00:06 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Կարեն Գրիգորյան

Երգահան–շոկոլադագործ. շոկոլադը պետք է ծնվի գիշերը

Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
51 0 0

Գործարանում և ձեռքով պատրաստված շոկոլադի տարբերությունների, շոկոլադի շուրջ հյուսված լեգենդների մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում պատմեց երգահան, արդեն նաև շոկոլադագործ Կարեն Գրիգորյանը։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Գործարանում` զանգվածային սպառման համար և ձեռքով` քիչ քանակությամբ պատրաստված շոկոլադի միջև շատ տարբերություններ կան, ասաց Կարեն Գրիգորյանը, ով բացել է սրճարան և այցելուներին հրամցնում է իր իսկ ձեռքով պատրաստած շոկոլադ։

Նա պատմեց, որ շոկոլադ պատրաստելու և խանութ-սրճարան բացելու գաղափարը ծնվեց անցյալ տարվա ձմռան ցուրտ օրերին, երբ ազատ ժամանակ կար և լավ, հենց նոր պատրաստված շոկոլադ համտեսելու մեծ ցանկություն։

«Սկսեցինք շոկոլադի ամենանախատիպային պատրաստման եղանակը կրկնօրինակելուց, խոսքը ավանդական ձևի մասին է, այնպես, ինչպես մայաներն էին պատրաստում` շոկոլադե հեղուկներ և այլն։ Սկսեցինք ուսումնասիրել, ու շատ հետաքրքիր էր։ Շատ լեգենդներ կան շոկոլադի արվեստի հետ կապված, անգամ` միստիկական ավանդույթներ։ Շատ նոր բաներ բացահայտեցի ու ավելի սիրեցի շոկոլադը»- պատմեց Գրիգորյանը։

Նա նշեց, որ ձեռքով պատրաստվող շոկոլադն ունի մի շարք թերություններ, որոնցից ամենահիմնականը պահպանման ժամկետն է` առավելագույնը 3 ամիս` սառնարանային պայմաններում, + 14 աստիճանում, որը շոկոլադը պահելու լավագույն ջերմաստիճանն է։ Իսկ գործարանում պահպանման ժամկետը երկարացնելու համար ավելացվում են տարբեր հավելումներ` E-եր, որոնք նաև համն են փոխում։

«Մենք աշխատում ենք օգտագործել բարձր տեսակի հումք, հնարավորինս իջեցնել շաքարի քանակությունը, քաղցրությունն ապահովել ավելի շատ չոր մրգերի կամ այլ բնական հումքի հաշվին։ Մարդիկ սա համտեսելով` ասում են` սա իսկական շոկոլադ է։ Գուցե նաև կակաոյի բարձր պարունակությունն է նման համ ապահովում»- կարծում է երգահան-շոկոլադագործը։

Գրիգորյանն ընդգծեց, որ ձեռքով պատրաստելու առավելությունը խնամքն է, հոգի ու սեր է դրվում շոկոլադի մեջ։ Շոկոլադներն էլ տարբեր են ստացվում, մեկը մյուսին նման չեն. «և սա է հետաքրքիր, իրականում սա նման է ինչ-որ մշակույթի, արարողության, քան սննդի»։

«Մայաները կարծում էին, որ շոկոլադը դրախտի պտուղ է, որ այն ունակ է բուժել մի շարք հիվանդություններ, աստվածային էներգիա է տալիս, ու պատերազմներից առաջ որպես կենսահյութ` խմում էին հենց շոկոլադի ըմպելիք չիլիով և այլ համեմունքներով»,- շոկոլադի մասին հին պատկերացումները հիշեց Գրիգորյանը։

Նրա խոսքով` Եվրոպայում էլ կարծում էին, որ շոկոլադը կնոջ սեքսուալությունն է բարձրացնում։

«Դառը շոկոլադը ուղեղի աշխատանքն է լավացնում։ Լավ շոկոլադ խորհուրդ եմ տալիս բոլորին` չափավոր քանակությամբ, քանի որ մեծ քանակությամբ այն կարող է նաև վտանգավոր լինել. ազդում է նյարդային համակարգի վրա և մարդուն ավելի նյարդային է դարձնում։ Շոկոլադը պետք է լինի հաճելի պահ, այլ ոչ թե սննդակարգի մի մաս, դա քաղցը հագեցնելու համար չէ»,- խորհուրդ տվեց Գրիգորյանը։

Նա մասնավորեցրեց, որ օրական 100 գրամից ավելի շոկոլադ պետք չէ ուտել։ Իսկ ամենահամեղը, նրա կարծիքով, 72 տոկոսանոց դառը շոկոլադն է։

Գրիգորյանը պատմեց, որ շոկոլադի պատրաստման համար կարևորը կակաոյի փոշին և կակաոյի յուղը տրորելով միատարր դարձնելն է, որը եթե ձեռքով ես անում, մոտ 3 ժամ է տևում։ Այդուհանդերձ, ինքը ամեն ինչ ձեռքով է անում, իր իսկ ձեռքով, որ «լավ էներգիա մտնի շոկոլադի մեջ»։

«Սա բիզնես չէ, այլ հաճելի աշխատանք շոկոլադի հետ, ինչով էլ զբաղվեմ, սա ինձ չի խանգարում։ Ստեղծելը մեծ բան է, ավանդույթ հիմնելը` ևս»,- ընդգծեց նա։

Երգահան-շոկոլադագործը նշեց, որ երաժշտությունն ու խոհանոցը ստեղծված են միմյանց համար։

«Շոկոլադ ստեղծելու ժամանակ որևէ երաժշտություն ենք լսում, և անկախ մեզանից` երաժշտությունն ազդում է։ Առանց երաժշտության խոհարարական արվեստն էլ չի կարող գոյություն ունենալ, որովհետև ոգևորում է պետք, որ օրինակ, գիշերը շոկոլադ պատրաստես։ Իսկ մենք հենց գիշերն ենք պատրաստում։ Նման ավանդույթ էլ կա. շոկոլադը պետք է պարտադիր գիշերը պատրաստել, պետք է գիշերը ծնվի, որ արևի լույս չտեսնի, իսկ առավոտյան պետք է պատրաստ լինի, որ իրեն համտեսեն»,- նշեց Գրիգորյանը։

Նա նաև հավաստիացրեց, որ շոկոլադագործությունը զուտ հրապուրանք չէ իր համար, «այն դեռ եկար կտևի»։

Գլխավոր թեմաներ