20:42 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
21110

Վլադիմիր Պուտինի հարցազրույցի գլխավոր թեման Ուկրաինան էր։ Հարցազրույցն անցկացվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի և Ջո Բայդենի հետ հանդիպման նախաշեմին: Փորձագետների կարծիքով՝ ՌԴ առաջնորդը կարմիր գիծ է նախանշել Կիևի իշխանության ու ՆԱՏՕ-ի համար։ Դրա հատումը լուրջ հետևանքներ կունենա

Նիկիտա Չիկունով, Մարիա Նաումենկո

Ոչ երևակայական սպառնալիք

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Ռուսաստանի համար անվտանգության ուղղակի սպառնալիք կդառնա, կնշանակի, որ «կարմիր գիծը» հատվել է։ Սա Վլադիմիր Պուտինի՝ «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում հնչեցրած գլխավոր միտքն է։

Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ Լեհաստանի ու Ռումինիայի միացումը ՆԱՏՕ-ին ավարտվեց այդ երկրներում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայմամբ, որոնք կարող են օգտագործվել նաև որպես հարվածային համալիրներ: Այդ դեպքում մինչև Մոսկվա հրթիռների թռիչքային մոտավոր ժամանակը 15 րոպե կկազմի։

«Պատկերացնենք, որ Ուկրաինան դառնում է ՆԱՏՕ-ի անդամ, թռիչքային ժամանակը Խարկովից կամ ասենք, չգիտեմ, Դնեպրոպետրովսկից մինչև Ռուսաստանի կենտրոնական մաս՝ մինչև Մոսկվա, կնվազի մինչև 7-10 րոպե։ Դա մեզ համար «կարմիր գի՞ծ» է, թե՞ ոչ» - հռետորական հարց է տվել նա։

Վլադիմիր Պուտինն ավելացրել է՝ ոչ մի երաշխիք չկա, որ Ուկրաինան չի ընդգրկվի դաշինքի կազմում, և հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը կախված չէ Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունների սառեցումից կամ ջերմացումից, որը 1999 թվականից սկսած` ալիքաձև ընթացք ունի։

«Արգելման գոտի» ՆԱՏՕ-ի համար. ռուսական «Իսկանդերները» նոր հրթիռներ են ստացել

«Դա տեղի էր ունենում այն ժամանակ, երբ Ղրիմը չկար, Ուկրաինայում պետական հեղաշրջումից հետո ոչ մի իրադարձություն չկար։ Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի, ԱՄՆ-ի միջև հարաբերությունները հավասար էին, միանգամայն ընդունելի, եթե չասենք` գործընկերային։ Այնուամենայնիվ, մեր բոլոր այսպես կոչված մտահոգություններն ուղղակի անտեսվեցին», - ընդգծել է նախագահը։

Սակայն Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ ՆԱՏՕ-ն և Ուկրաինան, որոնք ձգտում են այդ կազմակերպության անդամ դառնալ, պետք է հիշեն, թե ինչպես կարձագանքի Մոսկվան, որը համապատասխան կերպով կկառուցի սեփական անվտանգությունը:

Վլադիմիր Պուտինը նաև մեկնաբանել է Սպիտակ տան հայտարարությունն այն մասին, որ Կիևը սխալ է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Ուկրաինայի` դաշինք մուտք գործելու գաղափարի մասին խոսքերը (Բայդեն այդ մասին խոսել է Ուկրաինայի առաջնորդի հետ զրույցում):

«Ինչի՞ մասին են խոսել այնտեղ։ Ինչի՞ մասին են պայմանավորվել։ Մենք չգիտենք։ Իսկ ահա օվկիանոսից մյուս կողմից եկած այդ ճիչը` ուղղված Ուկրաինայի նախագահին, իմ կարծիքով` ոչինչ չի նշանակում։ Բայց մենք պետք է դա նկատի ունենանք։ Եվ իհարկե նկատի ունենալով դա` համապատասխան կերպով կառուցենք հարաբերությունները անվտանգության ոլորտի մեր գործընկերների հետ», - ավելացրել է ՌԴ ղեկավարը։

Ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովի կարծիքով՝ Վլադիմիր Պուտինի ասածները խոսքերը պետք է սթափեցնեն Արևմուտքին, քանի որ ցույց են տալիս, որ Ռուսաստանի համբերությունն աստիճանաբար սպառվում է։

«Մոսկվան այլևս լուռ չի հետևելու ՆԱՏՕ-ի առաջխաղացմանը։ Այդ ժամանակներն անցել են։ Զիջումների շրջանն ավարտվել է, որովհետև նահանջելու տեղ այլևս չկա, այլապես ամեն ինչ կավարտվի մեր ինքնիշխանության կորստով։ Ներկայիս իրավիճակը հասել է կարմիր գծին։ Պետք է Պուտինի խոսքերը որպես ռուսական վերջին նախազգուշացում ընկալել», - կարծում է Sputnik-ի զրուցակիցը։

Կիևին փորձում են խցկել ՆԱՏՕ

Ռուսաստանի նախագահն իր հարցազրույցում խոստովանել է, որ Ուկրաինայի անդամակցության մասին լուրերը դատարկ խոսակցություններ չի համարում: ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Ժարիխինը հաստատում է, որ Կիևի հաշվին կազմակերպության ընդլայնման հավանականություն իսկապես կա։

«Գլխավոր խնդիրը ոչ թե բուն դաշինքն է, այլ այն, որ ԱՄՆ-ն հավանաբար միայնակ է պատրաստվում Ուկրաինային ՆԱՏՕ «բրդել»՝ նրան չտալով անվտանգության որևէ երաշխիք։ Այդ առումով Կիևը ամերիկյան վտանգավոր պլացդարմ է, ինչի մասին էլ խոսել է Վլադիմիր Պուտինը», - բացատրում է նա։

