06:51 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Самодельная машина 1977 года

Երևանում հավաքված լեգենդար ավտոմեքենան բագիների արտադրության սկիզբ դրեց

© Sputnik/ Архив
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
28940

Խորհրդային Միության քարտինգների և բագիների արտադրության գործարանը միակն էր, որ բացվեց Հայաստանում, սակայն քչերը գիտեն, որ դրա բացման համար նախադրյալ դարձավ ամբողջ աշխարհը` Սովետից մինչև Ամերիկա, գրաված ավտոմեքենան։ Այն մասին, թե ինչպես է դա եղել, ինչպես նաև ավտոմեքենայի ստեղծողների մասին կպատմի Sputnik Արմենիան։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Ժամանակակից դիզայնով երկտեղանի նմանօրինակը չունեցող սպորտային ավտոմեքենան հայտնվեց Խորհրդային Հայաստանում 1977 թվականին և միանգամից գրավեց հսկայական երկրի տարածքը։ Ավտոմեքենան երկաթյա կմախք ուներ` այսպես կոչված Fiber Glass կաշվով։ Այն կարող էր մինչև 160 կմ ժամ արագությամբ շարժվել, իսկ շարժիչը 48 ձիաուժ էր։

Ամեն ինչ սկսվեց նկուղում

Խորհրդային ժամանակներում նմանօրինակը չունեցող ավտոմեքենա ստեղծելու գաղափարն առաջացավ ինժեներ-կոնստրուկտոր Ռաֆիկ Օրդյանի մոտ դեռ մանուկ հասակում։ Իր առաջին երկտեղանի ավտոմեքենան նա հավաքեց 14 տարեկանում։

«Ռաֆիկի հետ մենք ծանոթացանք Աշտարակի ֆիզիկայի ինստիտուտում։ Ինձ միանգամից գրավեց սպորտային ավտոմեքենա ստեղծելու նրա գաղափարը, և ես որոշեցի ամեն գնով օգնել նրան այդ հարցում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Օրդյանի ընկեր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Մկրտիչ Սարգսյանը, ով օգնում էր նրան իրականացնել այդ աշխատանքը։

Նրա խոսքով` Օրդյանի գաղափարը դժվար որոշումներ էր պահանջում, քանի որ ավտոմեքենան պետք է սպորտային լիներ, և այն պետք է հավաքվեր ժամանակակից նյութերով։

«Եթե Ռաֆիկը մի բան մտքին դնում էր, անպայման գործը մինչև վերջ էր հասցնում», — հիշում է Սարգսյանը։

Ավտոմեքենան ստեղծելու ժամանակ օգտագործվեց Fiber Glass նյութը, որը բավականին ամուր էր։ Սակայն հեղինակների զբաղվածության պատճառով այս նախագիծը տևեց հինգ տարի։

Самодельная машина 1977 года
© Sputnik/ Архив
Ռաֆիկ Օրդյանն իր ստեղծած ավտոմեքենայի մոտ

«Այդ ժամանակ Հայաստանում ավտոմոբիլային բում սկսվեց, յուրաքանչյուրը ձգտում էր իրենը ստեղծել, ստեղծել բացառիկ ավտոմեքենա։ Սակայն մերը տարբերվում էր ինչպես դիզայնով, այնպես էլ գրագետ մոտեցմամբ», — ասաց Սարգսյանը։

Հայկական ավտոմեքենայի հաղթարշավը Մոսկվայում

1977 թվականին Մոսկվայում նշվում էր Հոկտեմբերյան մեծ հեղափոխության 60-ամյակը, անցկացվում էր սիրողական ավտոմեքենաների և մոտոկոնստրուկցիաների շքերթ-մրցույթ` «Երիտասարդների տեխնիկա» ամսագրի կողմից շնորհվող մրցանակի համար։ Շքերթին մասնակցելու համար ժամանել էին բազմաթիվ ավտոմեքենաշինարարներ միության բոլոր հանրապետություններից։

«Հիշում եմ, թե ինչպես ժամանեցինք շքերթին, կանգնեցինք և դուրս եկանք ավտոմեքենայից։ Սկզբում ոչ ոք մեզ ուշադրություն չդարձրեց, մարդիկ մտածեցին, թե սա ֆիրմային ավտոմեքենա է, իսկ մենք` արտասահմանցիներ։ Սակայն ավտոմեքենան աղմուկ բարձրացրեց», — հիշում է Սարգսյանը։

