19:25 25 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.87
  • GBP626.79
  • EUR528.43
  • RUB7.75
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
48840

Ամերիկահայ միլիարդատեր և բարերար Քըրք Քըրքորյանը միշտ սիրով և պատրաստակամությամբ օգնել է հայրենիքին։ Սակայն նա կյանքից հեռացավ Հայաստանի իշխանությունների պահվածքից վրդովված, արգելելով որևէ առնչություն ունենալ իր կտակի հետ։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Sputnik Արմենիան Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ շարունակում է հիշել երկրի ազգային հերոսներին, որոնց թվում է նաև ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանը (1917-2015)։

Որոշ փաստեր հայտնի գործարար կյանքից։

Անձը

1. Քըրքորյանը զբաղվել է բարեգործությամբ և հատուկ ուշադրություն հատկացրել պատմական հայրենիքին` Հայաստանին։ Սպիտակում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար նրա «Լինսի» հիմնադրամը մի քանի հարյուր միլիոն դոլար է հատկացրել։ Նա գումարներ է տրամադրել պատմական հուշարձանների վերականգնման, ինչպես նաև կրթության և զբոսաշրջության ոլորտների զարգացման համար։

Այդ միջոցներով երկրում վերանորոգվել է 34 մշակութային օբյեկտ, դժվար հասանելի լեռներում կառուցվել է Սևան-Դիլիջան թունելը, որը կարևոր նշանակություն ունի Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքի զարգացման համար։ Ստացված միջոցների մի մասը դրամաշնորհների տեսքով տրամադրվել է հայ գիտնականներին։ Նույն առատաձեռնությամբ նա հսկայական գումարներ է հատկացրել Լեռնային Ղարաբաղի հիմնադրամին` աջակցելով անկախության համար պայքարին։

2. Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Քըրք Քըրքորյանն արժանացել է Ազգային հերոսի կոչման և պարգևատրվել «Հայրենիք» շքանշանով։

3. Քըրքորյանն առեղծվածային և նույնիսկ փակ անձնավորություն էր։ Ինչպես պատմում են նրա մտերիմները, միլիարդատերը խուսափում էր իր անձի նկատմամբ ավելորդ ուշադրությունից, միաժամանակ սիրում էր ժամանակ անցկացնել ընտանիքի և ընկերների հետ։ Հենց դրանով է նա տարբերվել այլ հայտնի գործարարներից։ Չի ցուցադրել իր կարողությունը, այլ զբաղվել է բարեգործությամբ։ Իր եզակի հարցազրույցներից մեկում ասել է. «Շքեղ կյանքով հիմա ոչ մեկին չես զարմացնի։ Հատկապես միլիարդատերերին։ Հարստությամբ զարմացնում են նրանք, ովքեր ուրիշ ոչնչով չեն կարող զարմացնել շրջապատին»։

4. Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին նշել է, որ Քըրքորյանի ֆինանսական աջակցությունը երբեք չի սահմանափակվել մեկ ծրագրով կամ մեկ երկրով։ Արդունու խոսքով` Քըրքը հիրավի մեծ անձնավորություն էր, և նրա աշխատանքը ոգեշնչել է հայերի մի քանի սերունդների։ Բրայանը նշել է, որ աշխարհասփյուռ հայությունը միշտ զգացել է Քըրքորյանի աջակցությունը և խորապես տխրել է նրա վախճանի մասին լուրից։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ Քըրքորյանի ավանդն ահռելի է սփյուռքի պահպանման գործում։ Նրա կարծիքով` Քըրքորյանի աջակցությունը բացառիկ դեր է խաղացել սփյուռքի պահպանման գործում ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Մերձավոր Արևելքում և ողջ աշխարհում։

