01:23 26 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP581.09
  • EUR526.40
  • RUB7.25
Ուսանողներ

Երևանը գերհագեցած է «դիպլոմավոր» մասնագետներով

© Sputnik / Владимир Федоренко
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
51 0 0

Հայաստանի մայրաքաղաքում դիպլոմ ունեցող մասնագետները շատ են, իսկ մարզերում բարձրակարգ մասնագետների պակաս է զգացվում

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Երևանում բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների պահանջարկը զգալիորեն ավելի քիչ է, քան մարզերում, բայց բուհերի շրջանավարտների մեծ մասը հենց Երևանում է բնակվում:

Զբաղվածության պետական գործակալությունում Sputnik Արմենիային հայտնեցին, որ բարձրագույն կրթություն պահանջող թափուր աշխատատեղերի թիվը Երևանում անհամեմատ քիչ է, քան մարզերում: Մայրաքաղաքում պահանջարկ ունեն վաճառողները, մատուցողները, ավտոմեքենա նորոգողները, վարսավիրները (դիմահարդար, կոսմետոլոգ), խոհարարները, հեռախոսային օպերատորները: Մարզերում էլ բժիշկների, ուսուցիչների, դաստիարակների ու հաշվապահների կարիք կա:

Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի հետ:

Տնտեսագետի խոսքով` Հայաստանում բարձրագույն կրթություն ունեցող 250-300 հազար աշխատող կա (զբաղվածություն ունեցողների թիվը 1 մլն 72 հազար է): Մարզերում բարձրագույն կրթություն ունեցող աշխատողների թիվը հասնում է 50 հազարի:

«Մյուսները Երևանում են, այդ պատճառով էլ մարզերում բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների պահանջարկ կա», — ասաց Խաչատրյանը:
Փորձագետի կարծիքով՝ պատճառն այն է, որ երիտասարդների մեծ մասը կրթություն է ստանում Երևանում և հրաժարվում է մարզեր գնալ:

Բարձրագույն կրթություն ունեցողներն էլ բախվում են աշխատանք գտնելու խնդրին, քանի որ ցանկալի աշխատավարձով ու աշխատանքային պայմաններով գործ գտնելն, իրոք, բարդ է: Հենց այդ պայմանների բացակայության պատճառով էլ երիտասարդների մեծ մասը գերադասում է մնալ Երևանում: Տնտեսագետը կարծում է, որ Երևանը երկրի հիմնական տնտեսական կենտրոնն է, և տնտեսական մի շարք ցուցանիշներ ավելի բարձր են, քան բոլոր մարզերի ընդհանուր ցուցանիշները միասին հաշված:

Խաչատրյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ բուհական կրթություն ունեցողները մասնագիտացման խնդիրներ են ունենում:

«Դիպլոմի առկայությունը դեռ չի նշանակում, որ մարդը բարձրակարգ և որակյալ մասնագետ է, լուրջ գիտելիքներ ունի: Դիպլոմ ունեցողներ կան, որոնք չեն համապատասխանում շուկայի պահանջներին: Կարելի է ասել, որ Երևանում կենտրոնացել են ոչ թե լուրջ մասնագետները, այլ՝ «դիպլոմավորները», — ասաց Խաչատրյանը:

Նրանց համար դիպլոմն առաջ գնալու փաստաթուղթ է, ոչ թե գիտելիքի ցուցանիշ:

Իրավիճակը բոլորովին այլ է միջին մասնագիտական և տեխնիկական կրթություն ունեցող մարդկանց դեպքում: Լավ մասնագետների անհրաժեշտությունը մեծ է, բայց այստեղ էլ ուրիշ նրբություն կա:

«Նրանք պահանջված են արտերկրում: Օրինակ՝ Ռուսաստանում հենց նման կրթության մակարդակ ունեցող մարդիկ մեծ պահանջարկ ունեն, քանի որ նրանք լիովին համապատասխանում են ռուսական աշխատաշուկայի պահանջներին", — ասաց Խաչատրյանը:

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանում սեզոնային աշխատանք փնտրողները հիմնականում աշխատում են շինարարության ոլորտում, որտեղ էլ կիրառում են իրենց մասնագիտական հմտությունները:

Գլխավոր թեմաներ