Նրա խոսքով` այս ավտոմեքենայով հետաքրքրվեցին նաև միջոցառմանը մասնակցող ամերիկացիները։ Ավելի ուշ ավտոմեքենան ներկայացվեց Մոսկվայի ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսում, ուր ժամանել էին Լեհաստանի նախագահն ու ԽՍՀՄ կոմկուսի քաղբյուրոյի անդամները, մեքենան տեսնելու համար։

«Մենք վերադարձանք Երևան, իսկ մի քանի օր հետո մեզ զանգահարեց գեներալ Բաղրամյանը և հարցրեց` չէի՞նք կարող մենք
կրկին Մոսկվա գալ», — ասաց Սարգսյանը։

Պարզվեց, որ Խորհրդային Միության մարշալ, ԴՈՍԱԱՖ-ի նախագահ Պոկրիշկինը այդ մեքենան չի տեսել և խնդրում է հնարավորության դեպքում կրկին Մոսկվա մեկնել։ Մեկ ամիս հետո Մոսկվայում հանդիպում կազմակերպվեց ԴՈՍԱԱՖԻ անձնակազմի հետ։

«Պոկրիշկինը շատ զայրացած էր, և ռուսներին հատուկ հայհոյանքներով ասաց, որ մենք տասնամյակներով չենք կարողացել նման ավտոմեքենա հավաքել, իսկ տղաները դա արել են նկուղում», — հիշում է Սարգսյանը։

  • Ռաֆիկ Օրդյանն իր ստեղծած ավտոմեքենայի մոտ
    Ռաֆիկ Օրդյանն իր ստեղծած ավտոմեքենայի մոտ
    © Sputnik/ Архив
  • 1977 թվականին ստեղծված ավտոմեքենան
    1977 թվականին ստեղծված ավտոմեքենան
    © Sputnik/ Архив
  • 1977 թվականին ստեղծված ավտոմեքենան
    1977 թվականին ստեղծված ավտոմեքենան
    © Sputnik/ Архив
  • 1977 թվականին ստեղծված ավտոմեքենան
    1977 թվականին ստեղծված ավտոմեքենան
    © Sputnik/ Архив
  • 1977 թվականին ստեղծված ավտոմեքենան
    1977 թվականին ստեղծված ավտոմեքենան
    © Sputnik/ Архив
1 / 5
© Sputnik/ Архив
Ռաֆիկ Օրդյանն իր ստեղծած ավտոմեքենայի մոտ

Գործարանի նախապատմությունը դարձած ավտոմեքենան

Այս ավտոմեքենայի ստեղծման գաղափարը Հայաստանում քարտինգների և բագիների արտադրման սկիզբ դրեց։ Արդյունքում բացվեց պետական նշանակություն ունեցող նման ավտոմեքենաների արտադրության գործարան։ Այդ հիմքով 80-90-ական թվականներին ստեղծվեցին ռազմական բագիները, որոնք շատ օգնեցին ղարաբաղյան պատերազմի ժամանակ։

Որոշվեց սպորտային ավտոմեքենաներն օգտագործել ռազմական նպատակների համար։ Աշխարհի բոլոր բանակներում նման պրակտիկա արդեն գոյություն ուներ։

«Պաշտպանության նախարարն այն ժամանակ Վազգեն Սարգսյանն էր։ Մենք պատմեցինք նրան ավտոմեքենայի մասին, ցույց տվեցինք լուսանկարը։ Նա հետաքրքրվեց, թե ինչ է հարկավոր դրա արտադրության համար։ Մենք պատասխանեցինք, որ ոչինչ, միայն լույս, որ կարողանանք աշխատել», — ասաց Սարգսյանը։

Նախարարը հավանություն տվեց նախագծին, իսկ առաջին փորձնական ավտոմեքենան պատրաստ էր երեք ամիս անց։ Օրդյանի ընկերը հիշում է, որ Վազգեն Սարգսյանին այն շատ դուր եկավ, և դրա արտադրության պատվերը միանգամից տվեցին։

Կարճ ժամանակահատվածում հարյուրից ավելի ավտոմեքենա արտադրվեց, որոնք կիրառվեցին տարբեր ոլորտներում։ Ղարաբաղյան պատերազմից հետո հայկական «ջիպեր» և «համերներ» ստեղծելու փորձ արվեց։ Հինգ նման ավտոմեքենա արտադրվեց, սակայն շուտով այդ նախագիծը փակվեց։

Գլխավոր թեմաներ