5. Գործարարը կարծում էր, որ իր հաջողության գաղտնիքն ինչ-որ առեղծվածային ձիրքի մեջ չէ, այլ` տարրական զգուշության։ Նա թերթեր է վաճառել և չի խուսափել աշխատանքից։ Պատանի հասակում զբաղվել է ավտոմոբիլային բիզնեսով։ Գնել է հին օգտագործված մեքենաներ` յուրաքանչյուրի դիմաց վաստակելով 1015 դոլար։ Բայց առաջին միլիոնը վաստակել է ոչ թե ավտոմեքենաների, այլ ինքնաթիռների միջոցով։ 1940թ-ին Քըրքորյանը ստացել է կոմերցիոն օդաչուի և հրահանգիչի որակավորում։ Իմանալով, որ Air Transport RAF ասոցիացիայի ռազմական ինքնաթիռները չվերթեր են իրականացնում Կանադայից Եվրոպա, նա մեկնել է Մոնրեալ և նույն օրն անցել ծառայության։ Մեկ չվերթի համար նրան հազար դոլար են վճարել։ Ավելի ուշ գործարարը խոստովանել է, որ նման փողերի մասին նույնիսկ երազել չէր կարող։

Առյուծի ցատկ բիզնեսում

1. «Լինսի» հիմնադրամն իր գործունեության 22 տարիների ընթացքում Հայաստանին է տրամադրել շուրջ 1 միլիարդ դոլար։ Ավելի ուշ պարզվել է, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ յուրացրել են տրամադրած վերջին 200 մլն դոլարի մեծ մասը։ Իմանալով այդ մասին` Քըրքորյանը վրդովվել է և դադարեցրել ֆինանսավորումը։ Այդ գումարները պետք է հատկացվեին հայկական ճանապարհների հիմնանորոգմանը։ Իր կտակում նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ ներառված չլինեն իր ունեցվածքի բաժանման մեջ։

2. 2015թ-ին Քըրքորյանի ունեցվածքը գնահատվել է 4,2 մլրդ դոլար։ Բիզնեսում ունեցած ձեռքբերումների համար նրան անվանում են «առյուծ, «հայր», «արծիվ» և «բարոն»։ Զվարճանքների ոլորտում ունեցած առաջին ֆինանսական հաջողություններից հետո նրան սկսել են անվանել համաշխարհային բիզնեսի կենդանի լեգենդ։

3. ԱՄՆ-ի բանկերը նրան տրամադրել են վարկեր, որոնք հինգ անգամ գերազանցել են փոխատվության չափը, ի դեպ առանց երաշխիքի, այսինքն` դիմացը գրավ չպահանջելով։ Դա հավասարազոր է հրաշքի` միլիոններ` ազնիվ խոսքի դիմաց։ «Քըրքորյանն արժանի է նման վերաբերմունքի»,- ասել է Bank of America-ի փոխնախագահներից մեկը։ «Քըրքորյանը երբեք չի հարստանում մանր բաժնետերերի հաշվին։ Եթե դուք ներդրում եք կատարում Քըրքորյանի կապիտալում, ապա ունեք նույն առավելությունները, ինչ նա»,- գործարարի մասին գրել է Forbes ամսագիրը։

4. ԱՄՆ-ի խոշորագույն կորպորացիաներից մեկը` Tracinda Corporation-ը, գործարարի երկու դուստրերի անունների համադրությունն է` Tracy և Linda։

5. Քըրքորյանը International Hotel հյուրանոցային համալիրի սեփականատերն էր, որի բացմանը ներկա են եղել Բարբարա Սթրեյզանդը և Էլվիս Փրեսլին։ Վերջինի ելույթը հիանալի գովազդ է եղել։ Հենց Քըրքորյանն է համոզել Փրեսլիին բեմ վերադառնալ 20-ամյա ընդմիջումից հետո, և հետագա 7 տարիների ընթացքում Էլվիսը տարեկան երկու ամիս ելույթ է ունեցել International Hotel-ում։

6. Քըրքորյանը General Motors-ի (GM) ոչ միայն ամենախոշոր, այլ նաև ամենաբարդ սեփականատերերից էր։ Նա հանդես է եկել GM-ի և Renault-Nissan ֆրանս-ճապոնական կոնցեռնի միավորման օգտին` GM ընկերությունը խորը ճգնաժամից դուրս բերելու համար։

7. Քըրքորյանն այն անհատներից է եղել, որոնք Լաս Վեգասը մոլորակի ամենահայտնի քաղաքներից մեկն են դարձրել։ Լաս Վեգասի ժամանակակից տեսքը` շողշողացող հյուրանոցներով և կազինոներով, շատ առումներով Քըրքորյանի արժանիքն է։

Գլխավոր թեմաներ