական բանակի հարվածային հնարավորությունները և անօդաչու ավիացիան նոր մակարդակի դուրս կբերեն։ Նման սարքերի դրական ու բացասական կողմերի մասին է պատմում ՌԻԱ Նովոստիի հոդվածը։

Խոչընդոտները չեն վախեցնում

Վերջերս ՆՏՎ հեռուստաալիքի եթերում ռազմական սարքերը ցուցադրվեցին գործողության մեջ` երկու կառավարման մեքենա և 3 «Օրիոն» ԱԹՍ, որոնք, ամենայն հավանականությամբ, արդեն լրացրել են բանակի սպառազինությունների շարքը։ Հիշեցնենք, որ զորքերին հետախուզական և հարվածային ԱԹՍ–ների սերիական մատակարարումների համար պայմանագիրը ՊՆ–ն դեռ օգոստոսին է ստորագրել։ Իսկ առաջին հավաքածուն շահագործման են հանձնել դեռ ընթացիկ տարվա գարնանը։

 «Օրիոնը» կարող է օդում գտնվել մինչև 24 ժամ։ Արտաքնապես այն ամերիկյան MQ-1 Reaper–ն է հիշեցնում` նույնքան երկար և նեղ թև ու V–աձև պոչ ունի։ ԱԹՍ–ն նախատեսված է ոչ միայն օդային հետախուզության և թիրախանշման, այլև հրթիռային և ռումբային հարվածներ հասցնելու համար։ Այն կարող է մինչև 200 կգ մարտական բեռնվածություն ունենալ։ Հատուկ դրա համար 25-100 կիլոգրամանոց զինամթերքի մի քանի տեսակ են մշակել։

«Օրիոնը» պատկանում է միջին դասի ԱԹՍ–ներին և խոշոր С-70–երի («Օխոտնիկ») ու փոքր հետախուզականների «մեջտեղում» է ընկած։ Ուժային սարքը շուրջ 100 ձիաուժ հզորությամբ բենզինի շարժիչն է, որը գտնվում է հիմնակմախքի հետնամասում։ Կառուցվածքում կոպմոզիտային նյութերի  կիրառման հաշվին չափերով բավական մեծ անօդաչուն ընդամենը մոտ մեկ տոննա է կշռում։ Առավելագույն բարձրությունը 7.5 հազար մետր է, արագությունը` 200 կմ/ժ։ Թռիչքը կառավարվում է ռադիոալիքով, օպերատորի կողմից, ազդանշանի հեռավորությունը` 250 կմ։

Սարքը բացառիկ է նրանով, որ կարող է մարտի դաշտում արդյունավետ գործել նույնիսկ հակառակորդի կողմից տեղադրված ռադիոէլեկտրոնային պայքարի համալիրների առկայության պայմաններում։ Օդանավի օպտիկաէլեկտրոնային համակարգնը ավտոմատ ռեժիմով հայտնաբերում է թիրախին և ուղղորդում կառավարվող հրթիռների թռիչքը։ ԱԹՍ–ի «աչքերն» ու «ականջները» ջերմային ու հեռուստատեսային տեսախցիկներն են, լազերային չափիչն ու թիրախանշման համակարգը։ Բացի այդ, տեղ է նախատեսված թվային տեսասարքավորման և տեսածիր ռադիոլակացիոն կայանի համար։

 «Օրիոնի» զարգացման նախագիծը երկու տոննա կշռող «Սիրիուս» հարվածային անօդաչուն է։ Մշակողները հայտնում են, որ թռիչքային նմուշը պատրաստ կլինի հաջորդ տարի։ Այն կհամալրեն արբանյակային կապով, որը թույլ կտա աշխարհի գրեթե ցանկացած կետից կառավարել թռիչքը։

Դրոնների հարձակում

Վերջին տարիներին ամբողջ աշխարհում զինված հակամարտությունների ընթացքում ավելի հաճախ են անօդաչու սարքեր կիրառում։ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող գործողությունները դրա վառ օրինակն են։ Ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովի խոսքով՝ ադրբեջանական զինվորականները բավականին արդյունավետ են կիրառում ԱԹՍ-ները, քանի որ ԼՂՀ բանակը հակաօդային պաշտպանության ու ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից համալիրներ գրեթե չունի։

«Շատ երկրներ, որոնք բավականաչափ ուշադրություն չեն դարձրել ՀՕՊ-ի ստեղծմանն ու քողարկմանը, հիմա դրա դառը պտուղներն են քաղում, - նշել է Լեոնկովը ՌԻԱ Նովոստի հետ զրույցում, - Ադրբեջանի ցուցադրած կադրերը վկայում են, որ հայկական բանակն ընդհանրապես քողարկում չունի։ Եթե նրանք ՀՕՊ–ը զարգացրած լինեին, անօդաչուները պակաս արդյունավետ կգործեին․դրանց արագությունն ու օպտիկական դիապազոնում թիրախ հայտնաբերելու հնարավորությունները սահմանափակ են»։

Թեև փորձագետն ավելացնում է՝ որոշակի մարտավարության դեպքում ԱԹՍ-ները կարող են զգալի վնաս տալ նույնիսկ հզոր խորը էշելոնացված ՀՕՊ-ի հակազդեցության դեպքում։ Մասնավորապես, ԱՄՆ-ն այժմ զարգացնում է դրոնների խմբի հայեցակարգը, երբ միաժամանակ օդ բարձրացած տասնյակ անօդաչու սարքերը բացահայտում են հակառակորդի պաշտպանությունն ու շեղում են զենիթային հրթիռների նշան բռնող ռադարները։

