23:59 18 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Snapchat ակնոցներ

Այ քեզ բան. Թռչող բեռնատարը, մեր տղերքը, Snapchat-ի ակնոցն ու սամսունգյան նորությունները

© Techcrunch
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
304330

Sputnik Արմենիան ներկայացնում է նախորդ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած այն կարևոր իրադարձությունները, որոնք վերաբերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Լուրեր, որոնք կարդալիս կամ լսելիս մարդն իրեն հազիվ է զսպում, որ չասի՝ այ քեզ բան:

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի- Sputnik, Գոռ Մարգարյան. Այս շաբաթվա ամենակարևոր նորությունները, թերևս, պատրաստել են Samsung-ը, հայ ծրագրավորողներն ու ճապոնացիները:

Երեք նորություն Samsung-ից

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը ունի միանգամից երեք նորություն, մեկը՝ լավ, մյուսը՝ վատ, երրորդը՝ զարմանալի: Չգիտեմ, թե դուք որի մասին կուզեիք առաջինը լսել, այդ պատճառով սկսում եմ լավ նորությունից: Samsung-ը դեռևս հոկտեմբերի սկզբին գնել էր հանրահայտ Siri ձայնային օգնականը ստեղծողների հիմնած Viv Labs ստարթափը, իսկ հիմա պատրաստվում է ներկայացնել ձայնային օգնականի իր սեփական տարբերակը: Տեխնոլոգիական հսկան ոչ միայն հաստատել է լուրը, այլև մանրամասնել, որ ձայնային հավելվածը ներկայացվելու է նոր Galaxy S8 սմարթֆոնի հետ:

Հաջորդ լուրը պիտի որ տխրեցնի սամսունգասերներին. ընկերությունն իր Galaxy S8-ի շնորհանդեսը հետաձգել է մինչև ապրիլ: Իսկ թե ինչու՞, ասեմ. ինքնահրկիզվող մարտկոցների հայտնի անհաջողությունից հետո ասիական գերհսկան ցանկանում է 100 %-ով վստահ լինել իր նորույթի որակի ու անվտանգության հարցում և երկարաձգել է S8-ի փորձարկման ժամկետը: Ընկերության իմիջը «պայթեցրած» մոդելից հետո Samsung-ն իր նորույթով պետք է զարմացնի ու հիացնի սպառողին ու փորձի վերականգնել նրա վստահությունը, որն, իմ կարծիքով, շատ դժվար կլինի:

Անցնող շաբաթը կարելի է կորեական համարել: Samsung-ը հայտարարել է նաև, որ ծալվող էկրանով սմարթֆոն է արտադրելու: Տեղեկություններ կան, որ գաջեթը կունենա օժանդակ էկրան, որը կակտիվանա սմարթֆոնի ծալված ժամանակ։ Վերջապես բացահայտվում է, թե ինչու է Samsung-ն իր արտադրանքի սերիան կոչել Galaxy: Հավանաբար այս մոդելը կապացուցի, որ սամսունգցիները տիեզերական արարածներ են: Ծալվող էկրանով սմարթֆոնն ամենայն հավանականությամբ կներկայացվի 2017-ի սկզբին։

Apple-ի արտադրանքը գերագնահատվա՞ծ է

Հաջորդ լուրը կորեացիների գլխավոր մրցակից՝ ամերիկյան Apple-ն է վերաբերում: Շվեյցարական UBS ֆինանսական կոնգլոմերատի ներդրումային բաժինը սոցիոլոգիական հարցում է կատարել և վերլուծելով տվյալները հայտարարել, որ Apple տեխնոլոգիական ընկերության արտադրանքը գերագնահատված է: UBS-ի վերլուծաբանները հարցում են կատարել տարբեր երկրներում ապրող մոտ 6500 մարդու շրջանում: Հարցվածների ընդամենը 20 % է կարծում, որ Apple-ի որակն ու գինը համապատասխան են, իսկ «խնձորի» ոխերիմ հակառակորդ Samsung-ը ճիշտ գնահատված է համարել 48%-ը:

Հարցմանը մասնակցածների 30 տոկոսի մոտ Apple բառն ասոցացվում է լյուքս դասի հետ: Samsung-ն այստեղ նույնպես առաջ է անցել իր ամերիկացի մրցակցից և հավաքել է մեկ տոկոսով ավելի ձայն:

Հարցվածների 54 տոկոսը վստահում է կորեական արտադրանքին, իսկ սիլիկոնյան հովտում ծնված գաջեթն այս անվանակարգում նույնպես հավաքել է ավելի քիչ միավոր: Սրանից կատարեք ձեր եզրակացություններն ու ինքներդ ձեզ հարցրեք` արդյոք ձեր սմարթֆոնն իր հնարավորություններով արժի այնքան, որքան վճարել եք դրա համար:

