ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիրն իրագործվում է, մարտական գործողություններ չկան, հայտնել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: Խաղաղապահների հրամանատարի տեսաուղերձը տարածել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Երեք պետությունների ղեկավարների ստորագրած հայտարարությունը, որն ուժի մեջ է մտել նոյեմբերի 10-ին` ժամը 00.00-ին, այսօր իրագործվում է ամբողջ ծավալով։ Կարևորը` շփման գծում դադարեցվել են բոլոր տեսակի մարտական գործողությունները։ Մենք այսօր կրակոցներ չենք լսում, իրավիճակը կամաց–կամաց կայունանում է», - ասել է Մուրադովը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ուղղված ռուսական խաղաղապահ զորախումբը հագեցած է ամենաժամանակակից սպառազինությամբ եւ հատուկ տեխնիկայով, այդ թվում ՝ ԲՏՌ - 82Ա զրահամեքենաներով, «Տիգր» և «Տայֆուն» զրահապատ մեքենաներով:
Ռուսական զորակազմում ընդգրկված են ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ, որոնք պարեկային ծառայություն են իրականացնելու շփման գծում և ուղեկցելու են ավտոշարասյուներին:
Ղարաբաղում ռուսական դիտակետերի խնդիրներն են (ըստ ռուսական գլխավոր շտաբի հաղորդագրության)` հրադադարի խախտումների մասին տեղեկատվության հավաքագրում, տվյալների փոխանցում խաղաղապահների հրամանատարությանը, տարանցիկ տրանսպորտի երթևեկության անվտանգության պահպանումը, խաղաղ բնակչության դեմ հակաիրավական գործողությունների կասեցումը:
ՌԴ զորակազմի հիմքը 15-րդ խաղաղապահ բրիգադն է, անձնակազմն անհրաժեշտ պատրաստություն է անցել։ Արդեն նոյեմբերի 14-ին զինվորականները կավարտեն բոլոր դիտակետերի տեղակայումը Ղարաբաղում։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Խաղաղապահները Ղարաբաղում արդեն պարեկային ծառայություն են իրականացնում 2 ուղղությամբ