Ուկրաինայի անդամակցությունն անխուսափելիորեն լրացուցիչ լարվածություն կառաջացնի Ռուսաստանի և դաշինքի հարաբերություններում։ Սակայն Ալեքսեյ Լեոնկովը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ առճակատման ուժեղացումը, առավել ևս ուղղակի ռազմական հակամարտությունը, չի համապատասխանում Արևմուտքի այսօրվա շահերին։

«Կիևը հայտարարում է Ռուսաստանի հետ պատերազմի մասին (ոչ թե Դոնբասի ներքին հակամարտության մասին – խմբ.)։ Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ում գործում է Վաշինգտոնի պայմանագիրը, որի հինգերորդ կետը պատասխան գործողություններ է նախատեսում այն պետության դեմ, որը հարձակվել է կազմակերպության անդամներից մեկի վրա: Ստացվում է, որ Ուկրաինայի անդամակցության դեպքում դաշինքը ստիպված կլինի միանալ պատերազմին։ Այնտեղ ոչ ոք չի ուզում, որ իրադարձությունները նման զարգացում ունենան», - հավաստիացնում է մասնագետը։

Անտեսանելի պարեկություն. Ռուսաստանում BOSS հիբրիդային նավ են ստեղծել

Քաղաքական վերլուծաբան Ռոստիսլավ Իշչենկոն համամիտ է, որ Ուկրաինայի հաշվին դաշինքի ընդլայնման պոտենցիալ վնասն ավելի շատ է, քան օգուտը։

«Ուկրաինային ընդունելու համար պետք է տարբեր ու գրեթե անհնարին իրադարձություններ համընկնեն։ Այդ գաղափարի կողմնակիցները պետք է միաժամանակ իշխանության գան ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Գերմանիայում (այդ երկու երկրները 2008 թվականին արգելափակել են Ուկրաինայի և Վրաստանի` ՆԱՏՕ-ի անդամակցության գործողությունների ծրագրի տրամադրումը - խմբ.)։ Այն ժամանակ հնարավորություն կա, որ Ուկրաինային կխցկեն», — բացատրում է նա։

Միևնույն ժամանակ քաղաքագետը նշում է, որ հակառակ տարածված կարծիքի` Վաշինգտոնի պայմանագրում չկա դրույթ, որը չլուծված տարածքային հակամարտություններով կարգելափակի դաշինքին անդամագրվելը: Այսպես, Էգեյան ծովում մի շարք կղզիների տիրապետման իրավունքի համար մշտապես վեճեր են ծագում Թուրքիայի ու Հունաստանի միջև, որոնք ՆԱՏՕ են մտել դեռևս 1952 թվականին:

Ռուսական համայնքի ոչնչացում

Ռուսաստանի նախագահի շոշափած մյուս կարևոր թեման վերաբերում էր «Ուկրաինայի բնիկ ժողովուրդների մասին» օրինագծին, որը Վլադիմիր Զելենսկին ներկայացրել է այս տարվա մայիսին:

Փաստաթղթի համաձայն՝ բնիկ ժողովուրդների շարքն են դասվելու այն համայնքները, որոնք Ուկրաինայի սահմաններից դուրս պետականություն չունեն, օրինակ՝ Ղրիմի թաթարները, կարաիմներն ու կրիմչակները։ Ռուսները, որոնք ըստ 2001 թվականի մարդահամարի` կազմում էին երկրի բնակչության 17,2 տոկոսը, այդ ցուցակում չեն հայտնվի:

Մեկնաբանելով ուկրաինացի գործընկերոջ նախաձեռնությունը՝ Վլադիմիր Պուտինը այն անվանել է հզոր հարված ռուս ժողովրդին։ Նա նշել է, որ նույն երկրի քաղաքացիների նման բաժանումը հիշեցնում է նացիստական Գերմանիայի պրակտիկան։

«Ոչ ոք չի ուզենա երկրորդ կարգի մարդ լինել, էլ չեմ խոսում լեզվի ու մարդու նորմալ կյանքի այլ բաղադրիչների նկատմամբ խտրականության մասին։ Դա կհանգեցնի նրան, որ հարյուրհազարավոր, գուցե նույնիսկ միլիոնավոր մարդիկ ստիպված կլինեն կա՛մ հեռանալ, կա՛մ կսկսեն իրենց այլ կերպ ներկայացնել»,- ենթադրել է նա:

Ի դեպ, Ուկրաինայի տարբեր սոցիոլոգիական կառույցներ իսկապես արձանագրել են, որ անկախության տարիներին մարդիկ իրենց ազգային պատկանելությունը «ռուսից» փոխել են «ուկրաինացու»։

Քաղաքական մեկնաբան Ալեքսանդր Ասաֆովը կարծում է, որ Վլադիմիր Պուտինի գնահատականը, ինչպես նաև նրա արտահայտած մտավախություններն արդարացի են։ Նա ավելացրել է, որ Զելենսկու օրինագիծը հիմք կդառնա հետագա փաստաթղթերի համար, որոնք կսահմանափակեն Ուկրաինայում ապրող ռուսների իրավունքները:

Չփորձեք կրկնել․ F-35-ը հրանոթից խոցել է ինքն իրեն, վնասը՝ 2,5 միլիոն դոլար

թեգերը:
ՆԱՏՕ, Վլադիմիր Պուտին, Ուկրաինա, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