Snapchat-ն ակնոց է արտադրում

Դուք օգտվու՞մ եք Snapchat-ից, դու՞ք էլ եք սիրում Snapchat-ի ֆիլտրերն ու ֆոտոներում մարդկանց դեմքը փոխելու զվարճալի հնարավորությունը: Snapchat-ը փորձում է հետ չմնալ Գուգլից, որը վերջերս թողարկել էր իր խելացի ակնոցը: Ամերիկյան Snapchat ընկերության արտադրած ակնոցը հայտնվել է վաճառքում: Այն համալրված է առաջին հայացքից աննկատ տեսախցիկով, ինչպես նաև սմարթֆոնի հետ փոխգործակցելու հնարավորություն ունի:

Նորույթը հնարավորություն է տալիս մինչև 30 վայրկյան տևողությամբ տեսանյութ նկարահանել և անմիջապես տեղադրել Snapchat-ում: Հիշեցնեմ, որ որոնողական հսկայի Google Glass ակնոցի վաճառքն արգելվեց տարբեր երկրներում: Մարդկանց ու իշխանություններին դուր չեկավ, որ առանց դիմացինին զգուշացնելու նրան նկարահանում և տեղադրում են համացանցում: Google-ի անհաջողությունից հետո Snapchat-ի այս ձեռնարկը, եթե չասեմ հիմարություն, ապա շատ համարձակ քայլ եմ համարում: Ինչևէ, ակնոցն արդեն վաճառվում է համացանցային հայտնի խանութում և, կախված հնարավորություններից, գնահատվել է 300-950 դոլար:

Հայերը հաղթեցին

Սենսացիա. վրացական GiTi ամենամյա ՏՏ տարածաշրջանային մրցանակաբաշխության The Best Multimedia Project անվանակարգում հաղթել է հայկական Arloopa ընկերությունը: Մեր տղերքը GITI ինովացիոն լուծումների և կիբեռանվտանգությանը նվիրված կոնֆերանսին ներկայացրել էին մեր interiAR հավելվածը, որն ամբողջովին փոխում է ինտերիերային գնումներ կատարելու պատկերացումները: interiAR-ը լրացված իրականության տեխնոլոգիայով տան կահավորման լուծում է առաջարկում, որը շուկայում առկա նմանատիպ այլ ծրագրերից տարբերվում է նրանով, որ չի ներկայացնում որևէ մեկ բրենդ, այլ հարթակ է ծառայում ցանկացած ընկերության համար: Ծրագիրը հնարավորություն է տալիս որևէ իր գնելուց առաջ դրա լուսանկարը տեղադրել ձեր ինտերիերում և պարզել, թե ինչքանով է այն համապատասխանում ձեր ճաշակին ու համադրվում սենյակի հետ: Հայկական ընկերությունն այժմ պատրաստվում է համագործակցել տարբեր ապրանքանիշների հետ, որոնք իրենց կատալոգը կցանկանան ներառել հավելվածում:

Թռչող բեռնատարը

Ճապոնացիների երևակայությունը կրկին հատել է հնարավորի ու անհնարի սահմանագիծը: Prodrone ընկերությունը ստեղծել է մի դրոն, որն օդում սավառնելով բեռներ է տեղափոխում: Սարդ կամ նույնիսկ ջահ հիշեցնող այս սարքը կարող է 20 կիլոգրամ բեռ տեղափոխել, ունի երկու ձեռք, որոնց եզրերին ասես ճանկեր լինեն: Միայն մի «ձեռքով» կարողանում է 10 կիլոգրամանոց բեռ տեղափոխել: Դրոնը կարող է թռչել 60 կիլոմետր/ժամ արագությամբ և բարձրանալ մինչև 5 կիլոմետր, մարտկոցը բավարարում է 30 րոպե թռիչքի համար: Այս սարքը կարող է փրկարար դեր ունենալ տարբեր իրավիճակներում, օրինակ՝ փրկօղակ հասցնել ջրում խեղդվողին, պիցցա կամ սառը ըմպելիք՝ սովածներին ու ծարավածներին, ծաղկեփունջ ու խաղալիք արջուկ՝ սիրած աղջկան: Ի վերջո, եթե ժամանակին Կարմիր գլխարկն ունենար այս դրոնից, տատիկին կարկանդակ հասցնելու համար ստիպված չէր լինի կռիվ տալ «անշնորհք» գայլի հետ:

Գլխավոր թեմաներ