10:19 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Հրազդանի կիրճում

«Բիձի գյոլ» կամ Հրազդան գետով` դեպի անմահություն

© Sputnik/ Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
4920

Բացօթյա մարմնամարզությունն ավանդական ժամանցներից է Հրազդանի կիրճում։ Այստեղ ամեն օր հավաքվում են երևանցիները, ովքեր այստեղ են հասնում հիմնականում հեծանվով։ Պարտադիր ծրագիրը ներառում է մարզանք, իսկ այնուհետև լող` «անմահական» ջրում

Անի Lիպարիտյան, Sputnik.

Հրազդանի կիրճում առավոտյան ժամը 7-ից առողջ ապրելակերպ քարոզող մարդիկ են հավաքվում։ Մաքուր օդ, բնություն, մաքուր ջուր, որտեղ կարելի է լողալ։ Էլ ի՞նչ է հարկավոր երջանկության համար։

Այստեղ հավաքվում են ակտիվ և մարզվել սիրող տղամարդիկ, երբեմն նաև կանայք` թուղթ խաղալու, տարբեր թեմաների շուրջ զրուցելու և «անմահական» ջուրը վայելելու համար։ Սպորտով այստեղ հիմնականում գալիս են զբաղվելու 14-90 տարեկան, անգամ` ավելի մեծ տարիքի տղամարդիկ։

Ֆիզկուլտ պրիվետ

Տարեց տղամարդիկ պնդում են. իրենց օրը հաջող չի լինի, եթե իրենք այն չսկսեն Չռիկից։ Ընդհանրապես այս ափն ավանդաբար «Չռիկ» են անվանում։ Ջուրը մաքուր է, գալիս է աղբյուրից, և այն կարելի է անգամ խմել։

Պարզվում է, որ գետի ափին մարմնամարզությամբ զբաղվում են ոչ միայն այստեղի մշտական տարեց ու երիտասարդ «այցելուները», այլև հայտնի մարդիկ` քաղաքագետներ, դատավորներ, դատախազներ և ոչ միայն։ Տարեցները պնդում են, որ այստեղ բոլորը հավասար են, քանի որ մարմնամարզությունը միավորում և մտերմացնում է մարդկանց։

Առույգացնող և կազդուրող մարմնամարզություն

Ջրային մարզաձևերի նախկին սպորտի վարպետ Ռոբերտ Խաչատրյանը նշում է, որ արդեն 30 տարի մաքուր օդում մարմնամարզությամբ է զբաղվում։

«Անձամբ ես այստեղ գալիս եմ արդեն 30 տարի` առողջ ապրելակերպ վարելու համար։ Ընկերներս էլ, ովքեր երկար տարիներ գալիս են Հրազդանի կիրճ, հենց դրա համար են գալիս։ Այստեղ մարմնամարզությամբ զբաղվելու բոլոր պայմանները կան, մարզասարքեր են տեղադրված, այստեղ հրաշալի խմելու ջուր է հոսում։ Հայերեն այս ջուրը «չռիկ» են անվանում, այսինքն «թափվող ջուր»», — ասաց Խաչատրյանը։

Sputnik Արմենիայի զրուցակիցն ավելացրեց, որ երիտասարդներն այս վայրն այլ կերպ են անվանում` «Բիձի գյոլ», այսինքն` «Մեծահասակների կիրճ»։

«Սակայն նրանք էլ են միանում մեզ` առողջ ապրելակերպ են վարում։ Մենք էլ փորձում ենք նրանց փոխանցել մեր ոգին և մարզական փորձը։ Շատերն այստեղ են գալիս հեծանիվներով։ Անձամբ ես հեծանվով եմ տեղաշարժվում արդեն 30 տարի, 3 հեծանիվ եմ այս ընթացքում փոխել։ Առողջ ապրելակերպն ինձ օգնում է, և որոշ մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե քանի տարեկան եմ ես իրականում», — ասաց Ռոբերտը` նշելով, որ իր տարիքից ավելի երիտասարդ է զգում իրեն։

Армянские мужчины пропагандируют здоровый образ жизни на берегу реки Раздан
© Sputnik/ Asatur Yesayants
Հայ տղամարդիկ մարզվում են Հրազդանի կիրճում

Նախկին սպորտի վարպետն ավելացրեց նաև, որ գետի ափին հազվադեպ, սակայն հայտնվում են «ամազոնուհիներ», նրանցից մեկը վազորդ է և նախկին չեմպիոն։

Ե´վ անձրևին, և´ ձյանը

Մշտական այցելուներից մեկը` Կարենը, նշեց, որ փորձառու մարզիկները պատրաստ են ջուրը մտնել ամբողջ տարին, թեև ջրի ջերմաստիճանն ամռանը +13 է լինում։

«Լողում ենք և չենք հիվանդանում։ Իհարկե, հիմնական նպատակը լավ ֆիզիկական վիճակում լինելն է։ Ես ամեն օր այստեղ ոտաբոբիկ 6-7 կմ քայլում եմ։ Հետո մարզասարքերով եմ մարզվում, դրանից հետո էլ գնում եմ լողալու։ Ոտաբոբիկ քայլելը օգտակար է, դա ամրացնում է իմունային համակարգը», — ասաց նա։

Կարենի խոսքով` բնության գրկում տղամարդիկ շփվում են միմյանց հետ, հաց ուտում և քննարկում քաղաքական նորությունները։
Տղամարդիկ գնացին Չռիկի մոտ լողալու։ Տեսարանը Շվեյցարիայի որևէ գյուղ է հիշեցնում` ոչ մի տուն կամ բարձրահարկ շենք, միայն ծառեր, բնություն, կարկաչուն գետ և բնության հետ ընկերացած մարդիկ։

Գլխավոր թեմաներ