«B-52 ռմբակոծիչի վրա մոտ 140 հատ նման ԱԹՍ կտեղավորվի, - պարզաբանում է Լեոնովը, - դրանք ձևացնելու են կեղծ թիրախներ։ Երբ նման խումբ է թռչում, ՀՕՊ միջոցները ստիպված են արձագանքել, սպառել զինանոցը ու բացահայտել իրենց գտնվելու վայրը»։

Ռուսական բանակը մի քանի տիպի անօդաչու սարքեր է շահագործում․որպես կանոն դա կոմպակտ տեխնիկա է, որը նախատեսված է հետախուզության ու թիրախները նշելու համար։ Օրինակ` հիմա ԱԹՍ-ներն անդադար պարեկություն են իրականացնում Սիրիայի «Հմեյմին» օդանավակայանի շուրջ։ Հարվածային «Օրիոնը» գործարկելուն պես զինվորականներն օդում ևս մեկ ծանրակշիռ փաստարկ կունենան։

Հոգեբանական էֆեկտ

Ռուսաստանի վաստակավոր ռազմական օդաչու գեներալ-մայոր Վլադիմիր Պոպովը նշում է, որ անօդաչու ավիացիայի կարևորագույն դրական կողմերից է անձնակազմի անվտանգությունը․անձնակազմը հարձակում է գործում հակառակորդի վրա՝ գտնվելով գործողության գոտուց տասնյակ կիլոմետրեր հեռավորության վրա։ Բացի այդ, ԱՍԹ-ները կտրուկ բարձրացնում են մարտական ինքնաթիռների արդյունավետությունը։

«Օրինակ, եթե փոքր անօդաչուն օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր է հայտնաբերել, դժվար թե կարողանա մեկ հարվածով միայնակ ոչնչացնել այն, - պարզաբանում է Պոպովը, - դրա համար հաճախ լիարժեք ինքնաթիռներ են պետք։ Բայց այն հանգիստ կարող է մի երկու ռումբ կամ հրթիռ նետել ու ապակազմակերպել հաշվարկի աշխատանքը, հոգեբանական ազդեցություն ունենալ։ Դրանից հետո ԱԹՍ-ի հաղորդած կոորդինատներով կա՛մ երկրորդ նման սարքն է մեկնում, կա՛մ հերթապահ ուժերից ուղղաթիռ կամ ինքնաթիռ, ու ավարտում է սկսած գործը»։

Պետք է խոստովանել, որ մինչ այժմ ԱԹՍ-ների կիրառման հարցում ամենաշատը հաջողություններին են հասել ամերիկացիները։ Նրանք դեռ 1960-ական թվականներից հետախուզական նպատակներով դրոններ են կիրառում։ Վիետնամում անօդաչուները մի քանի հազար չթվերթ են իրականացրել, հիմնականում՝ ֆոտոհետախուզություն անելու նպատակով։  

1990-ականներին, երբ Պենտագոնը Predator բազմաթիրախ դրոններ ունեցավ, անօդաչու ավիացիան սովորեց ոչ միայն հետախուզությամբ զբաղվել, այլև արդյունավետ հարվածներ հասցնել երկրի վրա գտնվող օբյեկտներին։ Օդային «գիշատիչները» կիրառվել են ԱՄՆ-ի մասնակցությամբ գրեթե յուրաքանչյուր ռազմական հակամարտության մեջ՝ Բոսնիայում, Իրաքում, Աֆղանստանում, Լիբիայում ու Սիրիայում։

ԽՍՀՄ-ն էլ ԱԹՍ-ների զարգացման ծրագիր ուներ։ Դեռ 1960-ականներին խորհրդային կոնստրուկտորները մի քանի տեսակ անօդաչու հետախույզ էին մշակել։ Դրանցից մեկը՝ Լա-17Ռ-ն, կառուցվել էր թռչող թիրախի հիման վրա։ Այն գետնից մեկնարկում էր պինդ վառելանյութային արագացուցիչների օգնությամբ, իսկ օդում տուրբոռեակտիվ շարժիչն էր միանում։ Սարքը կարող էր 30 րոպեից մեկուկես ժամ օդում մնալ` կախված թռիչքի բարձրությունից, մինչև 900 կմ/ ժամ արագություն էր բացում։ Հետախույզը բազմակի օգտագործման համար էր նախատեսված, վայրէջք էր կատարում ինքնաթիռի պես կամ օդապարիկի օգնությամբ։

Խորհրդային պաշտպանական ոլորտի մեկ այլ մշակում Տու-141 «Ստրիժն» էր։ Արագությունն ավելի քան 1100 կմ/ ժամ էր, բարձրության դիապազոնը` 50-ից 5000 մետր։ «Ստրիժերը» մինչև 1990-ականները եղել են զինանոցում ու կայանվել են հիմնականում ԽՍՀՄ արևմտյան սահմանների մոտ։

Ըստ թեմայի

Ինչպիսի ԱԹՍ–ներ է կիրառում Ադրբեջանը
Ջախջախել են թշնամուն, ԱԹՍ խոցել, վիրավորներին մարտադաշտից դուրս բերել. նորօրյա հերոսները
Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացվել է թշնամու 2 հարվածային ԱԹՍ. ՊԲ
թեգերը:
«Օրիոն» ԱԹՍ, Պատերազմ, անօդաչու թռչող սարք, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